ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՆ, ԲԱՅՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական երեք ուժերը Հայաստանում սկսել են նախընտրական քարոզարշավը, համենայնդեպս դա են վկայում խորհրդարանական «Իմ քայլը», ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների քայլերը: Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունները հունիսի 20-ին անցկացնելու վերաբերյալ միայն ֆեյսբուքյան հայտարարություն է եղել: Խորհրդարանական խմբակցությունները լծվել են գործի, չնայած արտախորհրդարանական ուժերը դեռեւս հրապարակային ոչինչ չեն ձեռնարկում եւ ինչ-որ քայլերի են սպասում իշխանությունների կողմից: Իսկ Հայաստանում հաստատված կարանտինի, մեկ օրում մի քանի հարյուրից ավել կորոնավիրուսի նոր դեպքերի արձանագրման պարագայում կուսակցությունների մարզային այցելություններն այլ կերպ, քան նախընտրական քարոզչություն, դժվար է անվանել: Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից մի քանիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շաբաթ օրն անցկացրին Արագածոտնի մարզում: Նրանք եղան մի քանի քաղաքներում, հավաքներ անցկացրին, ընդ որում՝ վարչապետը չնայած հաճախ դիմակ էր կրում, սակայն սոցիալական հեռավորություն չէր պահում եւ անկաշկանդ ձեռքով բարեւում էր մարդկանց, շփվում տեղացիների հետ: Խոսքը վերաբերում է նաեւ մյուս ՔՊ-ականներին, եւ անգամ հրապարակված կադրերից է պարզ երեւում, որ նրանցից շատերն անգամ դիմակ չեն կրում համավարակային այս պայմաններում՝ չհարգելով իշխանության սահմանած կարանտինը: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի եւ նրա թիմի մարզային այցերն ամենշաբաթյա բնույթ են կրելու մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, իսկ արդեն երեկ նա կուսակցությունում էր հավաքել իր թիմին:

Նկատենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 19-ը սահմանում է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորեւ անվանվում է նախընտրական քարոզչություն»: Նույն հոդվածը սահմանում է նաեւ. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»: Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ քաղաքական ուժերը օգտվում են ԸՕ 19 հոդվածով նախատեսված իրավունքից եւ 3 ամիս առաջ արդեն սկսել են նախընտրական քարոզչությունը։

 

 

 

Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆիա Հովսեփյանն ու Աննա Գրիգորյանը հանդես են եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ են դրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։ Մասնավորապես, անկախ պատգամավորները ցանկանում են օրենքով ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից: Հիմնավորման մեջ նշվում է, որ պետությունը պետք է 100%-ով երաշխավորի սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: «Պետք է խրախուսենք սահմանամերձ մեր համայնքների բնակիչների շահագրգռվածությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Թշնամուն բավականին մոտ գտնվող հողատարածքները պետք է 100% ով մշակված լինեն: Սահմանամերձ համայնքի բնակիչը պետք է հասկանա, որ պետությունն այս ծանր իրավիճակում իր կողքին է եւ մտածում է իր մասին», – նշում են պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ: Այսպիսով, նախագծի ընդունումից հետո Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին կընձեռվի սոցիալական աջակցության նոր՝ երաշխավորված հնարավորություններ, կթեթեւանա գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, կբարելավվի սահմանամերձ համայնքների տնտեսական եւ ֆինանսական պայմանները, կխթանվի տեղի բնակիչների զբաղվածությունը, ինչպես նաեւ նախագիծը կնպաստի գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած եւ չմշակվող վարելահողերի եւ մյուս հողատեսքերի՝ արտադրության մեջ ներգրավմանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտում իսկական խառնաշփոթ է: Բանն այն է, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ներառված կուսակցության առաջնորդները կողմ են, որպեսզի Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը չհանվի, քանի որ, ըստ իրենց, այդկերպ իրենց կհաջողվի ընտրություններում ցանկալի ձայներ հավաքել։ Իսկ քանի որ իշխանությունները նպատակ ունեն ռեյտինգային ընտրակարգը հանել օրենգրքից, այն դժգոհություն է ստեղծել ընդդիմության համար: Ըստ մեր աղբյուրների՝ անգամ քննարկվում է այն հարցը, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնա այն ճանապարհով, որ ռեյտինգային ընտրակարգը հանվի Ընտրական օրենսգրքից, այդ դեպքում իրենք գուցե չմասնակցեն ընտրությունների, քանի որ ստացվելու է երեւանյան խորհրդարան, ուր ներկայացված չեն լինի մարզերը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս կողմ է ռեյտինգային ընտրակարգի պահպանմանը, բայց նրա թիմի 40 տոկոսը դեմ է, որ ռեյտինգային ընտրակարգը շարունակի գործել: Ի դեպ, նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, ու նաեւ անհրաժեշտ է, որ այն ընդունվի քաղաքական կոնսենսուսի պայմաններում, ուստի այն հանելու համար պետք է խորհրդարանի ընդդիմությունը եւս իր համաձայնությունը տա: Ընդդիմությունը մտահոգված է նաեւ այն հարցի շուրջ, որ, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հայտարարությունը մեծ բլեֆ է, ու, կարծես թե, վերջինս նպատակ չունի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Իսկ թե ինչ հագուցալուծում կստանա այս հարցը, դժվար է ասել, քանի որ այժմ էլ բոլորը շունչները պահած սպասում են, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ հրաժարական կներկայացնի, իսկ հրաժարականի ժամկետը ապրիլի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածն է:

 

 

 

Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. ավտոմեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, անհայտ անձինք գողանում են մեքենաների համարանիշները։ Ի դեպ, գողանում են մեքենայի դիմացի եւ հետեւի համարանիշները: Ավելին, դրանք գողանալուց հետո հանցագործները մեքենայի դիմապակու վրա թողնում են գրություններ եւ առաջարկում Viber-ով կապ հաստատել իրենց հետ, ապա պահանջում համարանիշների վերադարձի դիմաց կլորիկ գումար վճարել՝ լավ իմանալով, որ ճանապարհային ոստիկանությունը, ըստ օրենքի, միանգամից երկու պետհամարանիշները չի վերականգնում։ Այսինքն՝ վարորդները ստիպված են լինում իրենց սեփական համարանիշները կորելու դեպքում  նորից վճարել ընդհուպ մինչեւ մի քանի միլիոն դրամ։ Սովորաբար վարորդները լուռ համաձայնում են գողերին վճարել պահանջվող գումարը, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերականգնում է միայն մեկ կորցրած համարանիշը։ Օրինակ` եթե գողացել են ձեր մեքենայի 30 LL 030 համարանիշը, որի համար նախապես մասնակցել եք աճուրդի եւ վճարել 300 կամ 400 հազար դրամ, իսկ դրա դիմաց գողերը պահանջում են վճարել 40-50 հազար դրամ, ապա դուք կնախընտրեք համագործակցել հանցագործի հետ, քանի որ, ըստ օրենքի, չեք կարող նույն համարանիշը կրկին ստանալ, իսկ «գոլդ» համար ունենալու համար ստիպված կլինեք դարձյալ մասնակցել աճուրդի  եւ 300-400 հազար դրամ վճարել։ Ուշագրավն այն է, որ համարանիշի գողության դեպքերը Հայաստանում մեծ տարածում են գտնում, իսկ ՀՀ ոստիկանությունը, կարծես թե, ոչինչ չի ձեռնարկում դրանք բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ։ Տպավորություն է, թե ոստիկանության որոշ օղակների գիտությամբ են թաղային գողերը վարորդների հաշվին բիզնես անում։

 




Լրահոս