27 տարին լրացած և բանակում չծառայած ՀՀ քաղաքացիները, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված, առաջիկայում կարող են համաներվել և հնարավորություն ստանալ Հայաստան վերադառնալ առանց որևէ նախապայմանի: Այսպիսի նախագիծ են մշակել կառավարությունն ու պատգամավորները, այն հնարավոր է ներառվի կառավարության առաջիկա նիստում եւ ընդունվելու պարագայում էլ քննարկվի խորհրդարանի հաջորդ նստաշրջանում:
Նկատենք, որ ավելի վաղ խորհրդարանում կրկին իշխող թիմի պատգամավորները նախագիծ էին ներկայացրել, որով խստացվում էր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների համար նախատեսվող պատժաչափը՝ առավելագույնը 6 տարի գործող 3 տարվա փոխարեն։ Նախագիծն առաջարկում էր նաև վճարել մոտ 5,5 միլիոն դրամի կամ շուրջ 10 հազար դոլար քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ Եվ այդ սահմանված գումարը պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով է։ Տարեսկզբին, սակայն, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հարցը հետաձգվեց: Հայտարարվեց, որ նախագիծը դեռ որոշակի լրամշակումների կարիք ունի և հիմա մշակվել է առանց նախապայմանի տարբերակը։
Միևնույն ժամանակ դեռ անցած տարի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր կառավարությանը՝ նմանատիպ առաջարկով, բայց մերժվել էր։ Եվ դա է պատճառը, որ խորհրդարանում Էդմոն Մարուքյանը ամոթանք տվեց իշխանությանը:
Նախնական նախագծի համաձայն՝ մեկ տարի ժամանակ է տրվելու 27 տարին լրացած և բանակում չծառայած ՀՀ քաղաքացիներին վերադառնալու համար, որի դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։
Մանրամասները՝ տեսանյութում