Ամերիկացիները Ռուսաստանի դեսպանատնից ներողություն են խնդրել ՌԴ-ին ուղղված ԱՄՆ հայտարարությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը նամակներ է ստացել ԱՄՆ քաղաքացիներից, հայտնել է դիվանագիտական առաքելության ղեկավար Անատոլի Անտոնովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կցանկանայի ԱՄՆ քաղաքացիներին խոր երախտագիտություն հայտնել, որոնք դեսպանատուն նամակներ են ուղարկել՝ աջակցելով Ռուսաստանի եւ ԱՄՆ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Շատերն անհամաձայնություն են հայտնել եւ ներողություն խնդրել չկշռադատված հայտարարությունների համար, որոնք վերջին շրջանում Վաշինգտոնից հնչում են ՌԴ հասցեին»,- նշված է Անտոնովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեսպանատան Facebook-յան էջում:

Դեսպանը նշել է, թե զգացված է ամերիկացիների դիրքորոշմամբ, որոնք «հասկանում են, որ պետությունների միջեւ երկխոսությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի եւ իրավահավասարության հիմքի վրա»: «ԱՄՆ քաղաքացիների նման մոտեցումը վկայում է, որ ամերիկացի եւ ռուս ժողովուրդների միջեւ հարաբերությունների կարգավորման ներուժը պահպանվել է»,- հավելել է նա:

Դիվանագիտական առաքելության ղեկավարը հույս է հայտնել, որ ամերիկյան իշխանությունները ականջալուր կլինեն ընտրողներին եւ «կդադարեցնեն առանց այն էլ առճակատման ավելցուկով հարաբերությունների հետագա կործանումը»:

Բայդենն ավելի վաղ ABC News-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Պուտինը «կվճարի» ամերիկյան ընտրություններին իբր միջամտության համար: Դրանից բացի, ԱՄՆ ղեկավարը դրական էր պատասխանել հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահին «մարդասպան» համարո՞ւմ է:

Պուտինն ի պատասխան Բայդենին առողջություն է մաղթել եւ հիշեցրել, որ մյուս մարդկանց գնահատելը հավասար է հայելուն նայելուն: Նա նաեւ ԱՄՆ նախագահին առաջարկել է ուրբաթ կամ երկուշաբթի զրուցել առցանց ռեժիմում: Բայդենն ուրբաթ խոստացել է «ինչ-որ պահի» խոսել ռուս գործընկերոջ հետ:




Լրահոս