Ներկայումս ներդրումային մի շարք ծրագրեր քննարկման փուլում են՝ սկսած գաղափարից, մինչեւ որոշակի քայլեր: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է ներդրումային վիճակը հիմա, փոխնախարարը պատասխանել է. «Տարածաշրջանում հիմա ներդրումային դաշտի հետ խնդիր կա. մեզ մոտ եղել է պատերազմ, որը ցանկացած նոր ներդրումային միջավայրի համար ռիսկեր է ստեղծում: Ներկայումս մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի այդ ռիսկերի չեզոքացմանը»:
Նախարարի խոսքով՝ հիմա քննարկվում է, թե ինչպես պետք է դա արվի՝ սկսած հատուկ գործիքակազմից, որը մինչ այժմ չի կիրառվել, այսինքն՝ ներդրումային ծրագրերի ուղղակի աջակցություն, վերջացրած ենթակառուցվածքների տրամադրմամբ: Ավանեսյանը նշել է, որ ներդրումային միջավայրը ինչպես մեզ մոտ է վատացել, այնպես էլ Ադրբեջանում, եւ առնվազն ժամանակ է պետք, որ ներդրողները հանգստանան. «Կարճաժամկետ, նույնիսկ միջնաժամկետ խնդիր կա, սակայն երկարաժամկետում մենք կարողանալու ենք շարունակել աճել, մեզ հետաքրքրիր են դարձնում մեր աշխատուժի որակը, ԵԱՏՄ շուկայի հասանելիությունը եւ այլն: Ու դա բոլոր միջազգային ուսումնասիրություններն ասում են, որ այդպես է»:
Նա ընդգծել է, որ իրենց խնդիրն է կապի մեջ լինել ներդրողների հետ, նրանց համապատասխան գործիքակազմ տրամադրել:
Անդրադառնալով հարցին, թե թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հասցրած վնասները այնպիսին են, որ Հայաստանն ի վիճակի է արդյոք այդ արգելքը նորից երկարաձգելու, փոխնախարարը պատասխանել է, որ դժվար է այս պահին գնահատել Հայաստանի տնտեսության վնասները, բայց կատաստրոֆիկ հարված չեն զգում. «Տնտեսության վրա բացասական ազդեցությունները կորոնավիրուսի պատճառով այնքան մեծ են, որ խլացնում են մյուս ազդեցությունները, որոնք կարող էին տեղի ունենալ»:
Ավանեսյանն ընդգծել է, որ բարդ է ասել կորոնավիրուսի պատճառով է ինչ-որ ապրանքի սպառումը նվազել, թե թուրքական ապրանքների արգելքի. «Բայց այն ապրանքները, որոնց նկատմամբ արգելք է մտցվել, մենք պոտենցիալ ունենք արտադրելու, նաեւ պոտենցիալ ունենք այլ երկրներից ներմուծելու համադրելի գներով»:
Այն հարցին, թե Արցախում ներդրումների առումով հետաքրքրություններ կան արդյոք թեկուզ արտերկրի մեր հայրենակիցների շրջանում, նա պատասխանել է. «Դրսի հայրենակիցների շրջանում հետաքրքրություն կա: Ասեմ ավելին՝ որոշ մարդիկ քայլեր են հստակ ձեռնարկում, որպեսզի այն ընկերությունները, որոնք պատերազմի ընթացքում վնասներ են ստացել, սակայն կարող են շարունակել գործել, եթե իրենց որոշակի աջակցություն տրամադրվի, կարողանան վերականգնվել»:
Փոխնախարարի խոսքով՝ իրենք էլ համապատասխան աշխատանքներ են իրականացնում Արցախում տնտեսական կյանքը վերականգնելու համար: Նրա խոսքով՝ հիմնականում փոքրածավալ ներդրումների մասին է խոսքը:
ԲՆՈՒԹԱԳՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Հանրակրթության պետական չափորոշիչների համաձայն՝ 1-4-րդ դասարաններում եւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտների թվանշանային գնահատական չստանալը կնպաստի նրանց սովորելու, ճանաչելու հետաքրքրվածությունը պահպանելուն։
Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ու հավելել, որ ներկայում գնահատման չափորոշիչները մշակող փորձագետներն առանձին մշակում են գնահատման ընթացակարգերը, որոնք պետք է փորձարկվեն։ «Մենք պետք է կարողանանք գնահատման մոտեցումը փոխել, որովհետեւ տարրական դասարաններն այն տարիքն են, երբ շատ կարեւոր է երեխայի մոտ պահպանել սովորելու, ճանաչելու հետաքրքրվածությունը։ Գնահատման համակարգը պետք է օգնի, որպեսզի մենք երեխայի ճանաչողական այս հետաքրքրություններն ավելի զարգացնենք, ոչ թե փակենք»,- նշել է նա: Ըստ փոխնախարարի՝ այժմ 1-ին դասարանցիները քանակական գնահատման համակարգով չեն գնահատվում, այլ տեղի է ունենում բնութագրային գնահատում։
Նրա խոսքով՝ տարբեր երկրների վերլուծությունները ցույց են տալիս, որ միայն քանակական գնահատման համակարգը չի կարող բավարար լինել երեխաների սովորելու կարողությունները զարգացնելու եւ նրանց խթանելու համար։
Փոխնախարարի խոսքով՝ այսուհետեւ լինելու է ուսուցանող, ձեւավորող գնահատման համակարգ։ «Ուսուցիչները տարրական դասարանների երեխաներին չեն գնահատելու պարզապես որեւէ գնահատականով, նրանք պետք է որակական գնահատում իրականացնեն, որպեսզի երեխան տեսնի եւ հասկանա իր սխալը։ Այսպիսով աշակերտները կիմանան, թե ինչի վրա է պետք աշխատել գիտելիքներն ավելի բարելավելու համար։ Սա է գնահատման տարբերությունը։ Մի դեպքում ուսուցիչն ուղղակի գնահատում է, թողնում երեխային իր խնդիրների հետ միայնակ, եւ վերջինս պետք է գլխի ընկնի, թե որտեղ է սխալվել, ինչու է ցածր գնահատական ստացել, մյուս դեպքում գնահատականը կիրառվում է որպես երեխային բացատրելու, իր խնդիրը, ինչպես նաեւ հաջողությունը ցույց տալու համար»,- շեշտել է Անդրեասյանը։
Ըստ Ժ. ԱՆդրեասյանի՝ տարրական դասարանում, երբ երեխան նոր է սկսում կրթական գործընթացին առնչվել, շատ կարեւոր է, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի այնպես, որ երեխայի մոտ չկորի սովորելու եւ կրթվելու ցանկությունը։ Անդրեասյանը շեշտել է, որ այդպիսով, երբ արդեն ավելի բարձր դասարաններում սկսվում է առարկայական ուսուցումը, բարդանում են թեմաները, երեխան կունենա բավարար գիտելիք եւ գիտակցում, թե ինչն ինչպես է անում եւ որտեղ ունի խնդիր, որը պետք է շտկի։
«Սա շատ կարեւոր փոփոխություն է, որպեսզի մենք կարողանանք կրթական համակարգում տրամաբանությունը դարձնել այնպես, որ գնահատման համակարգը լինի ոչ թե երեխայի պատժի, այլ սովորելը խթանող գործիք։ Կարծում եմ, որ այս ոլորտում մեծ աշխատանք ունենք անելու»,- ընդգծել է Անդրեասյանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆ ԱՎԵԼԻ ԿՆՎԱԶԻ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղում բնակվում են հիմնականում Ադրբեջանի Վարդաշենի եւ Կուտկաշենի շրջաններից 1988թ. բռնագաղթած մեր հայրենակիցները: Դեբեդավանը 2016թ. սեպտեմբերից ներառված է խոշորացված Այրում համայնքի կազմում: Դեբեդավանի դիմաց՝ Դեբեդի գետի ձախ ափին, Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Կիրովկա գյուղն է։ Մոտ 5-6 տարի առաջ հայ-վրացական հանդիպում է եղել, որի ժամանակ հայ գիտնականներից մեկը, ցույց տալով քարտեզը, ապացուցել է, որ Դեբեդի հունը փոխվելու հետեւանքով գետը մոտ 70 մետր խորացել է հայկական տարածքում, համապատասխան չափով Հայաստանի տարածքը փոքրացել է: Վաղուց Դեբեդի աջ՝ հայկական եզրին ափապաշտպան աշխատանքներ չեն կատարվում, իսկ վրացիները Դեբեդի իրենց ափը ամրացնում են: Գարնանային եւ աշնանային հորդ աձրեւներից գետը վարարում է, հայկական ափն ավերելով՝ քշում-տանում է հողի մեծ զանգված: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը։ Ձնհալքից եւ Դեբեդի գարնանային վարարումներից Դեբեդի ջրերը, հանդիպելով բետոնապատ, գաբիոններով ամրացած վրացական ափին, մղվում են դեպքի հայկական տարածք, քանդում այն։ Դեռեւս 2010 թվականի գարնանը Դեբեդ գետը Դեբեդավան գյուղի տարածքից քշել-տարել է 2,8 հեկտար տարածք, որից 7 հազար քառակուսի մետրը այդ գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսթեթյանի դեղձի այգին էր։
Հայաստանի տարածքը փոքրացել է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեղձավան գյուղում, ու 50 հեկտար հողատարածք գտնվում է հայ-վրացական սահման հանդիսացող փշալարից այն կողմ: Այդ 50 հեկտարից 45-ը համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր են, մնացած 5 հեկտարը սեփականաշնորհված վարելահող է: Դեղձավանցիները ռիսկ չեն անում փշալարից այն կողմ գտնվող հողերը մշակել, վախենում են բռնվել վրացի սահմանապահների կողմից եւ խոշոր տուգանքների ենթարկվել: Նման իրավիճակը գոյություն ունի 2007 թվականից: Փշալարից այն կողմ գտնվող տարածքները Դեղձավանի ամենաբերրի հողերն են: Ընդհանուր առմամբ, այս խնդրի պատճառով տուժում է 18 դեղձավանցի, չօգտագործվող տարածքների համար գումարներ չեն հավաքագրվում տեղական բյուջե:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ