Փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է, որ դատարանի որոշմամբ վերացվել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
«Այսօր կայացած նիստի ընթացքում միջնորդություն էի ներկայացրել Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, առհասարակ վերացնելու մասին։ Հիմքերից մեկը հանդիսանում էր այն, որ 2020 թվականից մինչ օրս պարոն Բաբլոյանը 4 անգամ թույլտվություն էր ստացել կարճ ժամանակով մեկնելու Հայաստանից և դրանցից երեքի դեպքում մեկնել է և սահմանված ժամկետից շուտ վերադարձել։
Իսկ մեկ դեպքում, որը, ի դեպ, տրամադրվել էր 2020 թվականի մարտ ամսին մեկնելու վերաբերյալ և հենց Գլխավոր դատախազության կողմից՝ նախաքննության փուլում առհասարակ չէր օգտվել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։ Չնայած այս հանգամանքներին Դատախազությունը ինչպես միշտ առարկեց միջնորդությանը, սակայն դատարանը իրապես իրացրեց արդարադատություն։
Իրավապահ մարմինները պետք է գիտակցեն, որ խափանման միջոցը «բոլոր դեպքերում» կիրառելու համար չէ, այն պետք է ունենա իրական հիմքեր, իսկ եթե դրանք չկան՝ պարզապես ենթակա է վերացման»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։