ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, փրկարարական ջոկատի փրկարարները Արշակունյաց  2-րդ նրբանցքում գտնվող ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի: Պարզվել է,  որ հայտնաբերված դին Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի 7-ից  որպես անհայտ կորած 38-ամյա Էդգար Ա.-ն է:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ դեպքում է տուժածը վնասի հատուցում ստանում:

Լիլիթ Պողոսյան (40 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է տուժած անձանց պատճառված վնասները, եթե`

l վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է (այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները),

l վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,

l վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,

l վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երաշխավորման ֆոնդի միջոցները սեփականության իրավունքով պատկանում են բյուրոյին: Դրանք կարող են օգտագործվել բացառապես երաշխավորման ֆոնդի համար օրենքով սահմանված նպատակներով եւ դեպքերում:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ արտոնություններ ունեն հաշմանդամները:

 Իրինա Մխոյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք՝

l ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում եւ կարող են օգտվել սահմանված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու արտոնություններից,

l ընդգրկված են անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում          (1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ուեցող անձինք՝ 50% զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից),

l ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում,

l 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելու իրավունք,

l իրավունք ունեն ստանալու աջակցող միջոցներ՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ, համապատասխան վերականգնողական անհատական ծրագրին, պետական հավաստագրի հիման վրա։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչեւ 18 տարին լրանալը եւ անժամկետ:




Լրահոս