Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են դաշնակից երկու երկրների միջև իրավական փոխօգնության, քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման խորացմանը և փորձի փոխանակմանը միտված նախանշված համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:
Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձման հնարավորություններին, այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին, մասնավորապես նաև ՌԴ գլխավոր դատախազությանը այս ուղղությամբ իրականացվող ակտիվ քայլերի համար և նշել ամենօրյա շփումներով գործընթացի շարունակման մասին:
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ,սույն թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, հրավիրել էր Հայաստան: Հրավերն ընդունվել է, և ապրիլին նախատեսված է ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր:
Արթուր Դավթյանը և դեսպան Կոպիրկիննայս համատեքստում քննարկել են նաև վերոնշյալ այցի օրակարգին, կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: