Կառավարությունը հաստատել է զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը եւ դրա իրականացման ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ պետության կարեւորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային եւ տնտեսական ծրագրերի եւ միջոցառումների ամբողջության միջոցով։ Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9022 անձ, որոնց 79 տոկոսը աշխատանքային տարիքի են: 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում ստացած 472 անձի սահմանվել է հաշմանդամություն, այդ թվում՝ 70 անձի 1-ին խումբ, 147 անձի՝ 2-րդ խումբ, 255 անձի՝ 3-խումբ։
Ծրագրի խնդիրներն են՝ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների գնահատման ապահովում բազմամասնագիտական թիմի կողմից, գնահատված կարիքների հիման վրա հասցեական եւ համալիր ծառայությունների մատուցում, անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու, զբաղվածության ապահովման գործուն մեխանիզմների ներդնում եւ այլն:
Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու նպատակով նախատեսվում է սոցիալական ծառայությունների մատուցում, որն ընդգրկում է կարիքների գնահատում, անհատական սոցիալական ծրագրի մշակում, սոցիալական դեպքի վարում, շահառուի անկախ կյանքի հմտությունների ձեւավորում, այդ թվում՝ ինքնախնամքի, ֆինանսների կառավարման, առօրյա կենսական հմտությունների, սննդի պատրաստման դասընթացներ, անձնական օգնականի ծառայություն, ուղեկցողի (հետեւողի) ծառայություն, խնամքի կազմակերպման դասընթաց եւ խորհրդատվություն ընտանիքին, հոգեբանի խորհրդատվություն, սոցիալ-հոգեբանական աշխատանք շահառուի եւ նրա ընտանիքի անդամների հետ եւ այլն: Ծրագրով նախատեսված են նաեւ զբաղվածութան ապահովման ծառայություններ, մասնավորապես՝ աշխատանք փնտրողներին խորհրդատվության տրամադրում եւ մենթորինգ, շահառուի ունակությունների, նախասիրությունների, կարողությունների, անձնային որակների բացահայտում, շահառուի մասնագիտական կոմպետենտության որոշարկում, կարողությունների գնահատում, կարիերայի անհատական ծրագրի կազմում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ, միջազգային լավագույն փորձի հիման վրա, նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: «Կենտրոններում կիրականացվեն այդ անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի պլանավորման ծառայություններ: Առաջին փուլով այդ կենտրոնները նախատեսվում է ստեղծել 6 մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մի փոքր ավելի մեծ է: Այս պահին հիմնական ծառայությունները մատուցվում են Երեւանում, ուստի Երեւանից ավելին հեռու գտնվող մարզերում կստեղծվեն այդ կենտրոնները, որպեսզի հնարավորություն ունենանք ապահովել համաչափ հասանելիություն»,-ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է պատերազմի հետեւանքով ստորին վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինվորներին ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով ապահովելու գործընթացից: Ի պատասխան՝ Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ գործընթացի առաջին փուլն արդեն ամփոփվել է: «Պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների համալիր գնահատում ենք իրականացրել՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ընդ որում, բացի առողջապահական խնդիրների գնահատումից, իրականացվել է նաեւ նրանց միջավայրի, մասնավորապես՝ կենցաղային, տնային պայմանների գնահատում: Շատ հաճախ առկա տնային որոշակի սահմանափակումները հնարավորություն չեն տալիս նույնիսկ պրոթեզի պարագայում լիարժեք ինտեգրվել, հետեւաբար այս պահին այդ գնահատումն իրականացվել է: Միջազգային պրոթեզարանների հետ, մասնավորապես՝ եվրոպական եւ ամերիկյան, արդեն ունենք պայմանավորվածություններ, որտեղից ձեռք են բերվելու բոլոր անձանց համար միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ: Առաջիկայում արդեն խումբ առ խումբ այդ պորթեզավորումը կիրականացվի: Զուգահեռ կիրականացվի նաեւ տնային պայմանների հարմարեցումը, որպեսզի սահմանափակումները հնարավորինս նվազ լինեն»,- ասել է նախարարը:
ՎԱՐԱԿՄԱՆ 1024 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1024 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 181.165-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3301 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Մարտի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 848 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4149-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 273 է, ընդհանուր առողջացածներինը՝ 167 186, փաստացի բուժվողներինը՝ 9830 (մեկ օրում ավելացել է 725-ով): Մեկ օրում արվել է 4687 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 788 953 թեստ:
ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԿԳՈՐԾԻ ՇԱԲԱԹԸ ՕՐԸ
Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման միտումներին համահունչ, երեք նորույթ է պատրաստել քաղաքացիների եւ տնտեսվարողների համար: Ապրիլի 1-ից քաղաքացիները ծանրոցը ստանալու համար իրենց հարմար ժամ ընտրելու ավելի լայն հնարավորություն կունենան։ Արեւմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը, որը տեղակայված է «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում, ապրիլի 1-ից գործելու է երկուշաբթիից շաբաթ օրերին` ժամը 09։00-21։00-ն: Մինչ այդ բաժանմունքը գործում էր շաբաթվա 5 աշխատանքային օրերին` առավոտյան 09:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին հերթապահություն է իրականացվում 10:00-13:00-ն: «Նոր ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար փոստային բաժանմունքը համալրվել է մաքսային ձեւակերպում եւ բացթողում իրականացնող աշխատակիցներով: Եթե մինչեւ փոփոխությունը բաժանմունքն օրական սպասարկել է 40-50 քաղաքացի, ապա աշխատաժամերի ավելացումից հետո օրվա ընթացքում ավելի շատ մարդ կկարողանա իր ծանրոցը ստանալ»,- նշում է Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանը։
Մյուս փոփոխությունն առնչվում է փոխադրող կազմակերպություններին: Ապրիլի 1-ից նույնիսկ գիշերը ժամանած առաքանիների զննումը կատարվելու է նույն պահին: ««Կարգո» բեռնային համալիրի տարածքում Արեւմտյան մաքսատուն-վարչությունը փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխվող ապրանքների եւ ծանրոցների նկատմամբ հսկողությունը կիրականացնի 24-ժամյա ռեժիմով` պահպանելով այդ հսկողության անընդհատությունը»,-տեղեկացնում է Գարիկ Մինասյանը:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Կառավարությունը բավարարել է «Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ-ի ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 3.3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 15 մլրդ դրամի ներդրում, որից 2?6 մլրդ դրամը՝ սարքավորումների, իսկ մնացած մասը՝ հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ստեղծել 120 նոր աշխատատեղ` 300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 118.7 մլրդ դրամ, որից 11.8 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 23.7 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 83.1 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1.1 մլրդ դրամ:
Գործադիրի որոշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ամրացված գույքը՝ ռադիոկապի միջոցները, հետ վերցնել եւ նվիրաբերել Արցախի Հանրապետությանը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրելու նպատակով:
Կառավարությունը վավերացրել է 2019 թ. հուլիսի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագիրը: Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «Արսեն եւ Գոհար» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում (Արթիկ) անցկացվող ստուգման ընթացքում հայտնաբերել են «Կուբանսկայա Դոլինա» ապրանքանիշի մեկ կիլոգրամանոց տարաներով ժամկետանց 498 տոմատի մածուկ: Խմբաքանակը հանվել է իրացումից, տրվել է կարգադրագիր` արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին: