«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի միջեւ եղած միջադեպի գործն արդեն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Լրագրողը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:
Ավելի ուշ տեսանյութ հրապարակեց, թե ինչպես էր նախարարը հարձակվում լրագրողի վրա, հարվածում նրա դեմքին: Այդ միջադեպից հետո լրագրողը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն, եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Իսկ ի՞նչ է սպասվում դրանից հետո. եթե ՀՔԾ-ն պետք է սկսի այս գործի քննությունը, ապա առաջիկայում պետք է դադարեցվեն Հակոբ Արշակյանի լիազորությունները՝ որպես նախարարի, ինչպես դա եղավ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի պարագայում: Այս անգամ եւս քննիչը պետք է որոշում կայացնի եւ դադարեցնի նախարար Արշակյանի լիազորությունները, եւ միայն գործի քննության ավարտից հետո պարզ կլինի նապարարի ճակատագիրը:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավաբանների է հրավիրել իր մոտ եւ փորձել է հասկանալ, թե ինչ ձեւով կարող են պաշտպանել Հակոբ Արշակյանին եւ այնպես անել, որ նրա լիազորությունները չդադարեցվեն, սակայն նրան զեկուցել են, որ այլ տարբերակ չկա, եւ Հակոբ Արշակյանի լիազորությունները պետք է դադարեցվեն մինչեւ գործի քննության ավարտը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։