Երեկ խորհրդարանում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր ընտրված Արսեն Մկրտչյանը չունի բարձրագույն իրավաբանական կրթություն: Ամեն դեպքում, դա է վկայում դատավորի պաշտոնական կենսագրությունը:
Նախ նշենք, որ, Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն, դատավոր կարող են դառնալ այն թեկնածուները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով: Իսկ, ահա, Արսեն Մկրտչյանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նա 1996 թվականին ավարտել է Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը, այսինքն՝ չունի բարձրագույն իրավաբանական կրթություն, այլ միջազգային իրավունքի մասնագետ է, այնինչ դատավոր նշանակվելու համար անհրաժեշտ է հենց իրավաբանական կրթություն: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչպես է համապատասխան կրթություն չունենալով դատավոր դարձել, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Իմ մասնագիտությունը իրավագիտությունն է, որակավորումը միջազգայնագետ-իրավաբան: Երկրորդ՝ 2005 թվականին «Կրթության մասին» օրենքում փոփոխություն էր կատարվել, եւ նախկին մասնավոր ավարտածները վերահանձնում էին քննությունները: Կրկին մասնագիտությունը՝ իրավագիտություն: Այսինքն՝ ի սկզբանե մասնագիտության հետ կապված որեւէ խնդիր չի եղել: Դա համարվում է բարձրագույն իրավաբանական կրթություն»։ «Ժողովուրդ» օրաթերթը Արսեն Մկրտչյանի կենսագրությունում մեկ այլ հետաքրքիր դրվագ էլ նկատեց. պաշտոնական կենսագրության համաձայն՝ Մկրտչյանը 1993 թվականի հունիս ամսից մինչեւ 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ 1990-1996 թվականներին սովորել է Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ դատավորը սովորել եւ ծառայել է բանակում միաժամանակ: Այս հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Ես ուշացումով եմ ավարտել, ծառայել եմ, հետո կրկին շարունակել կրթությունը: Իսկ ծառայել եմ մեկուկես տարի, քանի որ այն ժամանակ այդքան էր ժամկետը»։
Հայրենիքի փրկության շարժման ներսում խմորումները շարունակվում են։ Անգամ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են հակադիր տեսակետներ հայտնում։ Մեր տեղեկություններով՝ ՀՓՇ վերջին հանդիպման ժամանակ Քոչարյանն ասել է, որ պետք է գնալ ընտրությունների ցանկացած պարագայում, սակայն Սերժ Սարգսյանը կտրականապես մերժել է մասնակցության թեզը։ Եթե Քոչարյանն ասում է, որ պետք է շարունակել փողոցային պայքարը, ապա Սարգսյանը պնդում է, թե այն անարդյունք է։ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընդհանրապես անվստահություն կա ու այսպես շարունակ: Մենք տեղեկացանք, որ նրանց վերջին հանդիպման ժամանակ տարաձայնություններն ավելի ակնհայտ են դարձել, երբ Քոչարյանը պնդել է, թե պետք է միասնական գնալ ընտրությունների, սակայն Սարգսյանն ասել է, թե ինքը նպատակահարմար չի համարում անգամ ընտրությունների գնալ այս պահին: Սա պատճառ է դարձել, որ ընդդիմության լիդերները արդեն միմյանց հետ հանդիպում են առանձին-առանձին՝ միմյանցից պարզելու, թե ով ինչ նպատակ ունի: Սերժ Սարգսյանը այդ գաղտնի հանդիպումների ժամանակ որեւէ հստակ բան չի ասել. մեկ հայտարարել է, որ չի մասնակցելու, իսկ վերջին օրերին բացատրում է, թե կուսակցությունն է համոզում գնալ ընտրապայքարի, ու որեւէ մեկը չի կարողանում Սարգսյանից պարզել, թե ինչ նպատակ է հետապնդում իրականում: Այս պահին միայն ընդդիմության լիդերներից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է տեղեկացրել, որ ինքը միայնակ է գնում՝ առանց որեւէ դաշինքի: «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը դեռ մտորումների մեջ է. միայն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին, իսկ ՀՅԴ-ն եւ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե վերջնական են որոշել միասին ընտրությունների գնալ «Քոչարյան» դաշինքով:
Այս տարվա մարտի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է 91 կուսակցություն: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Այդ թվի մեջ են մտնում նաեւ «Ադեկվադ», «Դեմոկրատական այլընտրանք» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները, որոնք պետական գրանցման մասին դիմում են ներկայացրել 2020 թվականին եւ ստացել պետական գրանցում: Իսկ միայն այս տարի՝ 2021 թվականին, պետական գրանցման դիմում են ներկայացրել «Արդարություն եւ հայրենիք», Քրիստոնեա-ժողովրդավարական եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները, որոնք ստացել են պետական գրանցում: Այսինքն՝ Արդարադատության նախարարության պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ մարտի 16-ի դրությամբ Հայաստանում չկա կուսակցություն, որը դիմել է պետական գրանցում ստանալու համար եւ սպասում է դրան: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ առաջիկայում տեղի են ունենալու մի քանի կուսակցությունների հիմնադիր համագումարներ, օրինակ՝ ապրիլի 23-ին տեղի կունենա «Միասնական Հայրենիք» կուսակցության համագումարը: Նշենք, որ այս կուսակցության սկզբնաղբյուրն արցախյան է, որի նախագահը Սամվել Բաբայանն է, այսինքն՝ վերջինս նպատակ ունի կուսակցություն ստեղծել նաեւ Հայաստանում եւ մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եվ թերեւս մինչ այդ այլ կուսակցություններ եւս կդիմեն պետական գրանցում ստանալու համար, քանի որ օրենսդրությունը հնարավորություն է տալիս գրանցում ստանալուց անգամ մեկ օր հետո մասնակցել ընտրությունների: Հավելենք, որ այս պահին պետական գրանցման համար դիմում են ներկայացրել եւ փաստաթղթերի ուսումնասիրության փուլում են գտնվում 2 կուսակցություններ՝ «Արեւ» եւ «Իմ Հայաստան» կուսակցությունները։ Սակայն հետաքրքիր է, որ չնայած այդ 91 կուսակցություններից քչերն են ակտիվ, եւ շատերը մարդ-կուսակցություններ են, սակայն դա չի խանգարում, որ տարիների ընթացքում նորերը ստեղծվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որը քննարկվելու է Ազգային Ժողովում: Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի՝ միջազգային փոխադրումներ կատարող մեքենաները պարտադիր պետք է ունենան թվային տախոգրաֆ: Ավելին, նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաներում: Ի դեպ, օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տեւել մինչեւ 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ: Իսկ միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը, շաբաթվա առավելագույն վարելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչեւ 56 ժամ, յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչեւ առնվազն 9 անընդմեջ ժամի, մեկ շաբաթվա ընթացքում՝ ոչ ավելի, քան երեք անգամ: Արդյոք կհամաձայնեն վարորդները այս պահանջներին՝ ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ հայտնի է, որ վարորդները գումար աշխատելու նպատակով անգամ անքուն գիշերներ են անցկացնում ղեկին: