Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու պարագայում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր խորհրդարանում նաեւ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Սակայն Մակունցն այդպես էլ չցանկացավ պատասխանել՝ արդյոք 44 օրյա պատերազմից եւ պարտությունից հետո Փաշինյանը վարկաբեկվել է, թե ոչ:
Իշխանությունը դեռ քննարկում է՝ ընտրությունների գնալ նոր «Ընտրական օրենսգրքով», թե ոչ: Միևնույն ժամանակ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ է դրվել։ Այն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով։ «Ընտրական օրենսգրքի» առանցքային փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգից անցումն է ամբողջական համամասնական ընտրակարգի, այսինքն` փոփոխությունից հետո քաղաքական ուժերը ընտրողին կներկայանան միայն կուսակցությամբ։
Խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դեմ է նոր ընտրական օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալուն: Վերջինս այլ տարբերակ է առաջարկում:
Խորհրդարանում մեծությամբ երկրորդ ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», դեռ դիրքորոշում չի հայտնում՝ որ տարբերակին է կողմ։ Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս դեմ է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությանը եւ հատկապես վարկանիշային համակարգի վերացմանը: Իշխող խմբակցությունում ևս ոչ բոլորն են կողմ փոփոխությանը։
«Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը հատկապես պահանջում են հասարակական կազմակերպությունները և մի քանի արտախորհրդարանական ուժեր։ Ընդ որում, քաղհասարակության ներկայացուցիչները երեկ հանդիպել են վարչապետ Փաշինյանին ու քննարկել այս հարցը։
Իշխանությունը կարևորում է, որ Ազգային ժողովի ընդդիմության հետ փոխհամաձայնությամբ ընդունվի «Ընտրական օրենսգիրքը», սակայն Էդմոն Մարուքյանը բացառում է, որ իրենք կհամաձայնեն կամ կողմ կքվեարկեն այս առաջարկվող նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում: