Վարչական դատարանը, քննելով Օնիկ Գասպարյանի դիմումը ընդդեմ հանրապետության նախագահի եւ վարչապետի, միջանկյալ որոշում է կայացրել, որից բխում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի գործող պետը Գասպարյանն է: Մինչդեռ Կառավարությունն այսօր կրկին հայտարարեց՝ Օնիկ Գասպարյանն ազատված է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իսկ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։
Վարչապետի հրաժարականը պահանջած Գասպարյանն ու փաստաբանը դատարանին խնդրել էին մինչեւ այս գործը ըստ էության քննելը Գասպարյանին համարել պաշտոնից չազատված։
Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը չհերքեց, որ Գասպարյանն այսօր գնացել է աշխատանքի: Պարզաբանելով դատարանի որոշումը՝ գեներալ-գնդապետի փաստաբանը պնդեց՝ չկա գեթ մեկ իրավահարաբերություն, որով կարողանան ազատել Գլխավոր շտաբի պետին. «Դատարանը ժամանակավորապես մեր հայտը բավարարել է, ընդունել է, որ նման իրավունք չկա, որ նախագահը կամ վարչապետը կարող են պաշտոնից Գլխավոր շտաբի պետ նշանակել` այո, ազատել` ոչ: Եվ ստացվում է, որ քանի որ չկա այդպիսի իրավահարաբերություն, նշանակում է, որ պարոն Գասպարյանը ոչ մի ձեւով ազատված չէ գործից: Այո, դատարանն իր որոշման մեջ հստակ գրել է` ինչի է այդ ապահովումը բավարարել, գրել է, որ պարոն Գասպարյանն ունի 5 տարի պաշտոնավարելու ժամկետ. եթե հիմա այս հայցի ապահովումը չարվի, եւ ուրիշին նշանակեն իր տեղը, իր իրավունքը կխախտվի: Այս ամեն ինչը գրել է, այսինքն` հայցի ապահովումից էլ է երեւում, որ դատարանի այս որոշումն ուղղված է նրան, որ պարոն Գասպարյանը պիտի շարունակի պաշտոնավարել որպես ԳՇ պետ»:
Գասպարյանն ու փաստաբանը սկզբում դատարանում վիճարկում էին իրավունքի ուժով ընդունված հանրապետության նախագահի՝ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, դատարանը, սակայն, վերադարձրել էր հայցադիմումը՝ խնդրելով փոփոխել այն, քանի որ, ըստ էության, հայցվորը վիճարկում է մի ակտ, որը վարչական մարմնի, պաշտոնատար անձի կողմից չի ընդունվել։ Նախագահը, հիշեցնենք, չէր ստորագրել շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը, ոչ էլ դիմել էր Սահմանադրական դատարան, որից հետո Գասպարյանը իրավունքի ուժով պաշտոնից ազատվեց։
Փաստաբանը փոփոխել էր պահանջն ու դատարանին խնդրել քննել Գասպարյանին պաշտոնից ազատելու փաստը՝ պնդելով՝ չկա նման իրավունք, որով կարող են ազատել անցած ամռանը 5 տարով ԳՇ պետ նշանակված Գասպարյանին։
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը, անդրադառնալով իր միջանկյալ որոշմանը Գասպարյանին ազատված չհամարելու մասին, գրում է՝ նման հայցերի դեպքում Վարչական դատարանը միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, հատկապես, երբ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում կարող է այլ անձ նշանակվել։
Եթե, օրինակ, դատարանը վերջնական որոշմամբ իսկապես առոչինչ ճանաչի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատ արձակման փաստաթուղթը, ապա նոր պետի առկայությամբ է՛լ ավելի կբարդանա իրավիճակը. «Օրենքն ասում է` քանի որ եթե վաղը, մյուս օրը բավարարեմ, օրինակ, անիմաստ կլինի այդ ակտը, որովհետեւ արդեն ուրիշը նշանակված կլինի, եւ իր 5 տարվա իրավունքը խախտված կլինի, դրա համար ես հիմա ժամանակավոր բավարարում եմ, ասում եմ` չէ, դու ես ԳՇ պետ, ընթացքում դատարանը կքննի գործը, արդեն կորոշի: Եթե վերջնական էլ որոշեց, որ, չէ, ինքն է, շատ լավ, եթե որոշեց, որ, չէ, ինքը չի, հայցը կմերժի, հայցի ապահովումն էլ կվերացնի», – նշեց փաստաբանը:
Վարչական դատարանի որոշումից հետո էլ, սակայն, գործադիր իշխանությունը հայտարարում է՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, մարտի 10-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետի գրասենյակի պարզաբանման մեջ հիշատակվում է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրը, ուժի մեջ է իրավունքի ուժով: «Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետեւաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով՝ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։
Ն. Հ.
ԴԻՄԵԼ Է ԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը դիմել է Միացյալ Թագավարության կառավարությանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումից հետո։ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպումը կազմակերպել էր Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբը, որի ժամանակ Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել էր մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ, խոսել այն մասին, որ միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրեւ ահաբեկիչներ ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին:
Պաշտպանը նաեւ ներկայացրել էր տեղեկություններ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք եւ այլն) մասին:
Անդրադառնալով Հայաստանի սահմանների հետ կապված գործընթացին՝ Արման Թաթոյանը ներկայացրել էր իր նոր հայեցակարգը, համաձայն որի՝ Սյունիքում մարդկանց անվտանգության երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Նա ներկայացրել էր կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր մոտեցումը: Մարտի 11-ին բարոնուհի Քերոլայն Քոքսը, որն ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այցով եղել էր Արցախում եւ արձանագրել ադրբեջանական կողմից պատերազմական հանցագործությունները, խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցչի առջեւ բարձրացրել է հայ ռամագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային վերաբերմունքի եւ պատերազմի ընթացքում օգտագործված արգելված զինատեսակների հարցը։
ԿԻՆԸ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտից բերման են ենթարկել 57-ամյա մի կնոջ։ Պարզվել է, որ նա 2020 թվականի դեկտեմբերից այս տարվա մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան եւ Կոմիտասի պողոտաներում, Կիեւյան եւ Կասյան փողոցներում տեղադրված վճարային տերմինալներում պլաստմասսե կտրոներ տեղադրելով՝ մետաղադրամ ընդունող սարքի մեջ առաջացրել էր խցանում, ինչից հետո հափշտակել էր մետաղադրամները: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԻՐԵՐԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմեն Տիգրանյան փողոցի 23-ամյա մի բնակիչ վարչական տարածքում բնակարանային գողություն է արել։ «Գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո քրեական հետախույզները մարտի 5-ին կասկածվողին բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Պարզվել է, որ երբ նա հունվար ամսին վարձակալական հիմունքներով բնակվել է Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկում, բնակարանից հեռուստացույց է գողացել եւ վաճառել։ Նույն եղանակով հունվար-փետրվար ամիսներին Արաբկիր եւ Կենտրոն վարչական տարածքներից էր գողություն արել. Հրաչյա Քոչարի փողոցի մի բնակարանից հեռուստացույց էր գողացել, իսկ Դեմիրճյան փողոցի մի բնակարանից՝ կենցաղային տեխնիկա։ Հարուցվել է քրեական գործ։ 23-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Նա կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու եւ հրամանը չկատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:
Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել, որ Ի. Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի եւ 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաեւ ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել եւ գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդկերպ առաջացնելով ծանր հետեւանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հրամանատար Ի. Վահանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով եւ 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, եւ վերջինս տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է: