5 ԱՆՁԻ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել մոր եւ դստեր կողմից երկու անգամ՝ համապատասխանաբար 2018 թվականին եւ 2019 թվականին, նախնական համաձայնությամբ, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու նորածին երեխաների վաճառքի եւ հանցակցությամբ խնամքը ստանձնելու նպատակով հիշյալ երեխաների առքի վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.

 

«Մասնավորապես, պարզվել է, որ Լոռու մարզի բնակչուհին իր ծննդաբերած, 2018 թվականի ծնված երեխային վաճառելու շուրջ մոր հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն, եւ Երեւան քաղաքի բնակիչների խնամքին հանձնելու նպատակով 2018թ. հունիսին նրանք երեխային հանձնել են խնամքը ստանձնող ամուսիններից մեկի հորը՝ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն՝ երեխային 964.480 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ: 2018թ. հուլիսին Ալավերդի քաղաքի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 241.120 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, իսկ սեպտեմբերին ստանալով 578.688 ՀՀ դրամին համարժեք 1.200 ԱՄՆ դոլլար գումար՝ երեխայի մայրը նոտարական վավերացմամբ հայտարարություն է ստորագրել երեխայի խնամքից եւ դաստիարակությունից հրաժարվելու մասին:

Նույն անձը իր ծննդաբերած մեկ այլ՝ 2019 թվականի ծնված երեխային վաճառելու շուրջ եւս նախնական համաձայնություն է ձեռք բերել մոր հետ, եւ ծննդատնից դուրս գրելիս նրանք երեխային հանձնել են Ալավերդի քաղաքի բնակիչների խնամքին՝ վերջիններիս հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով երեխային 2.158.650 ՀՀ դրամին համարժեք 4.500 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ: Արդյունքում 2019թ. դեկտեմբերին Ալավերդի քաղաքում խնամքն ստանձնողի կողմից Թումանյանի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 95.240 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար, իսկ գումարի մնացած մասը ստանալու նպատակով խնամքը ստանձնողներից պահանջել են գրել պարտավորագիր:

2020թ. փետրվարին երեխայի մայրը խնամքը ստանձնողի անվամբ տվել է երեխային Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու համար նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որից հետո երեխային տեղափոխել են Ռուսաստանի Դաշնություն:

Նկարագրված արարքների կատարման ժամանակ երեխայի առք եւ վաճառք իրականացրած անձանց մի մասի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում հայտնվել են կեղծ տեղեկություններ: Նկարագրված արարքների համար երեխաների առքն ու վաճառքն իրականացրած, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդած 5 անձինք քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 169.1-րդ հոդվածներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նաեւ նշված հանցավոր արարքներում ներգրավված այլ անձնաց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՁԵՎԱՆՄՈՒՇ Է ՄՇԱԿԵԼ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը մշակել է դիմումի ձեւանմուշ ընտանիքում անհետ կորած անձ ունեցողների համար, որը կարող է ուղենշային լինել  քաղաքացուն անհետ կորած ճանաչելուն ուղղված գործընթացը սկսելու համար։ Համաձայն օրենքի փոփոխության՝ երեք ամիս զինծառայողի մասին տեղեկություն չունենալու դեպքում կարելի է դիմել դատարան՝ սահմանված կարգով անհետ բացակայող ճանաչելու համար։ Ձեւանմուշն ունի ընդամենը ուղղորդող նշանակություն, յուրաքանչյուր դեպքով դիմումի ձեւանմուշն օգտագործելիս պետք է անդրադառնալ եւ լրացնել տվյալ զինծառայողի հետ կապված փաստական տեղեկությունները։ Հիմնադրամի պոտենցիալ շահառուներին իրավական խնդիրների դեպքում անվճար աջակցություն է ցուցաբերում Հանրային պաշտպանի գրասենյակը:

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Օձուն գյուղի 34-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համագյուղացին է: Նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակիչը 2020 թվականի փետրվարի 20-ին գյուղի հրապարակում վիճաբանել է 34-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր մոտ գտնվող որսորդական հրացանով բազմակի կրակոցներ է արձակել նրա կենսական կարեւոր օրգանների՝ գլխի եւ որովայնի շրջաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ինչի հետեւանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 28-ամյա երիտասարդին  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ներգրավվել է պետական գնումների հետ կապված բողոքի քննության նիստին։ Նիստին քննարկվել է այն հարցը, որ պատվիրատու կազմակերպության գրության հիման վրա Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գործարարին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ։ Ըստ պատվիրատուի՝ մասնակիցը մրցույթին ներկայացրել է հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող բնութագրերով ապրանք։ Գնահատող հանձնաժողովը մասնակցից պահանջել է շտկել անհամապատասխանությունը, ինչը չի իրականացվել։ Գործարարի պնդմամբ՝ ընկերությունը գնումների գործընթացին մասնակցել է համարժեք ապրանքով, հետեւաբար չափորոշիչների ոչ ամբողջական համընկնում հնարավոր էր։ Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներկայացրել է հօգուտ տնտեսվարողի դիրքորոշումը մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ։ Արդյունքում տնտեսվարողը չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

 

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ ՈՒ ԿՈՂՈՊՈՒՏ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ծեծկռտուքի եւ կողոպուտի փաստով։ Մարտի 24-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, սուպդորալ հեմատոմա հարցականով, ուղեղային կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Գետարգել գյուղի բնակիչ, 25-ամյա Գեղամ Խալաթյանն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ տղան ծեծի է ենթարկվել Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Գայի պոստի»-ի հարեւանությամբ գտնվող «Գաի» մարկետում։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Գ. Խալաթյանը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, եւ մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Գ. Խալաթյանին ծեծի են ենթարկել Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 45-ամյա Ղեւոնդ Դավթյանը, 42-ամյա Վիգեն Շիրինյանը եւ ինքնությունը դեռեւս չպարզված 2 անձինք։ Պարզվել է կասկածյալի ինքնությունը:

 

 




Լրահոս