Առաջիկա օրերին Հայաստանում կվերացվի ռազմական դրությունը: Դա անհրաժեշտ է առաջին հերթին հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածը սահմանում է. «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ընտրություններ»: Իսկ Սահմանադրության հոդված 119-ն էլ սահմանում է. «Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը»: Միեւնույն ժամանակ, ռազմական դրությունը կարող է վերացվել հենց կառավարության որոշմամբ: Իսկ հիմա խոսենք ընտրությունների հետ կապված այլ ժամկետների մասին. Սահմանադրության 90-րդ հոդվածը սահմանում է. «Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»: Այսինքն՝ մինչեւ օգոստոս այս խորհրդարանը դեռ իրավական ուժ կունենա: Հոդված 158-ն էլ սահմանում է, թե որքան ժամանակ դեռ կառավարության անդամները կմնան։ «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը»: Այսինքն՝ կառավարությունը հրաժարական է ներկայացնելու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ, եւ ՀՀ ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի երկու անգամ չընտրվելու ժամկետը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծամասնությունը ընդհանրապես տեղյակ չի եղել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Բանն այն է, որ խմբակցության անդամների հետ վերջին՝ փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե առաջիկայում անհնար է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ հարցեր կան, եւ պնդել էր, որ առանց Ընտրական օրենսգիրք փոխելու պետք չէ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ դա վնաս է լինելու հենց իրենց: Այդ պարագայում ընտրությունները պետք է կայանային հունիսին: Եվ, ահա, թիմի մեծ մասի համար անակնկալ կերպով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Փաշինյանի թիմակիցները մամուլից են տեղեկանում, թե առաջիկայում ինչ է սպասվելու: Իրավիճակը հատկապես հետաքրքիր է այն առումով, որ Փաշինյանն այս որոշումը կայացրել է ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներից հետո, եւ այդ մասին եւս հայտարարեց։ Ստացվում է՝ նա այս որոշումը կայացրեց ընդդիմադիրների հետ քննարկումներից հետո, եւ վերջիններս ավելի շատ բան գիտեին, քան իշխանական խմբակցության իր գործընկերները: Ինչպես շատ հարցերում, այս հարցում եւս Փաշինյանի թիմն ամենաանտեղյակն է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցը խնդրել է հրատապ անցկացնել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Մասնավորապես, օրակարգում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն է, որը քննարկվելու է առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ապա նաեւ երկրորդ ընթերցմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդին օժտեն դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ, եւ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Այսինքն՝ այս նախագծով իրականում ավելանալու են ԲԴԽ լիազորությունները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն է այսպիսի փոփոխությունների ցանկություն հայտնել, որպեսզի կառույցի լիազորություններն ավելանան: Բանն այն է, որ նա դեռ չի կորցնում իր հույսը ԲԴԽ նախագահ դառնալու եւ այդ պատճառով էլ ցանկանում է այդ կառույցին նոր լիազորություններով օժտել: Հետաքրքիր է, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է այս հարցը քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության եւ առանց նախնական քննարկման, այնինչ մարտի 23-ին գումարվելու է ԱԺ հերթական նիստ, այս նախագիծը կարող էին քննարկել հենց այդ նստաշրջանում, սակայն իշխող ուժը որոշել է դրա համար արտահերթ նիստ գումարել՝ հաշվի չառնելով հրատապ մյուս նախագծերը:
Հայաստանի բենզինի շուկայում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող երեք ընկերություն բենզինը վաճառում են նույն գնով, իսկ շուկայում հայտնված նոր խաղացողը՝ բոլորովին տարբեր գնով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շուկայում նորահայտ «Ռան Օիլ» ընկերության սահմանած գինը վերջին օրերին խնդիրներ է առաջացրել բենզինի վաճառքով զբաղվող մյուս ընկերությունների համար։ Պարզվում է, որ իշխանական գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից վերջերս գնված այս ընկերությունը «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառում է 390 դրամով, իսկ մյուս ընկերությունները՝ 420-430 դրամով։ «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց «Ռան Օիլ»՝ հետաքրքրվելու, թե ինչու են բենզինը մյուս ընկերություններից 40 դրամով էժան վաճառում։ Մեր հարցին ի պատասխան՝ ընկերությունից փոխանցեցին, որ իրենց եկամուտի հաշվին են էժանացրել, եւ որ բենզին ներկրում են ե՛ւ Իրանից, ե՛ւ Ռուսաստանից։ Իսկ, ահա, «Ֆլեշ»-ում անհանգիստ են. «Ռան Օիլ»-ի սահմանած ցածր գնի պատճառով սպառման ծավալները նվազել են։ «Բարձր չի, մերը ճիշտն է, նայեք Ռուսաստանում բենզինի գները, նույն «Ռեգուլյար» տեսակի բենզինի լիտրն ինչքան է այնտեղ եւ որքան է մեզ մոտ։ Մեր վառելիքն այսօր համաշխարհային շուկայում սահմանված գներին համապատասխան է։ Թող սպառողը առանց որեւէ մեկին զգուշացնելու մոտենա, վերցնի նմուշ եւ տանի ստուգելու. դա հաճախորդի իրավունքն է, անգամ կնպաստենք դրան, որ տեղի ունենա»,- նկատեց «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Սիրակ Սուքիասյանը եւ հայտարարեց, որ իրենք բենզին ներկրում են Ռուսաստանից։ Բայց ամենաուշագրավն այն է, որ Իրանում բենզինի մեկ լիտրի միջին գինը, մարտի 15-ի տվյալներով, կազմել է շուրջ 32 դրամ։ Ի դեպ, ամենաէժան բենզինը վաճառվում է Վենեսուելայում. այստեղ բենզինի մեկ լիտրի միջին գինը մարտի 15-ին կազմել է շուրջ 10 դրամ։ Նկատենք, որ բենզինի ցածր գնով Վենեսուելային հաջորդող երկիրը Իրանն է, որտեղից Հայաստանը ե՛ւ նախորդ, ե՛ւ այս տարի մեծ քանակությամբ բենզին է ներկրել։ Այս դեպքում հարց է ծագում՝ ինչու է 32-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ գնով։ «Ժողովուրդ » օրաթերթը գրավոր դիմել է ՊԵԿ՝ պարզելու Իրանից ներկրվող բենզինի մաքսատուրքերի մասին. առաջիկայում պարզ կդառնա իրանական բենզինի իրական գինը մաքսազերծելուց հետո։ Այստեղ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն անելիք ունի, բայց, չգիտես՝ ինչու, անգործ է։