ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինվորները պղծել են Արցախի Մատաղիսի Սբ Եղիշե եկեղեցին․ ՀՀ ՄԻՊ- ը կդիմի միջազգային կառույցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները վանդալիզմի ենթարկում Արցախի Մատաղիսի 19-րդ դարի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին։

«Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով եկեղեցին դիտավորյալ անարգելը ու ակնհայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է Թաթոյանը։

Նա հայտնել է, որ տեսանյութում նրանք մինչև եկեղեցի մուտք գործելը ասում են հետևյալը. «Եկեք, հիմա մտնենք սրանց (նկատի ունի՝ հայերի-խմբ.) եկեղեցի, որտեղ ես արդեն նամազ եմ արել»։

Եկեղեցի մուտք գործելուց հետո էլ ասել են. «Սա հայերինն է, այստեղ ամեն ինչ հայերինն է, պոկել ենք»։

«Ակնհայտ է, որ սա թե´ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում, խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի մասին է, այլ սա Արդբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը:

Սույն դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնելու է միջազգային մարմիններին` նշելով, որ այն հերթական ապացույցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:

Արման Թաթոյանը գրառմանը կից նաև շնորհակալություն է հայտնել Վահրամ ավագ քահանա Մելիքյանին` եկեղեցին նույնացնելու հարցում աջակցելու համար, ինչպես նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Մելքոնյանին՝ ճշգրիտ թարգմանության հարցում աջակցելու համար:




Լրահոս