
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքի 34-ամյա բնակչի սպանության հանգամանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2021թ. մարտի 23-ին՝ ժամը 10.50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի, պարանոցի, կրծքավանդակի և դաստակների շրջանում հրազենային վնասվածքներով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակից հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի՝ 1986թ. ծնված բնակչի դին:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի, դիակի, դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի զննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: