Ընտրական օրենսգրքում հնարավոր փոփոխություններն ու արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը շարունակում է քաղաքական դաշտի թոփ թեման մնալ: Մասնավորապես, քաղաքական ուժերի համար կարծես թե սկզբունքային հարց է, թե ինչպիսին կլինի ընտրակարգը եւ հենց դրանից էլ կախված կլինի՝ ով ում հետ եւ ինչպես կմասնակցի արտահերթ կմասնակցի ընտրություններին:
Եթե խորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցել ցանկացած սցենարի դեպքում, ապա արտախորհրդարանական ուժերի պարագայում իրավիճակն այլ է: «Բարգավաճ Հայաստան»-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով, ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, այսօր Ազգային ժողովում, ճեպազրույցների ժամանակ, ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը նշեց՝ ընտրություններին կմասնակցեն այն ընտրակարգով, որը կքվեարկի և կընդունի խորհրդարանական մեծամասնությունը։
«Լուսավոր Հայաստան»-ը եւս մասնակցելու է ընտրություններին` ցանկացած ընտրակարգով և պատրաստվում է հաղթել: Այս մասին էլ հայտարարել է խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Արտախորհրդարանական ուժերի պարագայում իրավիճակը բարդ է: Նրանց համար առանցքային նշանակություն ունի հենց ընտրակարգը: Եվ խաղաքարտերը կարող են խառնվել, եթե ի վերջո փոփոխություն լինի եւ ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով: Այդ պարագայում արտախորհրդարանական ուժերի միջեւ դաշինքներն ավելի հնարավոր կդառնան: Մասնավորապես, ՀՀկ-ն որը չնայած դեռ չի հայտարարում իր ծրագրերի մասին, ավելի հակված է համամասնական ընտրակարգի պարագայում ընտրություններին մասնակցել Ռոբերտ Քոչարյանի հետ միասին: Այսինքն, այդ պարագայում հիմնական պայքարը գնալու է Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Նկատենք՝ վերջինս խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ արդեն հայտարարել էր, որ ավելի հակված են փոխել Ընտրական օրենսգիրքը եւ գնալ ընտրությունների համամասնական ընտրակարգով:
Միեւնույն ժամանակ նոր Ընտրական օրենսգրքի նախագծում կան դրույթներ, որոնց իրականացումը ժամանակ է պահանջում:
Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունները, սակայն, շատ ավելի լայն են, քան ռեյտինգային ցուցակները հանելը ու միայն պարզ համամասնականը թողնելը։ Նոր տարբերակով, օրինակ, փոխվում է անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5 -ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչև 8։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.