Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին որպես օգնություն ուղարկված գումարներից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Պարզվել է նաեւ հանցագործության կատարման եղանակը, ինչի արդյունքում մեղադրանք է առաջադրվել երեւանաբնակ Արաքսյա Հովհաննեսյանին. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակչուհի, 34-ամյա Արաքսյա Հովհաննեսյանը, տեղեկանալով, որ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Կուսա քաղաքում բնակվող Նինա Աճեմյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով վիրավորված զինվորներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով դրամահավաք է կազմակերպել, կապ է հաստատել վերջինիս հետ եւ առաջարկել նրա կողմից հավաքված գումարները փոխանցել իրեն, որպեսզի ինքն անձամբ փոխանցի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող եւ ֆինանսական կարիք ունեցող կոնկրետ զինվորների:
Ստանալով Նինա Աճեմյանի համաձայնությունը՝ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արաքսյա Հովհաննեսյանը պետք է անձամբ այցելի բժշկական հաստատություններ, լուսանկարի վիրավորում ստացած զինվորներին, նկարները, ինչպես նաեւ զինվորների կենսագրական տվյալներն ուղարկի ՌԴ, որպեսզի օգնությունը նախաձեռնած Նինա Աճեմյանը իր ինստագրամյան էջով զինվորների համար կազմակերպի դրամահավաք եւ հավաքված գումարը փոխանցի Արաքսյա Հովհաննեսյանին: Վերջինս իր հերթին, ըստ պայմանավորվածության, պետք է տրամադրի կոնկրետ գումար կոնկրետ զինվորին, միաժամանակ գումարի տրամադրման պահը պետք է տեսանկարահանի եւ տեսանյութն ուղարկի դրամահավաքը կազմակերպած անձին:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արաքսյա Հովհաննեսյանի կողմից ՌԴ-ում բնակվող Նինա Աճեմյանին են ուղարկվել փաստացի բուժօգնություն ստացող մի շարք զինվորների լուսանկարներ, որոնք համացանցում տեղադրելու միջոցով կազմակերպվել է դրամահավաք եւ ստացված գումարները կոնկրետ հինգ զինծառայողի անվամբ, յուրաքանչյուրին 200.000-ական ՌԴ ռուբլի տրամադրելու պայմանով, ուղարկվել է Արաքսյա Հովհաննեսյանին:
Քննության տվյալներով, սակայն, վերջինս, ստանալով հիշյալ գումարները եւ փաստացի իրեն վերապահվելով վստահված գույքն առաքելու եւ տիրապետելու լիազորություն, օգտվելով դրանից, շահադիտական նպատակներով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ վիրավորում ստացած զինվորներին փոխանցված գումարների մի մասը հափշտակելով յուրացրել է:
Այսպես, փոխանցված 200.000-ական ՌԴ ռուբլի գումարներից վերջինս ՀՀ դրամով փոխարկել է 150.000 ՌԴ ռուբլին, ստացել 982.500 ՀՀ դրամ գումար, որից 150.000 ՀՀ դրամ գումարը տեղադրել է մի ծրարի մեջ, մյուս 50.000 ՌԴ ռուբլին մեկ այլ ծրարի մեջ եւ դրանք առանձին-առանձին տրամադրել կոնկրետ հասցեատերերին, տեսանկարահանել գումարի տրամադրման պահը, որի ընթացքում ծրարները փոխանցելուց հայտարարել է, որ առաջինի մեջ առկա է 50.000 ՌԴ ռուբլի, իսկ երկրորդ ծրարը փոխանցելուց հայտարարել է, որ փոխանցվում է 150.000 գումար՝ չխոսելով կոնկրետ արտարժույթի մասին եւ դիտավորյալ լռելով կոնկրետ արտարժույթի մասին հայտարարություն անելուց՝ մոլորեցրել է ռուսաստանաբնակ կնոջը եւ վերջինիս գումարներ ուղարկող անձանց, կեղծ պատրանք ստեղծել, որ փոխանցում է ամբողջ գումարը եւ իր գործողություններով, իբր, հիմնավորել վերջիններիս հանձնված գումարը նպատակային նշանակության օգտագործելու հանգամանքը՝ այդկերպ յուրացման եղանակով հափշտակելով ընդհանուր 3.998.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հովհաննեսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Ա. Հովհաննեսյանի գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Զոհված զինծառայողների մասունքների ԴՆԹ հետազոտության ընթացքում երբեմն անհրաժեշտություն է առաջանում կրկնակի փորձաքննություն անցկացնել, ինչը համապատասխան ժամանակ է պահանջում: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ մեկնաբանելով մի խումբ ծնողների ու հարազատների բողոքն այն մասին, որ մինչեւ օրս իրենց որդիների եւ հարազատների մասունքների ԴՆԹ փորձաքննություն չի իրականացվել։ «Կան աճյուններ, որոնց դեպքում առաջին անգամ հնարավոր չի եղել ԴՆԹ որոշել: Այդ դեպքում մարմինները կամ մասունքները կրկնակի փորձաքննության են ենթարկվում»,- մանրամասնել է Խաչատրյանը: Անդրադառնալով մինչեւ ԴՆԹ հետազոտության անցկացումը զոհված զինծառայողների աճյուններին հող լինելու հանգամանքին՝ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ գործընթացն իրականացվում է՝ օրենքի տառին համապատասխան: «Ըստ այդմ՝ զոհված զինծառայողների դիերը լվանալ չի կարելի: Լվանալուց հետո պարզապես անհնար կլինի ԴՆԹ փորձանմուշ վերցնել»,-ընդգծել է Հ. Խաչատրյանը: Արցախի ՆԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հունան Թադեւոսյանն էլ մանրամասնել է, որ ռազմագործողությունների վայրերում զոհված զինծառայողների մարմիններ հայտնաբերելու դեպքում, նախ, Քննչական ծառայությունը ստուգում է նույնականացնող փաստաթղթերի առկայությունը, գրանցում կատարում, որից հետո միայն աճյուններն ու մասունքներն ըստ հայտնաբերման վայրի առանձնանշվում են եւ ուղարկվում՝ ԴՆԹ հետազոտության: «Աճյուններին շատ հող լինելու պարագայում մաքրվում է միայն հագուստը»,-ընդգծել է Թադեւոսյանը:
ԱՆԱՐԴՅՈՒՆՔ
Շուշիի շրջանի Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքները նախատեսվում է շարունակել այսօր՝ հյուսիսարեւելյան (Մատաղիս-Թալիշ) ուղղություններում, իսկ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների թիվը մարտի 20-ից այս կողմ չի փոխվել: Վերջին տվյալներով՝ հայտնաբերված մարմինների եւ աճյունների ընդհանուր թիվը 1518 է:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊՆԴԵԼ
Իշխանությունները որեւէ նպատակ չունեն պատերազմի պարտության սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր. այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մենք որեւէ նպատակ չունենք սլաքներն ուղղելու դեպի Զինված ուժեր, Զինված ուժերը նույնիսկ պատերազմի մասին զեկույց պետք է պատրաստեն` հենց Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ. եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք»,-ասել է Գրիգորյանը` ի պատասխան դիտարկման, թե կառավարությունն ուզում է պարտության սլաքներն ուղղել դեպի ԶՈւ: Արմեն Գրիգորյանը նաեւ շարունակում է պնդել իր ավելի վաղ արված հայտարարությունը, թե պատերազմը դադարեցնելու քննարկումն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի անվտանգության խորհրդի նիստում եւ ոչ թե ավելի վաղ, ինչի մասին իր ուղերձում հայտարարել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
ԿՇԱՀԵՆ ԲՈԼՈՐԸ
Զրպարտության դեպքում փոխհատուցման չափը չի կարող գերազանցել 6 միլիոն դրամը, իսկ վիրավորանքի համար՝ 3 միլիոն դրամը: Այդ փոփոխություններից կշահեն բոլորը: Այս մասին ասել է «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը նախատեսում է զրպարտության եւ վիրավորանքի համար դրամային փոխհատուցման չափի բարձրացում: Նրա խոսքով՝ տուգանքներ ու պատժամիջոցներ նախատեսված չեն, ընդամենը բարձրանում է փոխհատուցման շեմը: Նա բացատրել է, որ շատ երկրներում, բացի նրանից, որ կարող եք փոխհատուցում ստանալ, կան նաեւ տուգանքներ: «Պետությունը միայն բարձրացնում է փոխհատուցման շեմը եւ ասում, որ եթե լրատվամիջոցները զրպարտություն են հրապարակում, եւ տնտեսվարող սուբյեկտին պայմանականորեն վնաս է հասցվում 10 միլիոն դրամի չափով, ապա հնարավոր է փոխհատուցում ստանալ ոչ թե 2 միլիոն դրամի չափով, ինչպես նախկինում էր, այլ 6 միլիոն դրամի չափով»,-հավելել է պատգամավորը: Նշենք, որ ավելի քան 10 լրագրողական կազմակերպություններ ՀՀ նախագահին կոչ են արել չստորագրել այդ օրենքը՝ փոփոխությունը համարելով չափազանց վտանգավոր: Լրագրողական կազմակերպությունների գնահատմամբ՝ բազմաթիվ խնդիրների առկայության դեպքում նման հայցերով դատական որոշումները կարող են ճակատագրական լինել լրատվամիջոցների հետագա գործունեության համար: