Մարտի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց: Համապատասխան որոշումը կայացվել է երեկ ԱԺ խորհրդի նիստում: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է օրակարգում ընդգրկված նախագծերը: Օրինակ՝ երկրորդ հարցը Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախագիծն է:
Հաջորդ օրը տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն: Նախորդ նստաշրջանի ժամանակ իշխող «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը, եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին պատժելու համար Արմեն Հայկյանցը եւ Արսեն Մկրտչյանը մերժվեցին` չհավաքելով բավարար թվով ձայներ: Հիմա պիտի լինի դատավորների քվեարկության երկրորդ փուլը, սակայն որքան էլ «Իմ քայլը» ջանում է՝ կրկին Ռուբեն Վարդազարյանը ԱԺ գնա եւ պատասխանի իրենց հարցերին, ամեն դեպքում, «ԱԺ կանոնակարգ»-ը թույլ չի տալիս: Իշխանական պատգամավորները հիասթափված են, եղանակներ են փնտրում եւս մեկ անգամ Վարդազարյանին «բերման ենթարկելու» համար: Ամեն դեպքում, մյուս շաբաթ պատգամավորները պետք է դատավոր ընտրեն, եւ ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը հյուրընկալվել է Նիկոլ Փաշինյանի առանձնատանը, ստացել եւ տվել հավաստիացումներ` լինելու հնազանդ եւ «ճիշտ» դատավոր:
Իսկ արդեն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, խորհրդարանը կքննարկվի ընդդիմադիր երկու ուժերի ներկայացրած նախագիծը: Վերջիններս առաջարկում են վերացնել Հայաստանում գործող ռազմական դրությունը: Նկատենք՝ չնայած իշխող ուժը մի քանի անգամ դեմ է արտահայտվել այս նախագծին, սակայն հիմա ռազմական դրության վերացումը ձեռնտու է հենց իշխանություններին, քանի որ միայն այդ դեպքում նրանք կկարողանան հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նշենք, որ ռազմական դրությունը ներդրվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին` Արցախյան պատերազմի հենց առաջին օրը: Փետրվարի 26-ին խորհրդարանը պետք է քննարկեր այս հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմադիր պատգամավորների առաջարկը, բայց նիստը տեղի չի ունեցել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ անընդհատ հարց է հնչում, թե ինչու է ուզում ընդդիմությունը ռազմական դրությունը վերացնել. «Սահմանադրությամբ ԱԺ փոքրամասնության իրավունքները սահմանափակված են ռազմական դրության ժամանակ։ Խորհրդարանական ընդդիմությունը չի կարող անվստահության գործընթաց սկսել ռազմական դրության ժամանակ։ Եվ նաեւ Երեւանի ավագանիում էլ, եթե ավագանին ուզենա քաղաքապետին անվստահություն հայտնել, էլի չի կարող դա անել։ Այսինքն՝ Հայաստանում սահմանափակված են ժողովրդավարությունը, ժողովրդավարական գործընթացները, ՏԻՄ մակարդակում ընտրությունների անցկացումը, ժողովրդավարությունը խորհրդարանի մակարդակում, որովհետեւ մենք չենք կարող իմպիչմենտի գործընթաց սկսել։ Հիմա ռազմական դրությունը պահվում է միայն քաղաքական նպատակով»,- հայտարարում է Մարուքյանը:
Այս նախագիծը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները
- Նախագծով առաջարկվում է վերացնել 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը,
- Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում,
- Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
Սոցիալական փորձաքննության արդյունքները
- Նախագծով առաջարկվում է հանդես գալ նախաձեռնությամբ եւ ներկայացնել «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծ,
- Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում,
- Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
Ն.Հ.
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ՝ Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Սեփանյանը, ավարտելով իր հոգեւոր սպասավորությունը Արգենտինայի հայոց թեմում, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ դա հերթական աշխատանքային հանդիպումն էր: «Քննարկման առանցքային հարցերից էին հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների թեման, արտաքին եւ ներքին անվտանգությանը վերաբերող առկա եւ հնարավոր մարտահրավերներ, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող եւ բազմաթիվ այլ օրակարգային հարցեր» -ասել է նա:
ՆՈՐ ՊԵՏ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ:
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ
Ռազմագործողությունների ընթացքում զոհված եւ մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների՝ Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է եղանակի, անբավարար տեսանելիության պատճառով: Այս մասին հաղորդել է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը: Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները վերահսկղական գործողություններ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գեւորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում: Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես, պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ եւ պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմը ապահովված չէ հանդերձարանով: Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
ԶԻՆՎՈՐՆԵՐ ԵՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ
ArmLur.am-ի տեղեկություններով` արտառոց դեպք է եղել Ջերմուկի զորամասերից մեկում: Երեկ՝ ժամը 15:00-ից, երկու զինվոր են անետացել Ջերմուկի զորամասից, եւ, նախնական տեղեկություններով, զինվորները միգուցե մնացել են ձնաբքի տակ: Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ կորած զինվորները Կարեն Շահնազարյանն ու Աղասի Հովհաննիսյանն են, որոնք Քարվաճառի N զորամասից են եղել եւ այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում: Ըստ զորամասից մեզ հասած լուրերի՝ զինվորները 5 օր չէին կարողանում հերթափող կազմակերպել, տղաներն էլ գնացել են իրենց դիրքից մեկ այլ դիրք՝ իրենց ծխախոտ, այլ անհրաժեշտ իրեր բերելու, եւ կորել են: Զինվորներին այս պահի դրությամբ դեռ փնտրում են:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ
Արցախի Մարտունի քաղաքում այրված դիակի հայտնաբերման դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: «ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժին 2021թ. մարտի 20-ին հաղորդում է ներկայացվել, որ նույն քաղաքի Մայիսի 9-ի փողոցի թիվ 1 հասցեի առանձնատան բակում հայտնաբերվել է նշված տան բնակչուհի Գ.Ղ.-ի դիակը` այրված վիճակում: Հաղորդման հիման վրա կատարված նախնական ստուգմամբ՝ Գ.Ղ-ի տանը հայտնաբերվել է ենթադրաբար տուժողի կողմից թողնված գրությունը, իսկ ամուսնու կողմից հայտնվել էր տանը պահվող, բենզինի պարունակությամբ շշի բացակայության մասին»,- մանրամասնել են Գլխավոր դատախազությունից: Հարուցվել է քրգործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Տեղ համայնքում ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա մի բնակչի «Օպելը»։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 եւ 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտով։ Զենք-զինամթերքը առգրավվել ու ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ինքնաձիգները ուղարկվել են Արցախից։ Պարզվել է նաեւ ուղարկողի ինքնությունը, որը տվել է խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։