Մարտի 4-ի երեկոյան Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում երկու ընկեր սեղանի շուրջ մի քանի բաժակ խմելուց հետո, վիճել էին…
Վեճը շարունակվել էր բակում․ օղին էր թունդ, թե այլ պատճառ կար, նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվեց մարտի 5-ին։ Կեսգիշերն անց հերթապահ քույրն ահազանգել էր, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 33-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Տուժողից ոչ միայն հնարավոր չէր բացատրություն վերցնել, . այլև անհրաժեշտ էր նրան անհապաղ տեղափոխել մայրաքաղաք։ Վնասվածք ստացած տղամարդուն շտապօգնության բրիգադը «Էրեբունի» բժշկական կենտրոն հասցրեց։
Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզներն Իսակովի փողոց մեկնեցին, օպերատիվ հարցումներով ճշտեցին` դեպքը որտեղ, ինչ հանգամանքներում է եղել: Պարզվեց՝ տուժողը մարտի 4-ին Իսակովի փողոցի բնակարաններից մեկում խնջույքի է մասնակցել և հենց 34-ամյա տանտերն էլ անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում դանակահարել էր նրան։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Կասկածվողին ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը հայտնաբերել չհաջողվեց։ Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 12-ին նա ներկայացավ Արարատի մարզային քննչական վարչություն և ձերբակալվեց։
34-ամյա տաղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։