Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։
Արտգործնախարարները բարձր գնահատեցին հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։
Հեռախոսազրույցի ժամանակ մտքեր փոխանակվեցին նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի մի շարք հարցերի, Արևելյան գործընկերության առաջիկա օրակարգի և ԱլԳ «ետ-2020» տեսլականի շուրջ։ Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ ՀԸԳՀ լիարժեք և արդյունավետ կիրարկումը շոշափելի նոր լիցք կհաղորդի ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխշահավետ համագործակցության խթանման գործում:
Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանային կայունության, անվտանգության և մարդասիրական հարցերին։
Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար բարդ իրադրությունը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային հանրության և համապատասխան մասնագիտացված կառույցների տեղում ներգրավվածությունը։