Հունիսի 20-ը մեր ազգի ամոթի փորձաշրջանն է. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, նրան միանշանակ հավատալը ծայրահեղ միամտություն կլինի. ի վերջո, դեռ շատ «ջրեր կհոսեն» մինչ այդ: Բայց ընդունենք, որ այդպես էլ լինելու է… Հակաքաղաքագիտական զավեշտն այն է, որ ընտրություններ է կազմակերպելու մի մարդ, որը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական առումով դրա իրավունքը չունի։ Դժվար գտնվի աշխարհում մեկ այլ պետություն, որի ղեկավարը երկիրը տանի տոտալ կազմաքանդման ու ոչ միայն շարունակի պաշտոնավարել, այլև ընտրություններ կազմակերպի, իսկ նրա թիմակիցները, մարդկանց ծաղրելով, հայտարարեն, որ իրենց թիմը հաղթելու է։

Ինչևէ, երևի սա մեր ազգի ամոթի փորձաշրջանն է՝ հունիսի 20-ին պատասխանելու մեկ կարևոր հարցի՝ մենք համաձա՞յն ենք ամենի հետ, ինչ բերեց Հայաստանի ու Արցախի գլխին Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ։ Իշխանությունների մասով ամեն ինչ հասկանալի է՝ այլևս անցել են բոլոր կարմիր գծերը և ոչ մի բանի առաջ չեն կանգնելու իրենց վերարտադրությունն ապահովելու համար։ Փաստ է, որ շուրջ 3 տարի Նիկոլ Փաշինյանը կեղծել է ամեն ինչ՝ տնտեսական աճ, ժողովրդավարություն, պատերազմ։ Ընտրությունն ի՞նչ է, որ չկեղծի։ Մանավանդ, եթե նժարին է դրված իր քաղաքական գոյությունը՝ բառի փոխաբերական և ուղիղ բոլոր իմաստներով։ Ի դեպ, երբ ասում ենք, թե Նիկոլը կկեղծի ընտրությունները, նկատի ունենք ոչ միայն այն, որ նա անխնա օգտագործելու է վարչական ռեսուրսը, իր սրտի օլիգարխների ֆինանսական և մարդկային ռեսուրսները, այլև նկատի ունենք այն, որ նա երկրորդ անգամ քարոզարշավին կիրառելու է այն գործիքակազմը, որը նրան 2018-ին բերեց իշխանության:

Հետևաբար, մենք հերթական անգամ բախվելու են գեբելսյան քարոզչությանը, ինչն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող, թերևս, ամենուժեղ զենքն է: Կասկած չկա, որ քարոզարշավին հետևյալ պատկերն է լինելու՝ Նիկոլը նորից սկսելու է գովաբանել և սիրաշահել հասարակ ժողովրդին, նրանց անվանել սիրելի, հարգելի, խելացի, հպարտ մակդիրներով: Միաժամանակ, ժողովրդի հետ միասին փառաբանվելու է նաև ինքը՝ ցույց տալով, որ «առաջնորդն ու ժողովուրդը նույն բանն են»: Որ «առաջնորդը գործում և աշխատում է բացառապես ժողովրդի համար»:

Իրեն ու ժողովրդին նույնացնելով՝ նա համոզելու է, որ իրենց արանքում գոյություն ունեն ու խանգարում են այլ քաղաքական սուբյեկտներ: Նրանց նա կանվանի թալանչիներ, սևեր, ժողովրդի թշնամիներ, քանզի «մեծն առաջնորդին» հակադրվողը չի կարող չհակադրվել նաև ժողովրդին: Նույն բանը նա կկրկնի անընդհատ, որպեսզի տեղեկատվության մեծ քանակն, ի վերջո, վերածվի որակի՝ համոզելով հնարավորինս մեծ թվով մարդկանց: Ընդ որում, այս ամենը նա ներկայացնելու է բարձր պաթոսով և նույնիսկ արհեստական հիստերիա մտցնելով ելույթներում, որպեսզի շարքային քաղաքացիների զգացմունքների վրա դա ազդեցություն ունենա: Հետևաբար, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, հայ ժողովուրդը վերադառնում է ելման դրություն՝ 2018թ., որտեղից սկսվեց մեր երկրի, պետականության և ազգային արժանապատվության ազատ անկումը: Ունի՞ Հայաստանը բավարար ներքին ու արտաքին ռեսուրսներ երկրորդ անգամ դիմագրավելու գործող իշխանության վերարտադրման հետևանքներից բխող մարտահրավերներին:

Իհարկե, ոչ, չունի: Հայաստանը վերածվել է բաց վերքի, որն ամեն օր արնաքամ է լինում: Ու դրան չկա հակադրություն, չկան կանխարգելիչ գործողություններ: Չկան, որովհետև թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա թիմի քաղաքական անմեղսունակության հաղթարշավն անհերքելի իրողություն է: Ի՞նչ կարող է անել հասարակությունն առհասարակ, և ի՞նչ կարող է անել ընդդիմությունը մասնավորապես: Ի դեպ, խոսքը չի վերաբերում Նիկոլի գրպանային ընդդիմությանը, որի «լիդերները» անհամբեր սպասում էին արտահերթ ընտրություններին՝ իշխանության կերակրատաշտից իրենց փայն ունենալու համար: Այո, աներկբա է, որ եթե, այդուհանդերձ, Նիկոլի հետ են տեղի ունենալու ընտրություններ, եթե չկա այլընտրանք, ապա պետք է մասնակցել դրանց, քանի որ չմասնակցելը հնարավորություն է գործող իշխանության համար առանց խոչընդոտի վերարտադրվել ու իր համար «ընդդիմադիրներ» նկարել:

Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ պետք է գտնել հայրենիքը սիրող 2000 մարդ ու կանգնեցնել Հայաստանի ընտրական տեղամասերում, որովհետև ընտրախախտումների գերակշիռ մասը տեղամասերում է կատարվում: Երկրորդ ամենակարևոր հարցը՝ Նիկոլ Փաշինյանի արտաբերած ամեն մի ստին, կեղծիքին ու մանիպուլյացիային պետք է արագ ու բովանդակային հակահարված տալ: Քարոզչական դաշտում Նիկոլին պարտվելը նշանակում է պարտվել ընտրություններում: Իսկ դա նշանակում է երկրի ու պետության վերջնական պարտություն ու կործանում: Այնպես որ, հասարակության գերակշիռ հատվածը պետք է բացառապես մեկ հարցում հստակ կողմնորոշվի՝ ուզո՞ւմ է ունենալ պետականություն՝ անվտանգ սահմաններով, զարգացող տնտեսությամբ, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս