Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է եւ պետք է պահպանվի։
Նամակում նշված է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի միջազգային «A» կարգավիճակ, որը վերջին անգամ ստացել է 2019 թվականի մարտ ամսին, քանի որ ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի փարիզյան սկզբունքներին: Նամակում ընդգծված է, որ Հավատարմագրման (ակրեդիտացիայի) ենթահանձնաժողովը կարող է նախաձեռնել հատուկ ստուգում, որի արդյունքում կարող է պարզվել, որ Մարդու իրավունքների ազգային հաստատության պայմաններն այնպես են փոփոխվել, որ բացասական ազդեցություն ունեն ՄԱԿ-ի փարիզյան սկզբունքներին համապատասխանության վրա:
Սա նշանակում է, որ առաջարկվող փոփոխության հետեւանքով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարող է զրկվել «A» կարգավիճակից, որը մեխանիկորեն կզրկի Պաշտպանին ելույթներ ունենալ ՄԱԿ-ի կառույցներում՝ բարձրացնելով երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցեր, ինչպես նաեւ ընտրել եւ ընտրվել միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում. այս պահին բոլոր այդ հնարավորություններից հաստատությունն օգտվում է։ Բաց նամակում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն այս երաշխիքի հարցը դիտարկել է այն համատեքստում, որ ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից, ՀՀ կառավարության որոշմամբ, վերցվել են ավտոմեքենաներ, ինչը բացասական է ազդում Մարդու իրավունքների պաշտպանի ռեսուրսների եւ հեղինակության վրա։
Ըստ ENNRI-ի նախագահի բաց նամակի՝ առկա գործընթացը եւ առաջարկվող փոփոխությունը մտահոգություններ են առաջացրել նաեւ այն տեսանկյունից, որ անհրաժեշտ էին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եւ հասարակության հետ նախնական ու բովանդակալից խորհրդակցություններ։
Ավելին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը հատուկ ընդգծել է, որ թեեւ պատշաճ ֆինանսավորումը մասամբ որոշվում է պետության ընդհանուր ֆինանսական վիճակի հաշվառմամբ, այնուամենայնիվ, նույնիսկ ֆինանսական խիստ անբավարար պայմաններում պետությունները պարտավոր են պաշտպանել հասարակության առավել խոցելի այն անդամներին, որոնք հաճախ են դառնում մարդու իրավունքների խախտումների զոհ: Իշխանության համապատասխան մարմինները պարտավոր են խորհրդակցել մարդու իրավունքների ազգային հաստատության հետ՝ հասկանալու համար՝ ինչ է նշանակում պատշաճ ֆինանսավորում, եւ որոշումները պետք է հիմնված լինեն օբյեկտիվ չափանիշների վրա։
Վերը նշվածի համատեքստում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահին կոչ է արել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը դիտարկել վերաբերելի միջազգային չափանիշների ամբողջական դիտարկման համատեքստում՝ երաշխավորելու համար այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա շարունակել իր արդյունավետ եւ անկախ աշխատանքը:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԽՆԴԻՐ ԿԱ
Հայաստանը ջրային ռեսուրսների խնդիր ունի Արաքսի, Ախուրյանի հատվածում՝ պայմանավորված Թուրքիայի կողմից իրականացվող ջրամբարաշինությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լեւոն Ազիզյանը:
Ըստ նրա՝ պատահական չէ, որ այսօր Ախուրյանի ջրամբարում ունենք մոտ 100 մլն խմ պակաս ջուր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Նույն պատկերն ունենք նաեւ Արաքս գետի ավազանում: 2012 թվականից սկսած, Թուրքիայի տարածքում ջրամբարների կառուցմամբ պայմանավորված, Արաքս գետի ջրային ռեսուրսները նվազել են 30-40 տոկոսով»,-ասել է Լ.Ազիզյանը:
Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում, նախորդ տարվա համեմատ, 74 միլիոն խորանարդ մետրով քիչ ջուր կա: Խոսքն Ախուրյանի, Արփիի, Ապարանի, Ազատի եւ Մարմարիկի մասին է: «Այս տարի կանխատեսվում է, որ Ազատը եւ Մարմարիկը 100 տոկոսով լիքը կլինեն, Ախուրյանը՝ 80-85 տոկոսով, Արփին՝ 65-70 տոկոսով, Ապարանը՝ 55-60 տոկոսով»,- ասել է նա: Վերջինիս խոսքով՝ լուրջ խնդիր է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների խոցելիությունը: 1994 թվականից՝ գրեթե բոլոր տարիներին, նկատվում է ջերմաստիճանի շարունակական բարձրացում: «Քանի որ ջերմաստիճանը բարձր է, լեռնային հատվածներում տեղումները հիմնականում լինում են անձրեւի տեսքով: Ունեցել ենք տարիներ, որ մինչեւ 2000, 2100 մետր բարձրության վրա ձմեռային ամիսներին անձրեւ է եկել: Ձնակուտակման պրոցեսը քիչ է տեղի ունենում: Համաձայն կանխատեսումների՝ մենք 2040 թվականին ունենալու ենք ջրային ռեսուրսների խոցելիություն, նվազում մոտ 15 տոկոսով, 2070 թվականին 20-25 տոկոսով նվազում է կանխատեսվում»,- ասել է նա: Մասնագետը հորդորում է ջրի ամեն մի կաթիլը խնայողաբար օգտագործել, աշխարհում մոտ 2 մլրդ մարդ անվտանգ ջրի խնդիր ունի:
Մասնագետը խոսել է նաեւ Սեւանա լճի ջրի մակարդակից: Նրա պնդմամբ՝ Սեւանա լճի ջուրը մակարդակից 1900 մետր 60 սմ է, ինչը 15 սմ-ով բարձր է՝ անցած տարվա նույն օրվա համեմատությամբ: Նրա խոսքով՝ ապրիլ-հունիսին կանխատեսվում է ջրի մակարդակի բարձրացում մինչեւ 42 սմ: «Տարեկան կտրվածքով կանխատեսվում է Սեւանա լճի ջրի մակարդակի 6-11 սմ բարձրացում»,- հավելել է նա: Ըստ մասնագետի՝ ձյան շերտի բարձրությունն այնտեղ, որտեղ այն առկա է, 4-5 անգամ շատ է, քան անցած տարի:
Անդրադառնալով կենտրոնի աշխատանքին՝ Ազիզյանը պատմել է, որ 2020 թվականին՝ ՊՈԱԿ-ի ձեւավորումից հետո, աշխատատեղերի կրճատում չի եղել, իսկ որոշ դեպքերում աշխատավարձերը բարձրացել են 40-50 տոկոսով: «2020-ին ձեռք է բերվել 23 ավտոմատ հիդրոօդերեւութաբանական կայան: 5 շրջանում գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված է»,-եզրափակել է նա:
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱՐ
ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չի ընդգրկել «Լուսավոր Հայաստան»-ի՝ զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց: «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրել է, որ զինծառայողների չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչեւ այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չի տրամադրվում:
«Մենք նախաձեռնություն բերեցինք եւ սահմանեցինք, որ այս դրույթը փոխվի, եւ այն ընդհանուր կարգավորումը լինի, որը կա մյուս բոլոր հանրային ծառայողների բնագավառում: Բացառություն էր միայն զինվորական ծառայությունը: Եվ այս նախագծի տրամաբանությունը հենց դրանում է, որ թույլ տանք այդ իրավունքից օգտվեն նաեւ զինծառայողները»,-ասել է նա:
Նշենք, որ գլխադասայաին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, եւ ԼՀԿ-ին առաջարկվել է հետաձգել նախագծի քննարկումը մեկ ամսով, որպեսզի կառավարությունը ներկայացնի իր դիտարկումները, սակայն խմբակցությունը չէր համաձայնել:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը եւս ընդունել է, որ խնդիրը պետք է լուծվի, սակայն քննարկվող նախագծով հաշվի չի առնվել այն հանգամանքը, թե ինչ ծավալի գումարների մասին է խոսքը, որը պետք է փոխհատուցվի այն զինծառայողներին, որոնք տարիներ շարունակ չեն օգտվել իրենց արձակուրդից: Քվեարկությամբ նախագիծը ստացել է 32 կողմ, 51 դեմ, 9 ձեռնպահ ձայներ՝ չընդգրկվելով օրակարգ:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում հայտնել է, որ թեեւ իրենց նախագիծը մերժվել է, սակայն իշխանություններն այդ նախագիծը կընդունեն, եթե իրենք նախաձեռնեն: Նա հիշեցրել է, որ այսպիսի դեպքեր եղել են:
«Բա ապրե՛ք, բա շնորհակալ ենք, բա գոնե ասեք, որ «Լուսավոր Հայաստանը» առաջարկել է, մերժվել է: Պատերազմից առաջ անեիք՝ այդ հազարավոր տղաները մեզ հետ կլինեին: Սա ի՞նչ պրակտիկա է, սիրելի՛ գործընկերներ»,- հարցրել է Մարուքյանը՝ նկատելով, որ նախընտրական շրջանում է իշխանությունը նման վարքագիծ ընդունում, երբ մերժում է իրենց նախագծերը եւ այնուհետեւ նույնաբովանդակ նախագիծ ներկայացնում: