ՀՀԿ-ում «թեժ» է. ընտրությունների գնալու հարցը դարձել է «վեճի» թեմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` Հայաստանի Հանրապետական կուսակցությունում այս օրերին թեժ քննարկումներ են: Բանն այն է, որ կուսակցության մարզային, քաղաքային նախկին ղեկավարները կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին համոզում են, որ պետք է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, քանի որ իրենք կարող են շատ ձայներ հավաքել ու «հայտնվել» խորհրդարանում:

Մեր տեղեկություններով ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը դեռեւս որեւէ հստակ բան չի ասում իր թիմին արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հետ կապված, քանի որ վերջինս ի կզբանե հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ իրենք նպատակահարմար չեն համարում ընտրությունների մասնակցել: Ու դա է պատճառը, որ այս օրերին այս հարցը դարձել է քննարկումների ու թեժ բանավեճերի թեմա:

Մենք փորձել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից պարզել, թե որքանով է իրական այս տեղեկությունները: «ՀՀԿ-ի ներսում երկրի քաղաքական օրակարգին համահունչ թեժ քննարկումներ մշտապես եղել են, կան եւ կլինեն: Քաղաքական կուսակցությունները, քաղաքական մտքի դարբնոցներ են, հատկապես ՀՀԿ-ի նման ինտելեկտուալ, ազգային քաղաքական ուժի պարագայում, այսինքն երկրի օրակարգային հարցերը չեն դադարել մեզ մոտ քննարկվել: Ինչ վերաբերում է ընտրություն-չընտրություն թեմային, ապա ՀՀ-ում ընտարական գործընթաց մեկնարկած չի, որպեսզի պաշտոնական դիրքորոշման անհրաժեշտություն լինի կուսակցությունում: Ակնհայտ է Սերժ Սարգսյանի վերջին ուղերձի դրույթի կենսունակությունը ու խորությունը, որ առանց ՀՀԿ-ի քաղաքական գործընթացները վճռորոշ փուլ թեւակոխող չեն կարող, ՀՀԿ-ի ձայնը լսելի եղել է կա ու կլինի»,-հայտարարեց Աշոտյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս