«ATV» հեռուստաըներության եթերում կլինի նոր՝ «Պոպկորն» սկետչ շոու նախագիծը: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է նախագծի ռեժիսոր, դերասան Գուրգեն Սարգսյանը, որը նաեւ Գրիգոր Դանիելյանի եւ Գարիկ Սեփխանյանի հետ համատեղ մասնակցել է սցենարային աշխատանքներին:
Ըստ մեր զրուցակցի՝ նախագծի անվանումն ընտրել են «Պոպկորն», որովհետեւ մարդիկ հիմնականում նման նախագծերը դիտում են պոպկորն ուտելով:
Նշենք, որ դերասանական հիմնական կազմում են՝ նախագծի հիմնադիր Գրիգոր Դանիելյանը, նախագծի ռեժիսոր Գուրգեն Սարգսյանը, Եվա Զոհրաբյանը, Սաթենիկ Հազարյանը, Գարիկ Սեփխանյանը, էպիզոդիկ դերերում հանդես է գալիս Գրիգորի կինը՝ Հռիփսիմե Ելինյանը:
«Սցենարային աշխատանքներից սկսած՝ մինչեւ վերջին օրը, աշխատել ենք երեքով. նախագծի պրոդյուսերը Գրիգոր Դանիելյանն էր, ռեժիսորը ես եմ եղել սիթքոմի, իսկ սցենարի վրա աշխատել ենք Գարիկի հետ միասին: Անվան ընտրությունը երկար քննարկվել է, եւ որոշեցինք վերջնական այն անվանել «Պոպկորն», քանի որ նման սկետչները հիմնականում նայում են պոպկորն ուտելով, քանի որ այն շատ թեթեւ, հումորային նախագիծ է, ինչու չէ, նաեւ հետաքրքիր անվանում է»,-նշում է Գուրգեն Սարգսյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ «Պոպկորն» նախագծի սցենարի հիմքում ընկած են մեզ բոլորիս հայտնի անեկդոտները, պարզապես փորձել ենք ներկայացնել մեր դիալոգներով այսօրվա խոսակցական, ուղղակի փորձել ենք մի փոքրիկ ավելի գեղեցկացնել, արդիականացանել: Օրինակ՝ սցենարը կազմել ենք ռուսական «Եռալաշի» մոտիվներով, որպեսզի եւ՛ երեխաներին դուր գա, ե՛ւ մեծերին: Իրականում կատարել ենք բավականին դժվարին եւ աշխատատար աշխատանք, բայց, կարծում եմ, մեզ մոտ ամեն ինչ ստացվել է»:
«Նկարահանումները տեղի են ունեցել ամբողջ Հայաստանում, այնտեղ, որտեղ մեզ նկարահանման համար հարմար է եղել»,- նշում է Գուրգենը եւ հավելում, որ նկարահանումներ տեղի են ունեցել նաեւ փակ տարածքներում:
«Թիմում ընդգրկված են այնպիսի մարդիկ, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել ենք, սիթքոմում ընդգրկված բոլոր երեխաները «Տրիո ստուդիոյի» սաներն են: Ես ինքս էլ առաջին անգամը չէ, որ աշխատում եմ դերասանների հետ: Աշխատել ենք շատ ջերմ ընկերական միջավայրում, հույսով եմ՝ այն իր տեղը կգտնի եւ մեծ ռեյտինգ կապահովի»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Հավելենք, որ ավելի վաղ նախագծի հիմնադիր եւ պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը հայտնել էր, որ նախագիծը ցուցադրվելու է յութուբյան էջում եւ «ATV» հեռուստաընկերությամբ: Սկետչերը լինելու են 3-6 րոպե տեւողությամբ, ամեն ինչ կախված է լինելու սցենարի ծավալից: Սկետչերի հիմքում ընկած են երկուտողանոց անեկդոտները, որոնք վերածվել են սցենարի:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին կատարել է հեղինակի սիրված մի շարք ստեղծագործություններ՝ բավականություն պատճառելով հանդիսատեսին:
«Հերոսական բալլադ» խորագրով երեկոն տեղի է ունեցել մարտի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը ղեկավարել է Սիմֆոնիկի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հետեւելով իրենց հիմնական առաքելությանը, այն է՝ ներկայացնել հայ կոմպոզիտորական եւ հայ կատարողական արվեստը Հայաստանում եւ արտերկրում՝ նախաձեռնել են այս կարեւոր համերգը:
«Այս տարի հոբելյանները շատ են, բայց առաջին նշանակալի համերգը Բաբաջանյանին ենք նվիրել: Ներկայացնելու ենք կոմպոզիտորի բազմաժանր գործերը՝ դասական, էստրադային ստեղծագործությունները, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Համերգին հնչելու են Բաբաջանյանի դաշնամուրի եւ նվագախմբի համար ստեղծագործությունները, որոնք այս ֆորմատով՝ դաշնամուրի եւ նվագախմբի կատարմամբ, առաջին անգամ են կատարվում»,-շեշտել է Բալբաբյանը:
Խորհրդանշական համերգին որպես մենակատարներ ելույթ են ունեցել դաշնակահար Ալեքսանդր Գինդին, սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, բարիտոններ Գեւորգ Հակոբյանն ու Իլյա Կուզմինը:
Սիրանուշ Գասպարյանի խոսքով՝ Բաբաջանյանը դասական երգչուհիների համար շատ քիչ գործեր է գրել: Եզակի է Լուսինե Զաքարյանի համար գրված Vokalis-ը: «Որպես ունկնդիր սիրում եւ վայելում եմ նրա բոլոր ստեղծագործությունները: Մեծ ցանկություն կա նաեւ կատարելու դրանք, բայց ձեւաչափը չի համապատասխանում: Կարծում եմ՝ Առնո Բաբաջանյանը սպասված կոմպոզիտոր է, որը միջազգային սեր է վայելում»,- նշել է օպերային երգչուհին:
Ըստ Ալեքսանդր Գինդիի՝ Բաբաջանյանը հրաշալի կոմպոզիտոր է, զարմանալի, ջերմ երաժիշտ է, փայլուն դաշնակահար: Գինդիի կարծիքով՝ Բաբաջանյանի տաղանդն անտարբեր չի թողնում ոչ ոքի:
Համերգի առաջին հատվածում ներկայացվեցին երաժշտություն «Իմ սիրտը լեռներում է» կինոֆիլմից, «Հորժամ» սոպրանոյի եւ լարային նվագախմբի համար, «Հերոսական բալլադ» դաշնամուրի եւ նվագախմբի համար գործերը: Երկրորդ մասում հնչեցին «Վերադարձրո՛ւ ինձ երաժշտությունը», «Ճակատագիր», «Ձմեռային սեր», «Շնորհակալ եմ քեզ», «Քո հետքերը», «Մի՛ շտապիր», «Անուրջներ», «Առաջին սիրո երգը», «Սատանու անիվ» եւ մի շարք այլ գործեր:
ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է ազգային թիմի կազմը Սան Մարինոյի (մարտի 25), Ալբանիայի (մարտի 28) ու Լեհաստանի (մարտի 31) հավաքականների դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի համար. հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Առաջին անգամ ազգային թիմից հրավեր են ստացել «Վեստ Բրոմվիչի» դարպասապահ Սեմ Ջոնսթոունը եւ «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոտկինսը:
ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է
Խառը մենամարտերի UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը պատոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին: UFC-ի նախագահ Դեյնա Ուայթի հետ զրույցից հետո 32-ամյա մարտիկը չի փոխել իր որոշումը: «Սա լավ ընթրիք էր հրաշալի մարդկանց հետ: Դեյնա Ուայթ, մեծ շնորհակալություն, եղբա՛յր: Շնորհակալ եմ նաեւ UFC-ի ամբողջ թիմին ինձ դրսեւորվելու հնարավորության համար: Այդ մարզաձեւի շնորհիվ դուք մեկընդմիշտ փոխեցիք կյանքս: Դեյնա՛, ես երբեք չեմ մոռանա քո վերաբերմունքը: Հայրս չի մոռացել, որիդներս նույնպես կհիշեն քեզ: Այսօր իսկական զրույց էր իսկական տղամարդկանց միջեւ: Շնորհակալ եմ նաեւ ամբողջ թիմին, տնտեսական գործընկերներին ու բոլոր երկրպագուներին: Հուսով եմ՝ դուք կընդունեք իմ որոշումը եւ կհասկանաք ինձ»,- գրել է Խաբիբը: Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ եւ հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին: MMA-ում նա անցկացրել է 29 մենամարտ եւ տարել նույնքան հաղթանակ: