Հայաստանում սննդամթերքն այնքան է թանկացել, որ հավասարվել է ոսկու գնին: Թանկացել է կարագը, հավկիթը, հացը, ձեթը: Միայն ձեթի գինը 12-ամսյա կտրվածքով 600 դրամից բարձրացել է՝ դառնալով 1200 դրամ: Օրինակ, մեկ լիտր եգիպտացորենի ձեթն այսօր սուպերմարկետներում վաճառվում է ավելի քան 1600 դրամով, իսկ արեւածաղկի ձեթը՝ 1800 դրամով:
Մարդիկ համացանցում արդեն կատակում են տեղադրելով լուսանկար, որտեղ ավտոմեքենան առաջարկում են փոխել 10 շիշ ձեթով: Շատերն էլ կատակում են՝ նշելով, որ ձեթն այնքան է թանկացել, որ հասել է սրտի վիրահատության գներին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օրերին մարդիկ լսելով, որ ձեթն առաջիկայում ավելի է թանկանալու, սուպերմարկետներից, խանութներից այն գնում են ոչ թե հատով, այլ՝ տուփերով: Չի բացառվում, որ առաջիկայում ներքին շուկայում ձեթի դեֆիցիտ առաջանա: Ի դեպ, հանրության մեծ մասն այս օրերին կարողանում է խանութներից գնել միայն պահածոյացված տավարի միս, մակարոն եւ ձեթ: Թարմ մսամթերք չեն կարող գնել, պարզապես գումար չունեն:
Ս.Հ.