Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականում մարտի 19-ին հրապարակվել է Հայաստան գործուղված թղթակից Ֆոստին Վենսանի ևս մեկ հոդված։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լրագրողը հարցազրույցներ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանի, ինչպես նաև Հայաստանի բնակիչների հետ։
Լրագրողն անդրադառնում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ինչպես նաև այդ համաձայնության շրջանակում 1960 ռուս զինվորի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման նպատակով հինգ տարի ժամկետով տեղակայմանը: Նշվում է, որ ռուս զինվորականները տեղակայվել են նաև Հայաստանի հարավ-արևելքում` Սյունիքում:
«Նրանք, ովքեր տեղակայվել են Հայաստանի տարածքում` Սյունիքում, այդ զորակազմի մաս չեն կազմում: Նրանք միջնորդների դերն են իրականացնում` խուսափելու Հայաստանի սահմանակից գյուղերի բնակիչների և ադրբեջանցի զինվորների միջև լարվածությունից»,- հստակեցրել է ՀՀ ԱԳ նախարարը:
Ֆոստին Վենսանն անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի փետրվարի 22-ին արտահայտած այն մտքին, որ Երևանը հակված է 1995թ.-ից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնմանը երկրի հյուսիս արևմուտքում, և, որ Ռուսաստանը նաև կօգնի բարեփոխել հայկական բանակը: Նախարարը հավելել է, որ «Ղարաբաղի փորձը հաշվի առնելով` մեզ պետք է արմատապես վերանայել և օպտիմալացնել մեր հնարավորություններն ու ուժերի թվաքանակը»: Ջանքերը կուղղվեն վերահսկման, հետախուզության, օդային պաշտպանության համակարգերի, անօդաչու ինքնաթիռների, հրթիռների և հրետանու զարգացմանը:
Հոդվածագիրն անդրադառնում է, թե ինչպես է 2018թ.-ին ժողովրդական ու խաղաղ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն եկել իշխանության` տապալելով հետխորհրդային կոռումպացված վարչակազմը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա` ափսոսանքով հավելելով, որ չնայած դրա ակնհայտ լինելուն՝ ամբողջ աշխարհը աչք է փակում այդ հանգամանքի վրա։ Ռուսաստանի դերի կապակցությամբ Արա Այվազյանն ընդգծել է, որ Ռուսաստանը մեր ավանդական դաշնակիցն է, և նրա շնորհիվ է, որ աղետից խուսափեցինք: Եվ այսօր Ռուսաստանն է, որ թույլ է տալիս խուսափելու նոր լարվածությունից: