Սարկոզիի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը- Պարոն նախագահ, վաղը առաջին անգամ կայցելեք Հայաստան: Որոնք են Ձեր սպասելիքները այցից:- Այս այցը մեծ նշանակություն ունի ինձ համար: Վաղուց էի ցանկանում ձեր երկիր այցելել: Ի դեպ, այդ մասին ասել էի Նախագահ Սարգսյանին` նրա ընտրվելուց անմիջապես հետո, երբ նա ինձ հրավիրել էր: Դա ինձ համար ավելին էր, քան ցանկություն, ես անգամ չէի կարող մտածել Հայաստան չգալու մասին, որն այդքան մոտ է Ֆրանսիային: Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի հետ համընկնող այս այցը միայն ուժեղացնում է նրա խորհրդանիշը:Ցանկանում եմ, որ այս պետական այցը, նախորդ շաբաթ Նախագահ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո, առիթ հանդիսանա տոնելու մեր երկու երկրներին եւ երկու ժողովուրդներին միավորող բացառիկ կապերը:Մեր բարեկամությունն իր արմատներով խորացած է պատմության մեջ, որը սակայն մեկընդմիշտ կոփվեց ցեղասպանության ողբերգության մեջ, երբ Ֆրանսիան ապաստան տվեց ջարդերից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերին:Ֆրանսիան եւ Հայաստանը միավորող անքակտելի կապը վերջնականապես կնքվեց հենց այդ պահին, հայ ժողովրդի ապրած այդ ահավոր փորձության սարսափի մեջ, անասելի այդ ողբերգության մեջ, որն, ի դեպ, ամեն ոք պետք է համարձակություն ունենա կոչել իր անունով` ցեղասպանություն: Ֆրանսիան հպարտ է, որ առաջինն է պաշտոնապես ճանաչել այն օրենքի ուժով:Այցս նաեւ միջոց է արտահայտելու Ֆրանսիայի երախտագիտությունը հայկական արմատներ ունեցող հարյուր հազարավոր ֆրանսիացիների հանդեպ, առանց որոնց Ֆրանսիան չէր լինի այն Ֆրանսիան, ինչպիսին այսօր է: Մարդկային բացառիկ այս կապերի մեջ է, որ բաբախում է ֆրանս-հայկական հարաբերություններ սիրտը: Դրանք են, որ մեր երկու ժողովուրդները դարձնում են ավելի քան բարեկամներ` քույրեր:Վերջապես, այս պահին, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 20-ամյակը, այցը նաեւ միջոց է հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդին: Տարածաշրջանային բարդ պայմաններում դուք շատ բան եք արել. կերտել եք ժողովրդավարություն, հաջողությամբ իրականացրել եք անցում դեպի շուկայական տնտեսության, կարեւոր եւ հարգված դերակատարություն ունեք միջազգային հարթակում:Իհարկե, շատ մարտահրավերներ դեռ մնում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որին Ֆրանսիան խորապես ներգրավված է իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:Կասկած չունեմ, որ ձեռնարկված քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները շարունակելով, Հայաստանին կունենա փայլուն ապագա: Հայաստանը միշտ կարող է հույսը դնել Ֆրանսիայի վրա:- Ի՞նչ կարծիքի եք մեր երկրների հարաբերությունների մակարդակի մասին: Ըստ Ձեզ, ո՞ր ոլորտներում դրանք պետք է ավելի խորացվեն:- Մեր հարաբերությունները գերազանց են: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Նրանք հենվում են եզակի բարեկամության վրա, որի մասին քիչ առաջ հիշատակեցի, եւ մարդկային կապերի վրա, որոնցով շաղախված են ֆրանս-հայկական կապերը:Մեր երկրների միջեւ փոխադարձ ձգողականություն կա, երկուստեք տարվածություն, որոնք 4 տարի առաջ արտահայտվեցին “Հայաստան`իմ բարեկամ” խորագրով Ֆրանսիայում Հայաստանի տարվա եւ մեկ տարի անց Հայաստանում անցկացված Ֆրանսիական օրերի ընթացքում:Վերջին տարիներին մեր երկրները բարձրակարգ համագործակցություն են ծավալել բազմաթիվ ոլորտներում` տնտեսական, կրթության, գիտահետազոտական եւ մշակութային: Սակայն ես կցանկանայի, որ մենք ավելի հեռուն գնայինք:Տնտեսական առումով, 20 տարի առաջ, անկախության ձեռքբերումից հետո, Ֆրանսիան եղել է ձեր կողքին, ուղեկցել ձեզ տնտեսական զարգացման գործընթացում. ֆրանսիական բազմաթիվ ձեռնարկություններ ընտրել են Հայաստանը: Ֆրանսիական ներդրումների ծավալն աճում է առանձնահատուկ դինամիկայով: Պատահական չէ, որ այսօր Ֆրանսիան օտարերկրյա երկրորդ եւ արեւմտյան առաջին ներդրողն է Հայաստանում:Սակայն մենք կարող ենք եւ պետք է ավելին անենք: Օրինակ, պետք է ավելացնենք առեւտրային շրջանառությունը, որի ծավալները դեռեւս համեստ են: Ցանկանում եմ նաեւ, որ ավելի մեծ թվով ֆրանսիական ձեռնարկություններ` մեծ ու փոքր, հաստատվեն այստեղ եւ օժանդակեն տնտեսական զարգացմանը: Այս իմաստով, “Ֆրանս-հայկական գործարար ակումբը” գերազանց նախաձեռնություն է: Այն հանդիպման վայր կծառայի հայ եւ ֆրանսիացի ձեռնարկությունների համար, ծրագրերի ինկուբատոր կլինի, որոնցից օգուտ կքաղեն մեր երկու երկրների տնտեսությունները:Կրթությունը մեր համագործակցության մեկ այլ ուժեղ կողմն է: Մի կողմից, մենք ունենք երկլեզու ուսուցմամբ եւ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ, մյուս կողմից` Հայաստանում Ֆրանսիական համալսարան, որտեղ իրավաբանության, կառավարման եւ շուկայագիտության ֆակուլտետներում ուսանում են 800 ուսանողներ: Պակասում է միջանկյալ օղակը, այսինքն` ֆրանսերենի դասավանդումը միջնակարգ դպրոցներում: Սրա վրա պետք է կենտրոնանան մեր ջանքերը: Այսպիսով, կկարողանանք մեր տրամադրության տակ ունենալ համընդգրկուն ցանց`մանուկ հասակից մինչեւ համալսարան, Հայաստանի վաղվա բարձրակարգ կադրերի պատրաստման համար:Վերջին տարիներին զարգացել է նաեւ մեր համալսարանական համագործակցությունը: Յուրաքանչյուր տարի ֆրանսիական բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում են ավելի քան 750 հայ ուսանողներ: Ֆրանսիան հայ ուսանողներ ընդունող երկրորդ երկիրն է: Կարող ենք ավելին անել: Ցանկանում եմ, որ ավելի մեծ թվով հայ ուսանողներ գան Ֆրանսիա կրթություն ստանալու, որպեսզի հետագայում ձեր երկիրը կարողանա օգտվել նրանց ձեռք բերած գիտելիքներից եւ փորձից:Վերջապես, ցանկանում եմ, որ շարունակենք խորացնել մեր գիտական եւ մշակութային համագործակցությունը:- Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է: Հայաստանի եւ Ադրբեջանի մասին խոսելիս շատ փորձագետներ հղում են կատարում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայի եւ Գերմանիայի փորձին, երբ չնայած հակասություններին, Փարիզն ու Բոննը ուժ գտան հաշտվելու եւ այսօր հանդես են գալիս որպես Եվրամիության ամենամոտ դաշնակիցները եւ առաջնորդները: Ի՞նչ եք մտածում այդ մասին, այդ համեմատությունը կիրառելի՞ է:- Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախոր վիշտն անգամ կարելի է մեղմացնել, որ նույնիսկ ամենախոր ատելությունը կարելի է հաղթահարել, որ նույնիսկ իրենց պատմության ամենածանր պահերին ժողովուրդները կարող են հաշտվելու ուժ գտնել:Երբ մեր երկու երկրները ընտրություն կատարեցին դեպի հաշտություն, նրանք մի քանի տասնամյակների ընթացքում արդեն երեք անգամ հակամարտության մեջ էին մտել: Առաջին Աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիան եւ Գերմանիան պատերազմել են անասելի դաժանությամբ եւ սարսափներով ու դաժանություններով լի Երկրորդ աշխարհամարտի փլատակների վրա ուժ գտան հաշտվելու եւ հավասարը չունեցող բարեկամություն կառուցելու: Այդ բարեկամությունը այսօր դարձել է եվրոպական շինարարության հենասյունը:Դրան հասնելու համար անհրաժեշտ եղան այնպիսի բացառիկ անձնավորություններ ու պայծառատեսներ, ինչպիսիք էին գեներալ դը Գոլը եւ կանցլեր Ադենաուերը, ովքեր խաղաղություն հաստատելու համարձակություն դրսեւորեցին: Քանի որ, այո, հաճախ ավելի շատ խիզախություն է հարկավոր խաղաղություն հաստատելու, քան պատերազմը շարունակելու համար: Լինելով իսկական պետական այրեր, պատերազմից ընդամենը մի քանի տարի անց, նրանք կարողացան համոզել իրենց ժողովուրդներին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է ուժ գտնի` իր ատելությունը հաղթահարելու եւ հաշտության եւ համագործակցության ուղին բռնելու համար:Հենց այս ուղին է, որ դուք, հայերդ ու ադրբեջանցիներդ, պետք է ընտրեք: Ձեր համար նույնպես եկել է խաղաղության ռիսկին գնալու պահը, քանի որ չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս-քվոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրեժխնդրություն եւ ամեն օր էլ ավելի հեռացնում խաղաղության հասնելու հնարավորությունները:Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած եւ այդքան վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը եւ գտնել հաշտեցման ուղին: Այս նույն հորդորը կփոխանցեմ Նախագահ Ալիեւին Բաքվում, ուր պետք է մեկնեմ Երեւան իմ այցից հետո:- Ֆրանսիան հակամարտությունների կարգավորման մեծ փորձ ունի, ինչպես դա ցույց տվեց 2008-ի ամռանը Ռուսաստանի եւ Վրաստանի միջ ծագած ճգնաժամի ընթացքում: Ֆրանսիան եւ ԵՄ կարո՞ղ են ավելի մեծ ներգրավվածություն ցուցաբերել ԼՂ կարգավորման գործընթացում, մասնավորապես, եթե հաշվի առնենք Եվրամիության ավելի ակտիվ դերակատարություն ունենալու ցանկության մասին բազմաթիվ հայտարարությունները:- Վերջին տարիներին Եվրամիությունն ուժեղացրել է իր դերակատարությունը Հարավային Կովկասում, եւ դա ինձ ուրախացնում է: ԵՄ-ն դա արել է նախ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության միջոցով, հետո` Արեւելյան Գործընկերության շրջանակներում, որին Ֆրանսիան սատարել էր ամենասկզբից, 2009-ից:Ֆրանսիան ցանկանում է, որ Եվրամիությունը ավելի սերտ կապեր հաստատի տարածաշրջանի երկրների հետ` սկսած Հայաստանից: Եվրամիության համար Կովկասը ռազմավարական տարածաշրջան է եւ Եվրամիության հետ ասոցացման եւ գործընկերության կապերը կօժանդակեն բարեկեցությանը, ժողովրդավարության ամրապնդմանը եւ երկխոսությանը կովկասյան երեք երկրներում:ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին սատարելու համար կա ձեւաչափ` Մինսկի խումբը: Խմբի համանախագահ երեք երկրներից յուրաքանչյուրը վայելում է երկու կողմերի վստահությունը եւ լիովին ներգրավված է նրանց հետ հակամարտության կարգավորման պայմանները սահմանելու համար: Բայց նախ դուք` հայերդ եւ ադրբեջանցինը, պետք է այդ ճանապարհը գտնեք: Մենք կարող ենք օգնել, կարող ենք ձեզ ուղեկցել, սակայն մենք չենք կարող խաղաղություն հաստատել ձեր փոխարեն:- Ֆրանսիան մասնակցել է Հայաստան-Թուրքիայի հաշտեցման գործընթացին: Երկու տարի առաջ արձանագրությունների ստորագրմանը ներկա էր նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները : Տեսնու՞մ եք նոր հեռանկարներ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբարությունները կարգավորելու համար: Փարիզը կարող է որեւէ կերպ աջակցել կողմերին:- Դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման մասին արձանագրությունների ստորագրումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մեծ հույսեր արթնացրեց: Հաշտեցման այդ գործընթացն այսօր փակուղում է: Ես խորապես ցավում եմ դրա համար:Նախագահ Սարգսյանը խոհեմություն եւ հեռատեսություն ցուցաբերեց` Փարիզում կայացած մեր հանդիպումներից մեկի հաջորդ օրը հայտարարելով, որ Հայաստանը պատրաստակամ է վավերացնելու այդ արձանագրությունները, երբ Թուրքիան դրան պատրաստ կլինի: Հուսով եմ, որ գործընթացը շուտով կվերսկսվի:




Լրահոս