Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. երեկ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո, Ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում Ծառուկյանի հետ արձանագրել են, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
«Հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», – գրել է նա:
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին կողմ է նաեւ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։ Այդ մասին ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է Ֆեյսբուքում գրել։ Էդմոն Մարուքյանի տեղեկացմամբ՝ ինքը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ եւ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։
«Վարչապետը, ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում եւ դրանք մինչեւ աշուն կամ 2023 թվականը չթողնելը։ Հետեւաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը՝ որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է», – նշել է Մարուքյանն իր գրառման մեջ։
«Լուսավորը Հայաստանը» մինչ այս հայտարարում էր, որ իրենք կողմ կլինեն արտահերթ ընտրություններին, եթե դրանք անցկացվեն մինչ հունիսի 1-ը։ Իսկ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումից» դեռ չեն արձագանքում վարչապետի հայտարարությանը։ Մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերը համախմբող շարժումը, նկատենք, դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձեւավորում ու այնուհետեւ արտահերթ ընտրություններ։
Առաջիկա օրերին Հայաստանում կվերացվի ռազմական դրությունը: Դա անհրաժեշտ է առաջին հերթին հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածը սահմանում է. «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ընտրություններ»: Իսկ Սահմանադրության հոդված 119-ն էլ սահմանում է. «Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը»: Միեւնույն ժամանակ ռազմական դրությունը կարող է վերացվել հենց կառավարության որոշմամբ: Իսկ հիմա խոսենք ընտրությունների հետ կապված այլ ժամկետների մասին:
Սահմանադրության 90-րդ հոդվածը սահմանում է. «Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»: Այսինքն՝ մինչեւ օգոստոս այս խորհրդարանը դեռ իրավական ուժ կունենա: Միեւնույն ժամանակ, հոդված 158-ն էլ սահմանում է, թե որքան ժամանակ դեռ կառավարության անդամները կմնան: «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը»: Այսինքն՝ կառավարությունը հրաժարական է ներկայացնելու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ:
Ն. Հ.
ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ԵՆ
Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում արդեն սկսվել են, եւ մի շարք բուժկենտրոնների աշխատողներ արդեն պատվաստվել են. այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա տեղեկացրել է, որ AstraZeneca-ի պատվաստանյութ Հայաստանը դեռ չունի, եւ որ այս պահին պատվաստումն իրականցվում է միայն Sputnik V-ով։ «Մշտադիտարկում ենք անում եւ կապի մեջ ենք այն անձանց հետ, որոնք պատվաստվել են, հետպատվաստումային հսկողություն է իրականացվում, եւ մենք որեւէ արտառոց դեպք, սուր կողմնակի երեւույթ չենք գրանցել»,- նշել է նախարարը: Ըստ նրա՝ բանակցություններն այլ պատվաստանյութեր ձեռք բերելու համար եւս շարունակվում են: «Մենք բանակցություններ են վարում նաեւ AstraZeneca-ի հետ եւ շարունակելու ենք վարել եւ մեր որոշումները կայացնելու ենք մասնագիտական միջազգային կառույցների եզրակացությունների վրա։ AstraZeneca-ով պատվաստումներն ամբողջ աշխարհով ընթանում են, որոշ երկրներում, որոշ խմբաքանակներ կասեցվել են»,- նշել է նա:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Երոյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի մասնակցության համար ՀՀ-ի կողմից կատարված ծախսերը։ Համաձայն նախարարության հաշվետվության՝ միայն տաղավարի վարձակալության համար վճարվել է 108.352.652 ՀՀ դրամ։ Հիշեցնենք, որ IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշներ չկային, փոխարենը բուկլետներ էին։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
«Կապիտուլանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն»,- դատարանի բակում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով՝ քաղաքական խրամատը չի լքելու։ «Բոլոր նրանք, որոնք համարում են, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված է, լինեն նրանք Հայաստանի ներսում, թե դրսում, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Օր առաջ պետք է լծվել Հայաստանի անվտանգության եւ մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին, այլ ճանապարհ չկա, այլընտրանք չկա», – հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Նա ընդգծել է՝ թեեւ իրենց շարքերը լքողներ եղել են, բայց այսօր ունեն մրցունակ թիմ եւ պայքարելու են «ազգային եւ ուժեղ պետության համար»։
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԳՈՐԾԻ ԵՆ ԱՆՑԵԼ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ դերասան Հովհաննես Ազոյանի սկանդալային հայտարարությունից հետո իրավապահները գործի են անցել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք գտել են տարիներ առաջ Հովհաննես Ազոյանի բանակում չծառայելու մասով հարուցված քրեական գործը, որն էլ տարիներ առաջ կարճել էին: Բանն այն է, որ իրավապահները տարիներ առաջ դերասանի՝ բանակում չծառայելու մեջ որոշակի ապօրինի տարրեր են հայտնաբերել եւ հարուցել են քրեական գործ, սակայն ավելի ուշ իրավապահ համակարգում որոշել են քրեական գործը կարճել՝ հաշվի առնելով, որ նա դերասան է եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը: Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել դերասանից, թե նա ինչ հիմքով է ազատվել բանակից, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր նամակներին: ArmLur.am-ը պատրաստ է նաեւ հրապարակել դերասան Հովհաննես Ազոյանի մեկնաբանությունը: Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի սոցցանցի պաշտոնական էջում, որտեղ վերջինս լուսանկարներ էր տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից, գրել էր. «Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիեւի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի»:
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ
Կառավարությունը հավանություն է տվել ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արգելելու նպատակով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում կատարել համապատասխան լրացում եւ արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները եւ արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է հստակեցնել սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը: