Ոստիկանությանը հանձնարարվել է վերացնել Գյումրիում շարունակվող որոշ հակաօրինական գործունեության տեսակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեադատավարական կարգով նախապատրաստված նյութերի ուսումնասիրության, կայացված դատավարական որոշումների օրինականության ստուգման արդյուքնում Շիրակի մարզի դատախազությունում պարզվել է, որ Գյումրի քաղաքում շարունակվում են տեղ գտնել նախկինից մնացած առանձին անօրինական գործուենության տեսակներ, որոնք կատարվելով հանդերձ հանրության աչքի առաջ, չեն վերացվում:

Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Խոսքը վերաբերում է ապօրինի կերպով ավտոմեքենաների կայանման համար որոշակի անձանց կողմից գումարների գանձման, տարադրամի ապօրինի փոխանակմամբ զբաղվելու շարունակվող դեպքերին:

Մասնավորապես, թեև Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի որոշման համաձայն համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղիներում ավտոտրանսպորտային միջոցները կայանելու համար սահմանված տեղական տուրքը վերացվել է, սակայն հատկապես Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում և կենտրոնական հրապարակում գտնվող ավտոկայանատեղիներում տրանսպորտային միջոցները կայանելու համար նախկինում նույն կայանատեղիներում որպես հսկիչներ աշխատած անձինք, առանց օրինական հիմքերի, ակներևության պայմաններում, շարունակում են վարորդներից գումարներ գանձել: Արդյունքում վերջիններս անտեղի կատարում են վճարումներ, ինչն առաջացնում է նրանց վրդովմունքը՝ մեծացնելով վարորդների ու գումարներ հավաքագրող անձանց միջև անցանկալի միջադեպերի հավանականությունը:

Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակին կից գտնվող և բանուկ տարածքում որոշ անձինք էլ առանց լիցենզիայի ակներևության պայմաններում զբաղվում են արտարժույթի առուվաճառքի իրականացմամբ: Մինչդեռ առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքը տնտեսական գործնեության դեմ ուղղված հանցանք է և ոտնահարում է ինչպես սահմանված կարգով նույն գործնեությունը իրականացնող անձանց և կազմակերպությունների, այնպես էլ պետության օրինական շահերը:

Ինչպես կայանման համար ապօրինի կերպով գանձումներ կատարելու, այնպես էլ արտարժույթի առուվաճառքի առանձին դեպքերի արձանագրման դեպքում նախապատրաստված նյութերով որոշումներ են կայացվում քրեական գործ հարուցելը մերժելու, առանձին դեպքերում՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ համապատասխան անձանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Խնդիրն այն է, որ վերջիններս բացատրություններ են տալիս ընդամենը մեկ անգամ նման գործունեությամբ զբաղվելու մասին, իսկ ձեռնարկված միջոցառումներով չեն պարզվում նրանց հետ գործարքների մեջ մտած անձանց ինքնությունները, արտարժույթի ապօրինի փոխանակման դեպքում՝ նաև գնված արտարժույթի չափը:

Սակայն ուսումնասիրությամբ պազվում է, որ նախկինում ևս այդ անձանց նկատմամբ նյութեր նախապատրաստվել են, սակայն նույն հիմքով քրեական գործեր չեն հարուցվել և անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվել: Այսինքն նրանք անարգել, փաստացի Գյումրի քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածներում, որտեղ նաև պարեկային ծառայություն են իրականացնում ոստիկանության ծառայողները, շարունակում են իրենց ապօրինի գործողությունները:

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի կողմից Ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը հասցեագրված գրություններով հանձնարարվել է գործադրել ոստիկանությանը վերապահված գործիքակազմը՝ ավտոկայանատեղիներում որոշակի անձանց կողմից գումարների անհիմն գանձման դեպքերը բացառելու ուղությամբ՝ նշված միջոցառումների սոցիալական հետևանքների հաշվառմամբ: Միաժամանակ կարևոր է համարվել քաղաքացիներին ավտոկայանատեղիներում ավտոմեքենաների կայանման համար նախկինում սահմանված տեղական տուրքերի վերացման մասին իրազեկելը:

Հանձնարարվել է նաև ուժեղացնել հսկողությունը տարադրամի ապօրինի փոխանակողներին, նրանց հետ գործարքներ կատարող և ականատես անձանց պարզելու, նման դրսևորումները կանխելու, արմատախիլ անելու համար՝ հնարավորություն տալով այդ անձանց տեղափոխվելու օրինական, լիցենզավորված գործոնեության դաշտ:




Լրահոս