ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, Վենետիկի հանձնաժողովից իշխանություններին բանավոր փոխանցել են, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխության հարցում պետք է ընդդիմության հետ անպայման ունենան կոնսենսուս: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` իշխանություններին հանձնաժողովից փոխանցել են, որ օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցում պետք է լինի ոչ միայն խորհրդարանական ընդդիմության համաձայնությունը, այլ նաեւ արտախորհրդարանական ուժերի:
Մենք տեղեկացանք, որ հանձնաժողովից ասել են, թե քաղաքական դերակատարներն այս պահին փողոցում իշխանության դեմ պայքարող ընդդիմադիր ուժերն են, որոնց հետ պետք է «հաշվի» նստել այս հարցում՝ ունենալով նաեւ նրանց հետ կոնսենսուս: Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի սկզբունքն այն է, որ քաղաքական դաշտի քաղաքական դերակատարները պետք է համաձայնություն ունենան ԸՕ-ի փոփոխության հարցում:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել էր, որ Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների փաթեթի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը:
Նշենք, նաեւ, որ իշխանությունը Ընտրական օրենսգրքից եթե «հանի» ռեյտինգային ընտրակարգը, ապա այդ հարցում էլ անպայման պետք է ունենա խորհրդարանական ընդդիմության համաձայնությունը, հակառակ դեպքում նրան չի հաջողվելու փոխել ընտրակարգը:
Սոնա Գրիգորյան