ԵԽ զեկուցողը հորդորել է Թուրքիային հարգել պատգամավորների խոսքի ազատությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) փակելը լուրջ հետևանքներ կունենա այդ երկրի համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Demokrathaber.net-ը:

Խորհրդարանականը նշել է, որ եթե Սահմանադրական դատարանի որոշմամբ ի վերջո քրդամետ կուսակցությունը փակվի, ապա դա կլինի «Թուրքիային Եվրամիությունից հեռացնող և ներկա ավտորիտար հակումներն էլ ավելի խորացնող մտահոգիչ քայլ»:

«Միայն երեկ ԺԴԿ պատգամավոր և իրավապաշտպան Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն սոցիալական մեդիայում արած հրապարակման պատճառով զրկվեց պատգամավորական մանդատից և անձեռնմխելիությունից: Ամեն պահի ակնկալվում է, որ նրան կբանտարկեն: Այս իրադարձության նույն օրը թուրքական իշխանությունները, իշխող կուսակցությունների ներկայացուցիչների կոչերից հետո, դատական գործընթաց սկսեցին ԺԴԿ գործունեությունն արգելափակելու քաղաքական նպատակով»,- նշել է Սանչես Ամորը:

Նա կոչ է արել հարգել պատգամավորների խոսքի ազատությունը: «Ժողովրդավարական ճանապարհով ընտրված ընդդիմադիր կուսակցությունները պետք է կարողանան ազատորեն գործունեություն իրականացնել: Եթե թուրք պաշտոնյաներն իրականացնեն ԺԴԿ դեմ իրենց սպառնալիքները, Թուրքիայի և ԵՄ միջև առանց այն էլ լարված հարաբերություններում այդ ամենը լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է եվրապատգամավորը:




Լրահոս