Արցախի Մարտունի քաղաքում այրված դիակի հայտնաբերման դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:
«Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջբաժին 2021 թվականի մարտի 20-ին հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նույն քաղաքի Մայիսի 9-ի փողոցի թիվ 1 հասցեի առանձնատան բակում հայտնաբերվել է նշված տան բնակչուհի Գ.Ղ.-ի դիակը` այրված վիճակում: Հաղորդման հիման վրա կատարված նախնական ստուգմամբ՝ Գ.Ղ-ի տանը հայտնաբերվել է ենթադրաբար տուժողի կողմից թողնված գրությունը, իսկ ամուսնու կողմից հայտնվել էր տանը պահվող` բենզինի պարունակությամբ շշի բացակայության մասին»,-մանրամասնում են Գլխավոր դատախազությունից՝ հավելելով,որ վերոհիշյալ դեպքի առթիվ տարածքային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը» նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: