ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ՝ ԳԶՎՌՏՈՑԻ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը դարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննարկման թեժ թեման: Բանն այն է, որ օրենսգրքի նախագծի ընդունման հարցում իմքայլականները բաժանվել են երկու թեւի: Մարզերից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորներն ամեն ինչ անում են, որ ընտրությունների գնան հին օրենսգրքով, որպեսզի ռեյտինգային ընտրակարգը չհանվի օրենսգրքից, իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշ անդամներ կողմ են, որ Ընտրական օրենսգրքից ընդհանրապես հանվի ռեյտինգային ընտրակարգը, լինեն միայն համամասնական կարգով ընտրություններ: Օրենսգրքի փոփոխություններին կողմ է նաեւ իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը տեւական ժամանակ է՝ աշխատում էր օրենսգրքի փոփոխությունների վրա: Օրենսգրքի փոփոխությունների կողմնակից են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւ Հայրապետյանը, Աննա Կարապետյանը, որոնք դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններին գնալ ներկայիս ընտրակարգով: Ու այժմ այս հարցը դարձել է տարաձայնությունների պատճառ: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ հստակ իր թիմին չի ասել, թե այս հարցում իր վերջնական դիրքորոշումը որն է: Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո խմբակցությունը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նրանք լծվել էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերը կարգավորելու գործին: Այժմ սպասում են Փաշինյանի խոսքին` հետագա քայլերի համար: Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքով առաջին հերթին պետք է փոխվեր ռեյտինգային համակարգը: Փաշինյանի խոսքով՝ հենց այս համակարգի շնորհիվ էին նախկին իշխանությունները կարողանում վերարտադրվել, քանի որ օգտագործում էին գործարարների, հեղինակությունների ռեսուրսները եւ հենց նման անձանց շնորհիվ ձայներ բերում, այլ ոչ թե գաղափարների: Սակայն հիմա, կարծես թե, Փաշինյանի սրտով է ռեյտինգային ընտրակարգը, եւ նա եւս որոշել է նոր ընտրությունները կազմակերպել՝ օգտագործելով հենց իր կողմից մերժված գործիքները:

 

 

 

 

Մարտի 23-ին Ազգային ժողովը գումարելու է հերթական նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Այդ օրերին խորհրդարանում պետք է կազմակերպվի Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն, քանի որ նախորդ նստաշրջանի ժամանակ իշխող «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը, եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին «պատժելու» համար Արմեն Հայկյանցը եւ Արսեն Մկրտչյանը մերժվեցին` չհավաքելով բավարար թվով ձայներ: Հիմա պիտի լինի դատավորների քվեարկության երկրորդ փուլը, սակայն որքան էլ «Իմ քայլը» ջանում է՝ կրկին Ռուբեն Վարդազարյանը ԱԺ գնա եւ պատասխանի իրենց հարցերին, ամեն դեպքում «ԱԺ կանոնակարգ»-ը թույլ չի տալիս: Իշխանական պատգամավորները հիասթափված են, եղանակներ են փնտրում եւս մեկ անգամ Վարդազարյանին «բերման ենթարկելու» համար: Ամեն դեպքում, մյուս շաբաթ պատգամավորները պետք է դատավոր ընտրեն, եւ ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը հյուրընկալվել է Նիկոլ Փաշինյանի առանձնատանը, ստացել եւ տվել հավաստիացումներ` լինելու հնազանդ եւ «ճիշտ» դատավոր:

 

 

 

 

ՀՀ իշխանությունները այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչպես ձեւափոխել ուժային կառույցները, դատական համակարգը, որ կարողանան ցանկության դեպքում յուրաքանչյուրին իրավաբանորեն պատժել: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովում նիստի ժամանակ հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է եւ դրա փոխարեն, ըստ էության, լինելու է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ըստ օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում եւ իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով՝ կոմիտեն կարող է իրականացնել նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն: Այստեղ ուշագրավն այն է, որ երբ իշխանությունները սկսեցին խոսել նոր կենտրոնի ստեղծման մասին, «Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականի հունիսի 8-ին գրել էր, որ ՀՔԾ-ն լուծարվելու է, սակայն 2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասել էր, թե Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ չի նախատեսվում լուծարել ՀՔԾ-ն։ Ավելին, հենց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նույն Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ն չի լուծարվելու: ԵՎ, ահա, այժմ՝ մեկ տարի անց, Բադասյանն ասում է, թե իրավապահ մարմինների եւ, մասնավորապես, ՀՔԾ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել ՀՔԾ-ն` ուժը կորցրած ճանաչելով «ՀՔԾ-ի մասին» օրենքը:

 

 

 

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պալատն ուսումնասիրել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը: Այսպես, պարզվում է, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ 83 աշխատակից ընդհանուր 2022 աշխատանքային օր գտնվել են Հայաստանի տարածքից դուրս, սակայն աշխատաժամերի հաշվարկման տեղեկագրերում իրականացվել է բացակայած օրերի համար աշխատաժամերի հաշվարկ, դրա համար վճարվել է 9 մլն 216 հազար 200 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի հունվարի 23-ին շրջակա միջավայրի նախարարության, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակ եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է տրամադրվեր ընդհանուր 2300 խմ վառելափայտ՝ 11 մլն 799 հազար դրամ արժեքով, բայց ՊՈԱԿ-ից Հաշվեքննիչ պալատին տեղեկացրել են, որ 2018 թվականի փետրվար, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում տրամադրվել է 1637 խմ վառելափայտ՝ 8 մլն 397 հազար դրամ արժեքով: Բացի այս, պայմանագրի փոփոխությամբ տրակտորի եւ փայտածուխի արտադրամասի փոխարեն ձեռք է բերվել «Տոյոտա ԼԿ պռադո 4.0 լ» մակնիշի ավտոմեքենա:

 

 




Լրահոս