ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձի շուրջ նոր բացահայտումներ են եղել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն ուշագրավ հանգամանքներ է ներկայացրել Արարատ Միրզոյանի մասին: Մասնավորապես, նրա խոսքով՝ դեռ 2007 թվականին թանգարանից կորել էին կարեւոր նմուշներ, եւ կան փաստեր, որ այդ գործով հարցաքննվել են եւ անցնում են այժմ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որոնք այն ժամանակ ասպիրանտներ են եղել: «2007 թվականին, երբ որ ես արդեն տնօրեն էի, պարզվեց որ նախկին տնօրենի օրոք՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ, թանգարանի հազվագյուտ գրականության միավորներից տասնյոթը կորել կամ գողացել են: Այդ ժամանակ քրեական գործ չէր հարուցվել: Երբ ես դարձա տնօրեն, տեղեկացա այդ մասին, եւ քանի որ նախկին տնօրենը հրաժարվեց հանձնում-ընդունում անել, հարուցվեց քրեական գործ: Բոլորովին վերջերս պարզվեց, որ հարցաքննվել են նաեւ ասպիրանտները, որոնց նախկին տնօրենը համարում էր գլխավոր կասկածյալներ», – նշեց նա: Նկատենք, որ սա արդեն երկրորդ սկանդալն է, որ առկա է Արարատ Միրզոյանի անձի շուրջ։ Հիշեցնենք, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ, եւ, որպես ապացույց, մի փաստաթուղթ էր հրապարակել, որի տակ հենց Արարատ Միրզոյանի ստորագրությունն էր եւ այնտեղ գրված էր. «Ինձ հայտնի դարձած տեղեկությունները, որոնք կարող են պետական եւ ազգային գաղտնիք պարունակել, պարտավորվում եմ պահպանել գաղտնի»: Սակայն ԱԺ նախագահը հերքել էր այն՝ նշելով. «Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի, եւ Մինասյանը պետք է պատասխան տա նաեւ այս սուտ մատնության համար»: Մինչ օրս, սակայն, քրեաիրավական գնահատականի ականատես չենք եղել։
Լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի միջեւ եղած միջադեպի գործն արդեն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Լրագրողը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա: Ավելի ուշ տեսանյութ հրապարակեց, թե ինչպես էր նախարարը հարձակվում լրագրողի վրա, հարվածում նրա դեմքին: Այդ միջադեպից հետո լրագրողը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն, եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Իսկ ի՞նչ է սպասվում դրանից հետո. եթե ՀՔԾ-ն պետք է սկսի այս գործի քննությունը, ապա առաջիկայում պետք է դադարեցվեն Հակոբ Արշակյանի լիազորությունները՝ որպես նախարարի, ինչպես դա եղավ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի պարագայում: Այս անգամ եւս քննիչը պետք է որոշում կայացնի եւ դադարեցնի նախարար Արշակյանի լիազորությունները, եւ միայն գործի քննության ավարտից հետո պարզ կլինի նապարարի ճակատագիրը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավաբանների է հրավիրել իր մոտ եւ փորձել է հասկանալ, թե ինչ ձեւով կարող են պաշտպանել Հակոբ Արշակյանին եւ այնպես անել, որ նրա լիազորությունները չդադարեցվեն, սակայն նրան զեկուցել են, որ այլ տարբերակ չկա, եւ Հակոբ Արշակյանի լիազորությունները պետք է դադարեցվեն մինչեւ գործի քննության ավարտը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբում արշալույսները դեռեւս խաղաղ չեն: Բանն այն է, որ, դատարանի որոշման հիման վրա, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը միացած 40 գեներալներից շատերը տարբեր խոսակցությունների ժամանակ կարծիք են հայտնել, թե ՊՆ-ում այդպես շարունակվել չի կարող, եւ միգուցե առաջիկայում հրաժարականների շքերթ լինի: Միեւնույն ժամանակ գեներալների մի մասն էլ ասել է, թե այլեւս այլընտրանք չկա, պետք է իրենք մնան եւ շարունակեն իրենց ծառայությունը՝ հանուն հայրենիքի եւ բանակի: Ինչպես հայտնի է, վարչապետի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը ՊՆ-ում ներկայացվել է որպես ԳՇ պետ, սակայն Օնիկ Գասպարյանն էլ չի հանձնվում. իրեն ազատելու մասին որոշումը դատարանում վիճարկելուց զատ նաեւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 6.7 տոկոսով: Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.3 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ մարդկանց գնողունակությունը բավականին նվազել է։ Անկում արձանագրվել է նաեւ արդյունաբերության ոլորտում. ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալները 7.9 տոկոսով են պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ նաեւ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 12.2 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալներն են 5.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 15.8 տոկոսով: Եւ այս տխուր ցուցանիշների ֆոնին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է, թե այս փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Նախարարն արդարացել է՝ նշելով, որ նախորդ տարվա փետրվարին տնտեսական անկումն ավելի քիչ է կազմել, քանի որ փետրվարը մեկ օր ավել է ունեցել։ Ապա վերահաստատել է իր նպատակը՝ «երկնիշ տնտեսական աճ»: Թե այս ցուցանիշներով Հայաստանը երբ կունենա երկնիշ տնտեսական աճ, առայժմ հայտնի չէ: