ՖՈՏՈ․ Վերքը դեռ թարմ է․ Գոհար Հովհաննիսյանը՝ մենահամերգի եւ սպասվելիք անակնկալների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում են «Արշալույս» խորագրով մենահամերգիս փորձերը, որը տեղի է ունենալու ապրիլի 7-ին: Համերգը նվիրված է լինելու բոլոր հերոսածին մայրերին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է երգչուհի Գոհար Հովհաննիսյանը:
«Մենահամերգն անավանել ենք «Արշալույս», որովհետեւ ինչ էլ որ պատահի, միեւնույն է լույս տեսնելու ենք, եւ ես հավատում եմ՝ մեր ազգի անպարտելի ուժին եւ ոգուն: Այս պահին միակ զբաղմունքս մենահամերգի հետ կապված աշխատանքներն են, քանի որ օրերն արդեն մոտենում են, իսկ պատասխանատվությունը շատ մեծ է: Ինձ համար շատ դժվար է նորից ապրելը, այսքան կորուստ տեսնելով՝ շատ դժվար է մտածել ապագայի մասին: Մեր հազարավոր անմեղ տղաներն իրենց թանկ կյանքը հենց այնպես չեն զոհել»,-ընդգծել է մեր զրուցակիցը:

Գոհար Հովհաննիսյանի խոսքով՝ մենահամերգին հրավիրվածների մեծամասնությունը զոհված զինծառայողների մայրերն են: Երգչուհին իր համերգի միջոցով ցանկանում է իր խոնարհումն եւ շնորհակալությունը հայտնել նրանց.

«Լինելու են անակնկալներ, որոնց մասին այս պահին չեմ ուզում խոսել, միայն մի բան կարող եմ ասել, որ ինձ հետ միայն դուետ այդ օրը կկատարի սիրված երգիչ Դավիթ Ամալյանը, ով նույնպես այս պատերազմի ընթացքում կորցրել է իր որդուն՝ մեր սիրելի Վարդանին: Նա կարողանում է այդ ուժն իր մեջ գտնել, փորձել ապրել, ավելին ասեմ, իր ուժը փոխանցում է մեզ, որպեսզի կարողանանք հաղթահարել այս ցավն ու կսկիծը: Դավիթն ինձ համար համարվում է վեհ, իսկական հայ հոր սիմվոլ»:

Երգչուհին մեզ հետ զրույցում անկեղծանալով հայտնում է, որ դեռ չի կարողանում հաղթահարել պատերազմի թողած անդառնալի հետեւանքները: Նրա կարծիքով՝ վերքը դեռ թարմ է եւ այն մոռանալ այնքան էլ հեշտ չի լինի:
«Երբ մեր տատերն ու պապերը պատմում էին իրենց նախնիների մասին, ինչպես են ենթարկվել ցեղասպանության, մենք մինչ այսօր հիշում եւ սարսափում ենք, մինչ այսօր գնում ենք «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր, եւ մեր արվեստի եւ երգերի մեջ էլ պահպանում ենք այդ պատմությունները: Իսկ հիմա ամեն ինչ այնքան թարմ է…: Ես այս շրջանում միայն երազում եմ խաղաղության մասին, որպեսզի այլեւս երբեք պատերազմ չտեսնի ժողովուրդս»,-ասում է նա:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ երգչուհին մեզ հետ զրույցում ընդգծում է, որ աշխատում է այս տարվա հետ կապված պլաններ չկազմել, իսկ ինչ վերաբերվում է արտագաղթին, Գոհար Հովհաննիսյանը հավելում է, որ չի մտածում այլ երկրում ապրելու մասին, քանի որ նա շատ ամուր կանգնած է հայրենի հողի վրա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս