9 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի եւ Շիրակի մարզային վարչության աշխատակիցները բացահայտել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի եւ նրան ենթակա աշխատակիցների կողմից կաշառք ստանալու եւ նրանց կաշառք տալու դեպքեր. այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:

 

Պարզվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող, պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների հետ, Զբաղվածության պետական գործակալության շահառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում», «Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչեւ երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում», «Փոքր բիզնեսի, ինչպես նաեւ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրերում ընդգրկելու եւ պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի իր աշխատասենյակում մի շարք քաղաքացիներից անձամբ կամ իր աշխատակիցների միջոցով, քողարկված եղանակով պահանջել եւ ստացել  է  զգալի չափերով կաշառքի գումարներ, իսկ այնուհետեւ դրանցից որպես մասնաբաժին գումարներ է առանձնացրել եւ փոխանցել իր ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներին:

Հերթական անգամ 2021 թվականի մարտի 19-ին՝ ծրագրի շահառու հանդիսացած եւ սոցիալապես անապահով Ա.Մ.-ի կողմից անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրած գումարը ստանալուց եւ որպես կաշառք առանձնացված 50.000 ՀՀ դրամ գումարը Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալին տալուց անմիջապես հետո, վերջինները եւ զբաղվածության կենտրոնի մյուս աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչություն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչների կողմից ձերբակալվել են ընդհանուր թվով 9-ը անձինք, որոնցից 8-ը՝ կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաեւ նրանց ենթակայության ներքո գտնվող թվով 6-ը մասնագետները, ովքեր բոլորը, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը, գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ եւ աջակցել են նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար:

Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաեւ զբաղվածության կենտրոնի աշխատակիցներին կաշառք տված քաղաքացիների ինքնությունները, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ կաշառքի գումարներ, կաշառք տված անձանց վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, նոթատետրեր եւ այլն:

Քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալների պաշտոնավարությունները ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրու տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունները եւ դրանում ներգրավված անձանց ինքնությունները բացահայտելու համար:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները: 2019թ. դեկտեմբերի 18-ին Երեւանի Ռոստովյան փողոցում գտնվող բուքմեյքերական կենտրոնի մոտ Երեւան քաղաքի 41-ամյա բնակիչը հանդիպել է իր ծանոթ 44-ամյա համաքաղաքացու հետ: Զրույցի ժամանակ 41-ամյա տղամարդը պարզաբանում է պահանջել իր որդուն հայհոյելու եւ քաշքշելու համար, սակայն 44-ամյա տղամարդը հայտնել է, որ նման բան չի եղել: Այնուհետեւ 41-ամյա տղամարդու առաջարկով քայլել են դեպի իր՝ Երեւան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցում գտնվող տան բակ, որտեղ վերջինիս որդին հայտնել է, որ 44-ամյա տղամարդը նույնպես գտնվել է իրեն հայհոյողների մեջ: Դրանից հետո ծագած վիճաբանության եւ քաշքշուկի  ժամանակ 41-ամյա տղամարդը  ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած որսորդական ողորկափող հրազենից կրակոց է արձակել 44-ամյա տղամարդու կրծքավանդակի շրջանին: Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի (սպանություն) 1-ին մասով, եւ նրա  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

 

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Տեղեկացրել էինք, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի երկու շարքային պայմանագրային զինծառայողների հետ միջդիրքային տարածքում մարտի 21-ին կապն ընդհատվել էր, եղանակային ծանր պայմաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նրանք հայտնաբերվել էին մարտի 22-ին: Նրանցից մեկի կյանքը, ցավոք, փրկել չէր հաջողվել, մյուսը, որի վիճակը գնահատվում է ծանր, անհրաժեշտ բուժօգնությունն է ստանում  Կենտրոնական զինվորական հոսպիտալում:

Դատախազության հաղորդմամբ՝ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ զինծառայողների կորելու մասին տեղեկատվութունն ստանալուց անմիջապես հետո ՀՀ ՊՆ Վայքի ՌՈ բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ մարտի 20-ին՝ ժամը 09-ի սահմաններում, նրանք ծխախոտ եւ վառելիք բերելու նպատակով դուրս են եկել մարտական դիրքից եւ գնացել մոտ 1.5կմ հեռավորության վրա տեղակայված մարտական դիրք, եղանակի վատթարացման պատճառով ստիպված մնացել այնտեղ, իսկ հաջորդ օրը վերադառնալիս խիստ ձնաբքի պայմաններում մոլորվել էին՝ չհասնելով հենակետ: Դեպքի առթիվ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹՎԵՐԻ ԱՃ

Արցախի դատախազության կողմից վերջին 5 տարիներին արձանագրված ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպքերի վերաբերյալ ուսումնասիրության վերլուծությունը ցույց է տվել, որ տարվա երկրորդ եւ վերջին եռամսյակներում նկատվում է նման դեպքերի թվի աճ: Ըստ Արցախի գլխավոր դատախազության՝ հատկապես առավել մտահոգիչ ակտիվություն է նկատվում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց շրջանում: «Ընթացիկ ամիսն արդեն աչքի է ընկել նման դեպքերի թվի աճով, ինչը մտահոգիչ է: Արցախյան վերջին պատերազմը իր հետ բերել է բազմաթիվ արհավիրքներ, որոնք, մարդկային կյանքեր խեղելուց եւ խլելուց զատ, նաեւ լրջագույն ազդեցություն են ունեցել մարդկանց հոգեկան առողջության վրա, հասարակությունը եւ անհատը դարձել են առավել հուզական, դյուրագրգիռ, զգայուն: Այդպիսի զգացմունքները հաճախ զուգակցվում են այս կամ այն հարցի, խնդրի կապակցությամբ որոշումների ընդունման հրատապությամբ` հղի լինելով անդառնալի հետեւանքներով: Այս առումով բավականին կարեւոր նշանակություն ունի հետպատերազմյան հասարակության հետ հոգեբանների խմբի աշխատանքը, որը նախաձեռնվել էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության եւ արտասահմանյան մի խումբ հոգեբան-կամավորականների կողմից, սակայն պարբերաբար արձանագրվող դեպքերն ու իրադարձությունները վկայում են դրանց ծավալների ընդլայնման, շահառուների առաջնահերթությունը որոշելու մոտեցումների վերանայման, անհատական աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին»,-նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

 

 

 

ԿԱՊԻ ՄԵՋ Է

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել՝ որպես վկա: «Ինչպես հասկացա ԱԱԾ-ից ստացված նամակից, նոյեմբերի 9-10-ի օրերին ԱԺ քաղաքացիների մուտք գործելու հետ կապված գործի ուսումնասիրության շրջանակներում ինձ հրավիրել են որպես վկա: Դեռ չեմ գնացել, մոտ ապագայում կայցելեմ»,- ասել է պատգամավորն ու հավելել, որ չգիտի, թե ինչ են ուզում հարցնել իրենից: Պատգամավորը կապի մեջ է քննիչի հետ, քառօրյա նիստից հետո կպայմանավորվի, կգնա:

 




Լրահոս