Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի վերահսկողության տակ գտնվող շինհրապարակում («Երեւան Մոլ»-ի հետնամասում) այս պահին ձնկաբուծարանի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ձկնաբուծարանի կառուցման աշխատանքներն այս պահին էլ լայն թափով ընթանում են, ու այդ շինհրապարակը նախատեսված է մետրոյի ջրերի թափման համար:
Տարածքի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանն է, բայց այն գտնվում է մետրոյի «հսկողության» տակ: Այդ տարածքում, որտեղ ջրեր են հոսում, որոշել են ձկնաբուծարան կառուցել՝ նեղացնելով թունել տանող ճանապարհը, տարբեր փոփոխություններ կատարելով ու հարմարեցնելով տարածքը ձկնաբուծարան կառուցելու համար:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ ձկնաբուծարանի կառուցման գաղափարը պատկանում է Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի խորհրդի նախագահ Սասուն Հայրապետյանին, որի եղբայրը այդ ոլորտում լուրջ մասնագետ է, «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօերն ժ/պ Գեւորգ Ավետիյանին եւ Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Նշենք, որ այս եռյակը մետրոպոլիտենը վերահսկում է այնպես, ինչպես իրենց սիրտն է կամենում:
Armlur.am-ի տեղեկություններով՝ ձկնաբուծարանի կառուցման ապօրինության հարցը բարձրաձայնելու համար որոշ ժամանակ առաջ աշխատանքից ազատել են մետրոպոլիտենի գլխավոր ինժեներին: Armlur.am-ը փորձել է այս հարցերի պատասխանները պարզել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօերն ժ/պ Գեւորգ Ավետիյանից, որը մեր հարցերը խնդրել էր գրավոր ուղարկել:
Մենք փորձել էինք նախ պարզել, թե Երեւանի մետրոպոլիտենին պատկանող շինհրապարակում ով է թույլտվություն տվել նման ձկնաբուծարան կառուցելու: Արդյո՞ք սա ապօրինի կառույց չէ, քանի որ այնտեղ իրականացվում են այնպիսի շինարակական աշխատաքներ, որոնք կարող են վատ հետեւանքներ ունենալ մետրոյի հետագա բնականոն աշխատանքի վրա: Նաեւ փորձել էինք պարզել, թե ինչու է աշխատանքից ազատվել մետրոպոլիտենի գլխավոր ինժեները, ինչպես նաեւ ձկնաբուծարանի սեփականատիրոջ մասին շրջանառվող տեղեկությունների իսկությունը:
Եւ այսպես, մեր գրավոր հարցերին Գեւորգ Ավետիսյանը պատասխանել է. «Որեւէ իրավաբանական եւ ֆիզիկական անձ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, այդ թվում եւ Ձեր կողմից հիշատակված «Երեւանի մետրոպոլիտենին պատկանող շինհրապարակում» որեւէ շինարարական աշխատանքներ չի իրականացում։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իրավասու չէ որեւէ շինություն որակել ապօրինի կամ ոչ ապօրինի կառույց։ ՀՀ-ում առկա են իրավասու մարմիններ, ուստի խնդրում ենք այդ հարցը հասցեագրել իրենց: «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր ինժիները աշխատանքից ազատվել է՝ համաձայն իր դիմումի, որը որեւէ առնչություն չի ունեցել իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Գեւորգ Ավետիսյանը չի հանդիսանում Ձեր կողմից հիշատակված «Ձկնաբուծարանի» համասեփականատեր։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր կողմից հիշատակված այլ անձանց վերաբերյալ տվյալներին, ապա մենք նման տեղեկատվություն չունենք»։
Մենք փորձեցինք զրուցել նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ ինչ վերաբերում է ձկնաբուծարանին, ապա փաստերն ու լուսանկարներն այլ բան են ասում:
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) 2021թ. մարտի 19-20-ի նստաշրջանում որոշում է կայացրել ուսումնասիրության ներքո առնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծը։ Այս հարցը քննարկման է արժանացել Վենետիկի հանձնաժողովի նիստում, եւ այդ հարցին հետեւելու որոշումը հանձնաժողովը հրապարակել է: Հիշեցնենք, որ Կառավարությունը հաստատել եւ Ազգային ժողով է ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի եւ նրա աշխատակազմի, ինչպես նաեւ Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Ավելի վաղ Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է, եւ կոչ է արել այն պահպանել։
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Ազգային ժողովի մարտի 24-ի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում: Դրանց թվում են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը; «Հանրային աճուրդների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը; «Խնդրագրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը; «Բանկային ավանդների ներգրավման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը; Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը; «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը; «Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:
Խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Պատգամավորները հավանություն չեն տվել Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին՝ այդուհանդերձ ապահովելով այս օրենսդրական նախաձեռնության հետագա քննարկումն առաջինից երկրորդ ընթերցմամբ: Բացի այդ, խորհրդարանը հավանություն է տվել Ազգային ժողովի որոշման նախագծին՝ Կառավարության եւ պարետատան կողմից կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված միջոցառումների արդյունավետության ուսումնասիրման Քննչական հանձնաժողովի գործունեությունը 6 ամսով երկարաձգելու մասին:
ԿԱՐԳԱԶԱՆՑՆԵՐԸ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ
Իջեւանի բնակիչները փողոցներում տեղադրված փոքր աղբամանները, որոնք նախատեսված են աղբի ոչ մեծ կտորների համար, ծանրաբեռնում են կենցաղային աղբով, որի համար առկա են մեծ աղբամաններ։ Դրա հետեւանքով փոքր աղբամաններից աղբը թափվում է, ստեղծում է հակասանիտարական վիճակ։ Իջեւանի համայնքապետարանը բնակիչներին հորդորել է հետեւել աղբահանության սահմանված ժամանակացույցին, կենցաղային աղբը թափել միայն դրա համար սահմանված աղբամաններում՝ զգուշացնելով, որ նման արարք թույլ տվող քաղաքացիները, նաեւ չսահմանված վայերում աղբը թափողները համայնքապետարանի կողմից կտուգանվեն։
ԳՈՐԾԸ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ
2008-2015 թթ. Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար աշխատած Հայկ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2013 եւ 2014թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված, ապա որպես ծրագրում շահառու ընդգրկված Խաշթառակ համայնքի բնակիչներին բաժանված 25,5 տոննա ցորենի սերմացուի դիմաց իր կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված 4 միլիոն 80 հազար դրամից, իր պաշտոնական լիազորություններն օգտագործելով, յուրացրել է 2 միլիոն 710 հազար դրամ։
2020թ. մարտի 20-ի Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է, որ տրամադրված սերմացուի դիմաց գումարների հավաքումը եղել է Տավուշի մարզպետարանի պարտավորությունը, որ Հայկ Քամալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հանցակազմի առկայության մասին նախաքննական մարմնի հետեւությունը հիմնավոր չէ, եւ վճռել է նշված հոդվածով առաջադրված մեղադրանքում Հ. Քամալյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնել առանց քննության։ Տավուշի մարզի դատախազության դատախազ Վ. Սարգսյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանել, Հ. Քամալյանին առաջադրված հոդվածներով մեղավոր ճանաչել ու դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման եւ Էրեբունի-Երեւանի հիմնադրամի 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներման կիրառմամբ նրան ազատել պատժից, բավարարել ներկայացված քաղաքացիական հայցը։ Ներկայումս ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվում է այդ քրեական գործով դատաքննությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ