ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մտադրության մասին՝ որպես ամսաթիվ հայտարարելով հունիսի 20-ը: Այսպիսով, հայտարարությունից հետո որ ուժն ինչպես արձագանքեց Փաշինյանին եւ ովքեր կմասնակցեն այդ ընտրություններին:
Օրինակ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ողջունել է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը և համարել է ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց եւ ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել քվեարկությանը: Ավելին, մամուլում առկա լուրերի համաձայն, չի բացառվում, որ Արամ Սարգսյանը ընտրություններին մասնակցի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ դաշինքով:
Հայ ազգային կոնգրեսը դեռևս չի որոշել՝ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ, քանի որ նրանց համար առանցքային նշանակություն ունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Նման տեսակետ են հայտնել նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները՝ ասելով, թե ռեյտինգային ընտրակարգով ընտրությունները ապաքաղաքական ընտրություններ են լինելու, լինելու է բացառապես ռեսուրսների պայքար։
«Հայրենիքի փրկության շարժում»-ը արտահերթ ընտրությունների անցկացնելու մասին հայտարարությունից հետո վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին չի պատրաստվում մասնակցել: Սակայն«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իրենք կմասնակցեն արտահերթ ընտրություններին:
Իսկ խորհրդարանական ԲՀԿ եւ ԼՀԿ-ն արդեն իսկ հայտարարել են, որ ընտրություններին գնալու են միայնակ եւ այս օրերին արդեն քննարկումներ են իրականացնում ցուցակների շուրջ: Դեռեւս անհայտ է մնում, թե ինչպես են խաղի մեջ մտնել արտախորհրդարանական ՀՀԿ-ն ՀՅԴ-ն եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՀԿ-ն այս պահին հակված է ընտրությունների գնալու միայնակ եւ այս պահի դրությամբ միակ հնարավոր միավորումը ՀՅԴ-ի ու Ռոբերտ Քոչարյանի միջև է։
Այսպիսով, առաջիկայում բուռն զարգացումներ կլինեն:
Մանրամասները՝ տեսանյութում