Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սպասվող քննարկումներին: «Այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում է, և որոշակի հաջողություններ են արձանագրվում: Վստահ եմ, որ հետագայում ամեն ինչ կարվի, որպեսզի այդ հարցն իսկապես լուծվի և հնարավորինս արագ լուծվի: Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ավելի տրամաբանական մոտեցում է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափը: Արվում է հնարավոր ամեն ինչ, շփումների ժամանակ այդ հարցը կքննարկվի»,- ասել է Կոպիրկինը:
Ակնկալվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 2-ին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: