ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես, ներմուծվում է դպրոցների միացյալ եւ առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է: Ո՞ր դեպքում է կազմվում առանձին, ո՞ր դեպքում` միացյալ խորհուրդ:
Համաձայն կարգի` հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձեւավորվում է 3 տարի ժամկետով` իբրեւ առանձին հաստատության խորհուրդ, առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրեւ միացյալ խորհուրդ` առավելագույնը երեք հաստատության համար: Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ: Ովքե՞ր եւ ինչպե՞ս են ձեւավորում դպրոցների կառավարման խորհուրդները
Խորհրդի անդամներին առաջադրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երեւանի քաղաքապետարան), մանկավարժական եւ ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների առանձին խորհուրդներում ԿԳՄՍ նախարարն առաջադրում է մեկական, միացյալ խորհուրդներում՝ երկուական անդամ:
Մարզային ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է խորհրդի 4 անդամ, որից երկուսին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Միացյալ խորհուրդներում մարզպետն առաջադրում է 5 անդամ, ընդ որում՝ կախված ուսումնական հաստատությունների թվից՝ մեկական անդամ ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները:
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների խորհուրդներում Երեւանի քաղաքապետն առաջադրում է 4 անդամ: Դպրոցի մանկավարժական եւ ծնողական խորհուրդներն իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի 2-ական անդամ, ընդ որում՝ նույն անձը խորհրդի կազմում չի կարող ընդգրկվել 2 անգամ անընդմեջ:
Կառավարման խորհրդի կազմում նախարարի, լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի եւ ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ ուսհաստատության աշխատակից: Հանրակրթական դպրոցի տնօրենը եւս չի կարող լինել խորհրդի կազմում:
ԿԳՄՍ նախարարությունը, մարզպետը եւ Երեւանի քաղաքապետն ուսումնական հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձեւավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, ըստ ենթակայության, կազմակերպում եւ ապահովում են կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների ընտրություն: Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ անդամը: Խորհրդի նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ` անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նիստերն արձանագրում է խորհրդի նախագահի կողմից առաջադրված եւ ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված քարտուղարը:
Խորհրդի անդամի պարտավորությունները, լիազորությունները եւ դրանց դադարեցման հիմքերը սահմանվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով:
Հավելենք, որ դպրոցի կառավարման խորհրդի կարեւոր գործառույթներից են հաստատության տնօրենի ընտրությունը, ինչպես նաեւ հաստիքային եւ տարիֆիկացիոն ցուցակների, դպրոցի ծախսերի նախահաշվի եւ բյուջեի հաստատումը:
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պատասխանատու այլ անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող հարցերի շուրջ համագործակցության ուղղությունները:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հավի ձվի շուկայում ստեղծված իրավիճակին: Քննարկվել են նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի որակական եւ քանակական հատկանիշների վերահսկողությանն առնչվող, ինչպես նաեւ սննդի անվտանգության, մասնավորապես՝ թթվասերի եւ թթվասերային արտադրանքի պատշաճ մակնշման եւ մակնշումներին համապատասխան որակական հատկանիշների ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցեր: Գեղամ Գեւորգյանն ընդգծել է, որ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խոշոր առեւտրային ցանցերում իրականացվել եւ շարունակվում են իրականացվել ամենօրյա մշտադիտարկումներ: Արդեն իսկ պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին եւ առեւտրային ցանցերին:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ
Կառավարությունը փոփոխություններ է կատարել «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգում: Երկար քննարկումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ ներկայացրել է, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ այս պահը բանկային երաշխիք չէր պահանջվում մինչեւ 10 մլն-դրամանոց պետական գնումների պարագայում, այս շեմը հիմա բարձրանում, դառնում է 25 մլն դրամ: Նախկինում տուժանքի տոկոսը 100 տոկոս էր, հիմա այն նվազեցվում է 15 տոկոսի: 25-70 մլն դրամի գնումների դեպքում բանկային երաշխիքը 100 տոկոսից նվազեցվում է 15 տոկոսի: 70 մլն դրամից ավելի պետական գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազեցվում է 30 տոկոսի:
25 մլն դրամից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի կարող է ներկայացվել ընկերության կողմից թողարկված ապահովագրական երաշխիք: 2021-ի համար կանխավճարի չափը, որը մինչ այս պահը 20 տոկոս էր, հիմա մեծացվում է մինչեւ 50 տոկոս: Սա այն կանխավճարն է, որը պետությունը վճրում է շահած ընկերությանը: 2022 թվականի այն կդառնա 30 տոկոս:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Տավուշի մարզում նվազել է տնտեսական ակտիվությունը։ Դիլիջանում տնտեսական կյանքն աշխուժանում է ամռան շրջանում, երբ մեծ թվով հովեկներ եւ հանգստացողներ են լինում քաղաքում, աշխուժանում է առեւտրի եւ սպասարկման ոլորտը։ Իջեւան քաղաքի կենտրոնում աշխատող տաքսիստները դժգոհում են, որ քիչ պատվերներ են ունենում։ Քաղաքի բնակիչները հիմնականում առեւտուր են անում մարզկենտրոնում գործող սուպերմարկետներում, իսկ Իջեւանի մյուս մասերում գործող միջին եւ փոքր խանութները քիչ հաճախորդներ են ունենում։ Վերջին մեկ տարում Իջեւանի տնտեսական կյանքում նորությունը նախկին հանրախանութի շենքում գործարկված կարի 2 արտադրամասերն են, որոնց արտադրանքն առաքվում է Ռուսաստան։
Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում գործող միջին մեծության խանութի տերը դժգոհեց, որ, նախորդ տարիների համեմատ, քչացել են գնորդները. նոյեմբերյանցիները հիմնականում առեւտուր են անում 5500 բնակիչ ունեցող քաղաքի երկու սուպերմարկետներում։ Նոյեմբերյան համայնքի տնտեսական կյանքում վերջին տարիների նորությունը Նոյեմբերյանի բարձունքում՝ դեպի Ջուջեւան գյուղ տանող միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ տոհմային կովերի անասնաֆերմայի եւ կաթի վերամշակման արտադրամասի գործարկումն է։ Վիճակն առավել վատ է գյուղերում, որտեղ խանութներում առկա են ապառիկ գնումների հաստ տետրեր։ Սահմանամերձ գյուղերի բնակիչների մեծ մասը գնողունակ չէ, սնունդ, խմիչք, ծխախոտ, տնտեսական ապրանքներ գնում է «նիսյա»՝ դրանց դիմաց պարտքերը խանութին մասամբ մարելով ընտանեկան նպաստ կամ կենսաթոշակ ստանալու օրերին։
Գյուղերում առեւտրի ծավալները ցածր են նաեւ այն պատճառով, որ սահմանամերձ գյուղերում թաղամասեր կան, որտեղ գիշերները 1-2 տանն է լույս վառվում, մնացած առանձնատների բնակիչները վաղուց գտնվում են արտերկրում, հիմնականում՝ Ռուսաստանում։ Ցավոք, արտագաղթի միտումը շարունակվում է։ Անցյալ տարվա աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում պարտությունը Տավուշի մարզի սահմանագոտու բնակիչների շրջանում հոռետեսական տրամադրություններ է առաջացրել, ինչը դեպի Ռուսաստան արտագաղթի նախադրյալներից մեկն է։
ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ՝ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Դիլիջանի համայնքապետարանից հայտնում են, որ Դիլիջան քաղաքի Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոցի երկու դասասենյակներ անվանակոչվել են 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված փոխգնդապետ Կարեն Հակոբյանի եւ շարքային տանկիստ Բորիս Եսայանի անուններով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ