Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:
«Այսօր հավաքվել ենք, որպեսզի ներկայացնեմ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իհարկե, նորություն չկա, որովհետեւ արդեն երկար ժամանակ բոլորս գիտենք, որ հենց պարոն Դավթյանն է փոխարինելու Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, բայց մեր օրենսդրության առանձնահատկություններից ելնելով՝ ստիպված էինք որոշ ժամանակ սպասել:
Բոլորդ գիտեք, որ պարոն Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով, եւ պետք է արձանագրեմ, որ մենք պարոն Դավթյանի հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել, ու պարզ է եղել, որ նրա ներուժը պետք է անպայման օգտագործենք, մեր պետական գործերում ներգրավենք նրան:
Այս ընթացքում պարոն Դավթյանը ստանձնել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները, նաեւ պատերազմի ընթացքում ես նրան հրավիրել եմ Սյունիք Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպելու կամ ինքնապաշտպանության կազմակերպմանը մասնակցելու նպատակով: Նկատի ունեմ՝ պարոն Դավթյանն այս ընթացքում միշտ ներգրավված է եղել եւ, ըստ էության, կտրված չի եղել պետական գործերից: Համոզված եմ, որ իր առաքելությունը կշարունակի նույնպիսի բարձր մակարդակով, ինչպիսի բարձր մակարդակով սկսել էր: Իհարկե, առաքելությունը հեշտ չէ, չափազանց ծանր ժամանակներ ենք ապրում, եւ խնդիրներն ավելի քան լուրջ են: Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը, եւ խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին Զինված ուժերը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը եւ իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ:
Պարո՛ն Դավթյան, թո՛ւյլ տվեք համոզմունք հայտնել, որ մեզ կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք բխում են մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերից: Մի հանգամանք եւս ուզում եմ ընդգծել. ես, 2018 թվականին Ձեզ ներկայացնելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին, շատ կարեւոր եմ համարել, որ Զինված ուժերի ապաքաղաքական լինելու հանգամանքը ճշգրտորեն պահպանվի, եւ պետք է ասել, որ այդ խնդիրը նույնպես Դուք կատարել եք շատ բարձր մակարդակով:
Մենք 2018 թվականի դեկտեմբերին ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ չի եղել մի ահազանգ, մի դեպք, երբ արձանագրվի, որ Զինված ուժերը որեւէ ձեւով ենթարկվել են քաղաքական ներգործության կամ ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ: Սա չափազանց կարեւոր է, եւ համոզված եմ, որ նույնպիսի հստակ իրավիճակ մենք կունենանք նաեւ հետագայում, ապագայում:
Եվ ուզում եմ կրկնել եւս մեկ անգամ, որ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան փետրվարից մինչեւ այս կողմ, շատ պարամետրերով հասկանալի են: Ցանկանում եմ նշել, հավաստիացնել, որ որեւէ մարդկային, քաղաքական հետք իմ մեջ դա չի թողել, ուղղակի պետք է խնդրեմ, պետք է պայմանավորվենք, որ Զինված ուժերի ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք: Դա պետք է ոչ թե ինձ, դա պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարեւոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին:
Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, այլ բան, որ կան խնդիրներ, հարցեր, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը կառավարությունը պետք է ապահովի, մենք բոլորս պետք է ապահովենք հատկապես այս իրավիճակում: Զինված ուժերը, որնքան էլ մի քիչ տարօրինակ հնչի, պետք է պաշտպանված զգա, բայց, մյուս կողմից էլ, պիտի չխուսափենք բարձրացված հարցերին պատասխանելուց, որովհետեւ դա պետք է առաջին հերթին մեզ: Որոշակի հետեւություններ, իհարկե, պետք է արվեն, բայց այդ հետեւությունները չպետք է լինեն այնպիսին, ինչի վերաբերյալ, ցավոք, իմ համոզմամբ, հաջողվել էր մեր Զինված ուժերի մի շարք հարգելի ներկայացուցիչների համոզել»:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԳՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանրության լայն շրջանակների համար հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված լինելով «Mushegh Shushanyan» օգտատիրոջ տվյալներով, անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական եւ այլ հայացքներով պայմանավորված, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր եւ արդարացրել է բռնությունը:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին եւ 14-ին Շուշանյանը, հիշյալ կայքէջում կատարել է հետեւյալ բովանդակությամբ գրառումները. «Կիլոլին դատելը միգուցե ցանկալի կլիներ դավաճանության լիարժեք պատկերը ստանալու առումով, բայց նրան դատելն անիրատեսական է: Կիլոլի մահավճիռը կայացված է, մահապատիժը պետք է ի կատար ածվի: Ու նա նույնիսկ արժանի չէ թալեաթի պես արժանապատիվ շանսատակ արվելուն. նրա ու նրա պիղծ ընտանիքի պատիժը լինելու է անգութ, դաժան եւ արդար», «Սա ավելի վտանգավոր թշնամի ու թուրք է, քան ամեմաիսկական թուրքը: Նա վտանգավոր է քան էնվերը, թալեաթը, աթաթուրքը: Սա թուրքերի կողմից ներդրված «ական» է՝ հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու եւ հայության վերջին ծվենների ոչնչացման զենք: Ուստի սա ու սրա պիղծ ընտանիքը ենթակա են ոչնչացման: Սատկացրե՛ք սրան, Հայե՛ր»: Վերջին կոչի ներքեւի հատվածում տեղադրել է ՀՀ վարչապետի նկարը:
Շուշանյանին սպասվում է առավելագույնը մեկ տարվա ազատազրկում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքի շուրջ զրուցեցինք փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Վերահաստատում եմ գրառումներս: Իշխանությունը յուրացրած ազգային եւ պետական դավաճան, թշնամու հետ պայմանավորված, պատերազմի միջոցով Հայրենիք վաճառած նիկոլ փաշինյանը պետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության: Սակայն քանի որ նա, իշխանությունը յուրացնելով, ապահովագրել է իրեն քրեական հետապնդումից, իսկ նրա պաշտոնավարումը ազգային անվտանգության մեծագույն վտանգ է եւ մեզ համար տարածքային եւ մարդկային նոր ու անդառնալի կորուստների իրական ռիսկեր է պարունակում, նրա հետ պետք է վարվել այնպես, ինչպես վարվել եւ վարվում են արժանապատիվ եւ քաղաքակիրթ ազգերը թշնամու կողմն անցած, ի շահ թշնամու գործող հայրենավաճառ դավաճանների հետ՝ նրանց մեկուսացնելով եւ արդարադատության առաջ կանգնեցնելով կամ, եթե դա անհնարին է, ֆիզիկապես ոչնչացնելով»:
Ք.Մ.
ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՄԱՄԲ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2020 թվականին ուսումնասիրություն է սկսել 214 սուբյեկտի պատկանող գույքի առնչությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: Նախարարը հիշեցրել է, որ 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: 2020 թվականի սեպտեմբերի 3-ից Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը գործարկվել է: «Ստեղծումից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են»,- ասել է նախարարը:
ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը «The Human Rights Watch»-ի զեկույցի վերաբերյալ. ««The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։ Ինչպես նշված է «The Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով եւ խոշտանգումներով։ Զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։ Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլեւ գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում։
Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները: Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը եւ խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»։