«ՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԱՑ ԼԻՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս պարուհի Իռեն Ուլիխանովան, ով երկար տարիներ է, ինչ բնակվում է Ամերիկաի Միացյալ Նահանգներում, նշել է ծննդյան 38-ամյակը: Պարուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է տարեդարձի անակնկալների, երբեւէ ստացած ամենաթանկ եւ հիշարժան նվերի մասին, որն իրեն ստիպել է լաց լինել:

 

«Ծննդյանս օրը տոնել եմ իմ ամենահարազատ եւ թանկ մարդկանց հետ, իհարկե, ցավոք սրտի, ոչ բոլորն էին ներկա տարեդարձիս: Անկեղծ ասած, Հայաստանի եւ բոլորիս համար այս բարդ ժամանակահատվածում չէինք էլ պլանավորում նշել ծնունդս, քանի որ մեր ազգի համար այս շրջանում յուրաքանչյուր ուրախ ելեւէջն էլ ինչ-որ չափով անընդունելի եւ զայրացնող է: Պատերազմից հետո մենք՝ հայերս, խորը սթրեսի մեջ ենք, նույնիսկ եթե պարում ենք, երգում, ուրախանում, միեւնույնն է, չենք մոռանում մեր այն բազմահազար տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, ովքեր դարձան հաշմանդամ… Բայց քանի որ ես խառնվածքով ուրախ եւ ընկերասեր մարդ եմ, ստացվեց այնպես, որ բոլորը զանգում էին եւ զգուշացնում, որ գալու են մեր տուն, եւ նրանց «ոտքը մեր տնից կտրելու համար» հավաքվեցինք մեկ այլ տեղ»,- կատակում է մեր զրուցակիցը եւ հավելում, որ իր միակ անկեղծ ցանկությունն այն է, որ այլեւս երբեք պատերազմներ չլինեն:

Իռենը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ծննդյան առթիվ ստացված նվերներին, հատուկ ընդգծում է, որ իր համար ամենամեծ նվերը ներկաների բարձր տրամադրությունն է եւ այդ օրվանից հետո առաջացած ջերմ հիշողությունները:

«Ինձ համար ամենաերջանիկ, ամենացանկալի, ամենասպասված նվերը կլինի այն, երբ Հայաստանը կլինի խաղաղ երկնքի տակ, եւ է՛լ երբեք ոչ մի պատերազմ չլինի ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Մենք բոլորս ժամանակավոր ենք աշխարհի երեսին, եւ այդ կարճ ժամանակահատված է պետք ապրել, ինչքան հնարավոր է, ուրախ, դրական եւ երջանիկ»,-ասում է նա:

Հարցին, թե որն է եղել իր ծննդյան ամենահիշարժան նվերը, նա նշում է. «Ամենահիշարժան նվերը, որ ստացել եմ, եղել է շունս. երբ դեռ Հայաստանում էինք ապրում, Վահագն ինձ նվիրեց Լաբրադոր ցեղատեսակի շուն, եւ ես այդ ժամանակ հասկացա, թե ինչ է նշանակում ուրախությունից լաց լինել….»:

Ինչ վերաբերում է երազանքներին, Իռեն Ուլիխանովան շեշտում է, որ նա պատկանում է այն մարդկանց շարքին, ովքեր երազանքների փոխարեն ունեն նպատակներ: «Իմ նպատակները տարեցտարի ավելի են բարդանում, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ կարողանում եմ հասնել դրածս նպատակներին»,- եզրափակում է պարուհին:

Նշենք, որ պարուհին իր ընտանիքի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է ապրում շուրջ 4 տարի: Իռենը հիմնել է իր սեփական Irendance պարային ստուդիաները, որոնք գտնվում են երկու քաղաքներում` Գլենդելում եւ Հյուսիսային Հոլիվուդում, եւ ունի բազմաթիվ աշակերտներ, ինչպես նաեւ զբաղվում է հարսանեկան պարերի բեմադրմամբ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՉՍԵՐ». ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴՐԱՄԱ

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու» պատմվածքի հիման վրա բեմադրված «Չսեր» հոգեբանական դրաման:

 

Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա մարտի 20-21-ին: Բեմականացումը՝ Սերգեյ Թովմասյանի, թարգմանությունը՝ Մարինե Մարինոսյանի: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է: Սա պատմություն է կոտրված հույսերի, զուր պատրանքների ու ցանկությունների, մարդկային բեկված ճակատագրերի եւ սիրո պակասի մասին:  Եվ եթե այս սարսափելի իրականության մեջ ինչ-որ մի նոր սիրո հույս է ծագում, գուցե տարօրինակ թվացող, բայց սիրո, այդ հույսն ու սերը սպանում են դաժանությամբ ու ատելությամբ:

Ներկայացման մեջ ներգրավված են Լիլյա Մուկուչյանը, Արմեն Արնաուտովը,  ՀՀ  վաստակավոր արտիստուհի Աննա Բալանդինան, Գոռ Համբարձումյանը, Մանվել Սարգսյանը, Մանվել Խաչատրյանը, Լեւ Նալբանդյանը, Ալեքսանդր Հայրապետովը,  Ելենա Վարդանյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մարիամ Մանոն, Հայարփի Զուռնաչյանը, Թեհմինե Խաչատրյանը, Յուլյա Ժդանովան, Մելսիդա Հակոբյանը,  Գրիգոր Խոջոյանը։ Ներկայացման բեմանկարչական ձեւավորման ու զգեստների հեղինակը Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է, երաժշտական ձեւավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի:

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար:

Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող, սցենարիստ եւ լրագրող է: Նա առաջին կոլումբիացին է, որը Նոբելյան մրցանակի է արժանացել գրականության ասպարեզում: Մարկեսին համաշխարհային ճանաչում է բերել եւ լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը։

2014 թվականին Մարկեսը հեռացավ կյանքից, սակայն նրա ստեղծագործություններն ու դրանցում պարունակվող իմաստուն մտքերն առ այսօր շարունակում են ձեռքից ձեռք անցնել եւ գրավել նորանոր ընթերցողների սրտեր:

 

 

 

ԿՄԻԱՆԱ

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն նույնպես կմիանա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, որը շուտով կսկսի նախապատրաստվել Լիխտենշտեյնի (մարտի 25), Իսլանդիայի (մարտի 28) ու Ռումինիայի (մարտի 31) հավաքականների դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։ Բուժզննումից հետո պարզվել է, որ Վբեյմար Անգուլոն նույնպես պատրաստ է. հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել էր ազգային թիմի ընդլայնված կազմը, որտեղ տեղ էին գտել 31 խաղացողներ:

 

 

 

ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ Է

«Ֆիլադելֆիայի», «Նյու Ջերսիի» ու «Դալասի» նախկին բասկետբոլիստ Շոն Բրեդլին անդամալույծ է դարձել ողնաշարի վնասվածքի հետեւանքով: Հունվարի 20-ին 48-ամյա ամերիկացուն մեքենա էր հարվածել հեծանիվով ընթանալու ժամանակ: Նա վիրահատվել էր եւ վերականգնողական փուլ էր անցնում վերջին 8 շաբաթների ընթացքում: Շոն Բրեդլին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության ամենաբարձրահասակ բասկետբոլիստներից է: Նրա հասակը 229 սմ է: NBA-ում Բրեդլին անցկացրել է 12 մրցաշրջան, իսկ նրա միջին արդյունավետությունը կազմել է 8.1 միավոր:

 




Լրահոս