ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՐԵԿՎԱՆԻՑ «ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻԱԿՆԵՐ» ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը վերջացած է»- 2020 թվականի սեպտեմբերի 16-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Հրայր Թովմասյանին երկար չարչարանքներից հետո գահընկեց արեցին։ Այս հայտարարությունից 6 ամիս անց նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ գործուղված դատավորները միաձայն

ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչեցին։ Այդ հոդվածով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մի շարք նախկին պաշտոնյաների՝ 2008-ի «Մարտի 1»-ի գործի անվան տակ, որը, փաստորեն, հակասում է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին եւ անվավեր պետք է ճանաչվի։ Նկատենք՝ երբ 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց այդ հոդվածով, որով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փորձում էին ապացուցել, թե Քոչարյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, շատ մասնագետներ եւ իրավաբաններ նշում էին, որ ի սկզբանե այն ձախողված գործ է: Սակայն Դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, նաեւ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հպարտանում էին, որ կարողացել են մեղադրանք առաջադրել երկրորդ նախագահին եւ կալանավորել, ու արդարությունն արդեն իսկ հաղթանակել է: Սակայն գրեթե երեք տարի անց Սահմանադրական դատարանը ուշագրավ որոշում կայացրեց եւ այդ հոդվածը ճանաչեց հակասահմանադրական։ Երեկ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է։ «ՍԴ-ի որոշման ուժով այն բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն ու ենթակա են վերանայման», – նշեց նա՝ հպարտանալով, որ իր պաշտպանյալը, ըստ էության, «մաքրվեց»։ Իսկ ինչ արժեցավ հակասահմանադրական ճանաչված այս հոդվածը մեր երկրի վրա. 2018 թվականի նոյեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչվեց Յուրի Խաչատուրովը՝ հենց այդ մեղադրանքով, մինչեւ այժմ հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը եւս մեղադրվում են այդ հոդվածով: Այսինքն՝ հայոց բանակի գլխավոր շտաբի 3 նախկին պետեր հետապնդվեցին այս ապօրինի հոդվածով, եւ այսօր պետք է ասենք, որ երեք տարի ձգված դատական պրոցեսը, ըստ էության, անօգուտ զբաղմունք էր, որի արդյունքում Հայաստանն էլ հայտնվեց իրավական մեծ փոսում:

Հիշեցնենք, որ ՍԴ-ի կողմից մերժված այս հոդվածը դեռ 2008-ին կալանավորված քաղբանտարկյալների գործի եվրաքննության ժամանակ վիճահարույց էր ճանաչվել։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա եւ հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նկատենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ են երկու երկրների ղեկավարները հանդիպելու: Առաջին անգամ նրանք հանդիպեցին եռակողմ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ, հունվարի 11-ին: Եվ չնայած այդ հանդիպման արդյունքներով հայտարարություն էր ընդունվել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե այնքան  էլ գոհ չէր մնացել հանդիպումից եւ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե շատ հարցեր այդպես էլ չեն լուծվել, եւ ցավալի կերպով չի հաջողվել նաեւ ամբողջովին կարգավորել ռազմագերիների վերադարձի հարցը: Սակայն այդ հանդիպումից հետո որոշում էր կայացվել փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել եւ լուծել ապաշրջափակման հարցը: Եվ, ահա, ապրիլի 7-ին Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները կհանդիպեն երկկողմ ձեւաչափով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեր ստացած տեղեկության մասով մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից, սակայն վերջինս նշեց, թե նման տեղեկության չի տիրապետում: «Այդպիսի հայցերի մասին նախապես տեղեկություն հաղորդում ենք լրատվամիջոցներին եւ հանրությանը», – նշեց նա:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ այս օրերին թեժ քննարկվում է «Իմ քայլ»-ի ցուցակում անձանց անուններն ու քանակը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները գործի են անցել, մեկը-մյուսին վարկաբեկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ամեն ինչ անում են, որ իրենց համար ոչ ցանկալի մարդիկ ցուցակներում չլինեն: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ վարկաբեկման գործին լծվել են վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մենք տեղեկացանք, որ այս անձինք են Նիկոլ Փաշինյանին հորդորում, թե ում է պետք վստահել կամ թիմում պահել: Տեղեկացանք, որ այս երեք անձանց ովքեր դուր չեն գալիս, ամեն գնով հասնում են նրան, որ վարչապետի աչքից գցեն, հեռացնեն իրենց շարքերից: Ու, ըստ մեր տեղեկությունների, այս եռյակին հաջողվում է, իրենց մարդկանց առաջ բրթել, իսկ իրենց համար «սեւերին» ցուցակից դուրս թողնել: Ու դա դարձել է պատճառ, որ վարչապետի թիմակիցները հերթագրվում են վարչապետի մոտ անձամբ մտնելու, իրենց ներկայացնելու, համապատասխան բացատրություններ տալու եւ «սեւ ցուցակից» դուրս գալու համար:

 

 

 

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է վնասով: Ամեն դեպքում, դա են վկայում տվյալները, որոնք Երեւանի քաղաքապետարանը տրամադրել է՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան: 2016-2020թթ գրանցվել է ուղեւորահոսքի աճ, սակայն 2020թ.-ին COVID-19-ի հետ կապված սահմանափակումներով, մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ, ինչպես նաեւ պատերազմական դրությամբ պայմանավորված՝ գրանցվել է ուղեւորահոսքի կտրուկ նվազում. 2019 թվականին այն կազմել 19 մլն 993 հազար 203 ուղեւոր, 2020 թվականին՝  10 մլն  747 հազար 551 ուղեւոր: Սակայն քաղաքապետարանը չկարողացավ տեղեկություն տրամադրել վերանորոգման կամ հիմնանորոգման ծախսերի մասին, քանի որ դրանց վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվել են իրավապահ մարմիններին հարուցված քրեական գործի շրջանակներում, որը գտնվում է նախաքննության փուլում։ Օրինակ՝ նվազել է նաեւ մետրոպոլիտենի սրահներում եւ վագոններում տեղադրված գովազդներից ստացված հասույթը: Եթե  մետրոպոլիտենը 2018 թվականին ստացել էր 93 մլն դրամ, 2019 թվականին՝ 115 մլն դրամ, ապա 2020 թվականին կտրուկ նվազում է եղել, եւ թիվը կազմել է 61 մլն դրամ։  Դրա հետ մեկտեղ 2020թ. աշխատավարձի բյուջեն կազմել է 2 միլիարդ դրամ, իսկ միջինացված աշխատավարձն էլ՝ 176 հազար դրամ: Շատ են նաեւ կոմունալ ծախսերը. 2020թ կատարված կոմունալ ծախսերն են՝ գազ՝ 12 մլն դրամ, էլեկտրաէներգիա՝ 509 մլն դրամ, կապի ծառայություններ՝ 9 մլն ՀՀ դրամ, ջուր՝ 41 մլն ՀՀ դրամ։ Այսինքն՝ այս թվերը եւս վկայում են, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է վնասով, վերանորոգում էլ վաղուց չի կատարվել, մինչդեռ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստանում էր մետրոյի նոր կայարան կառուցել։ Պարզվում է՝ նույնիսկ եղածը չենք կարողանում պահել։




Լրահոս