ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրային քննարկում՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ կրթության փորձագետներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ անցյալ տարի Ազգային ժողովն ընդունել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որով մի շարք նոր կարգավորումներ են նախատեսված: «Նախադպրոցական կրթությունը ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններից է. 2023թ. համար ամրագրված է, որ անհրաժեշտ է առնվազն 70 տոկոս ընդգրկվածություն ապահովել այս տարիքային խմբի համար: Ներկայում քայլեր ենք ձեռնարկում այդ ընդգրկվածությունը մեծացնելու համար: Մասնավորապես, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունումից հետո մշակվել եւ հաստատվել է նախադպրոցական կրթության ոլորտում ծախսարդյունավետ եւ այլընտրանքային մոդելների ներդրման կարգը: Առաջիկայում կհայտարարենք մրցույթ, որին կարող են մասնակցել եւ պետական աջակցություն ստանալ այն համայնքները, որոնք չունեն նախադպրոցական կրթության ծառայություններ»,- նշել է փոխնախարարը եւ հավելել, որ որոշ խմբերի համար նախատեսվում է նաեւ նախադպրոցական կրթության ծառայություններից օգտվելու պետական ֆինանսավորում, որն այս պահին քննարկման փուլում է:
«Հուսով ենք՝ այդ նախագիծը կներառվի հաջորդ տարվա բյուջետային հայտում: Դրանով նախատեսվում է կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռել օգտվել նախադպրոցական կրթության ծառայություններից: Ընդգրկվածության ծավալները մեծացնելուց զատ, շատ կարեւոր է նաեւ, թե ինչ բովանդակության կրթություն եւ ինչ ծառայություններ ենք տրամադրում երեխաներին: Այս տեսանկյունից կարեւոր է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի նախագիծը, որը մշակել է աշխատանքային մեծ խումբ»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ փոխնախարարի՝ նախադպրոցական եւ բարձրագույն կրթության ոլորտի գործող մասնագետներ են, ինչպես նաեւ տարբեր ուղղություններով մասնագիտացած փորձագետներ, մասնավորապես՝ հոգեբաններ, ներառական կրթության մասնագետներ:
«Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանակրթության պետական չափորոշչի փոփոխությամբ, եւ դա բնական է, քանի որ նախադպրոցական կրթությունը դիտելով իբրեւ հանրակրթության սկզբնական աստիճան՝ մենք պետք է փորձենք դրանց միջեւ ապահովել հարթ անցում: Հետեւաբար, չափորոշիչը մշակվել է հենց այդ տրամաբանության հիմքով՝ երկու տեսանկյունից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ երեխաների կրթության գործընթացում կարեւորելով ամբողջական տրամաբանության եւ մոտեցման ապահովումը:
Ըստ փոխնախարարի՝ չափորոշչի հաստատումից հետո մեծ աշխատանք է նախատեսվում՝ առաջին հերթին նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման եւ ներդրման ուղղությամբ: «Հիշեցնեմ, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարեւոր փոփոխություններից մեկը ոլորտի մասնագետների՝ տարեկան առնվազն 1/5-ի շարունակական վերապատրաստումն է: Սա շատ կարեւոր բաղադրիչ է, քանի որ մշակված բոլոր լավ ծրագրերը կմնան թղթի վրա, եթե չունենանք այն մարդկային ռեսուրսը, որի միջոցով դրանք կարող են կյանքի կոչվել: Չափորոշիչն իրականացվող փոփոխությունների ընդամենը մի բաղադրիչն է. ամբողջական փոփոխություններ տեղի կունենան, եթե բոլոր գործընթացներն իրականացնենք փոխկապակցված, համահունչ եւ ժամանակային ճիշտ հաջորդականությամբ»,- ասել է փոխնախարարը:
ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ երեկ արդյունավետ քննարկում են ունեցել Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ, որի արդյունքներով՝ առաջարկվում է Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնել: Ընդ որում, ըստ վարչապետի՝ առաջարկվում է ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով եւ ծրագիրը ֆինանսավորել հետեւյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ, եւ Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ:
«Այսինքն՝ կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով եւ կիրականացնենք բնակարանաշինության եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը: Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով, ըստ էության, ոչ միայն պետք է իրագործենք 2020 թվականի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» դրույթը, այն է՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլեւ պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալ-տնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր: Կարծում եմ՝ երեկ կայացրած որոշումները շատ ամուր հիմք կարող են դառնալ այդ զարգացումներն ապահովելու համար», – ասել է Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ այսօր քննարկումներ են ունենալու Անվտանգության խորհուրդների կազմերով, քննարկելու են անվտանգային միջավայրին եւ ապագայի շուրջ ռազմավարական պատկերացումների վերաբերյալ հարցեր:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախում բնակարանաշինության եւ ենթակառուցվածքների վերականգնման համար 110 մլրդ ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշումն առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում: «Մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, եւ առաջիկա ամիսների ընթացքում եւս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակենք: Այդ նախագծերում միշտ հաշվի ենք առնում այսօրվա իրականությունը, զուգահեռ պլանավորում հողահատկացման, բնակիչների հետագա զբաղվածության ապահովման աշխատանքները, քննարկում ենք նաեւ կոոպերացիայի ժամանակակից մոդելներ»,- ասել է Արցախի նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով կիրականացվեն օրակարգային առաջնահերթության բոլոր հարցերը:
ԱՂՍՏԵՎԸ ՎԱՐԱՐԵԼ Է
Գրեթե ամեն տարի գարնանային հորդ անձրեւներից, սարերի ձյան հալոցքից առաջացած սելավներից Աղստեւ գետը վարարում է: Գետի մակարդակը խիստ բարձրանում է Աղստեւի ստորին հոսանքում՝ Իջեւան քաղաքում եւ քաղաքից դեպի հյուսիս ընկած տարածքներում։ Այժմ էլ հորդառատ անձրեւների հետեւանքով գետի մակարդակը բարձրացել է։ Իջեւանի համայնքապետարանը դիմել է քաղաքի բնակիչներին եւ տնտեսվարողներին՝ նրանց կոչ անելով պահպանել զգուշավորություն։ 2020թ. մայիսի 9-ին Իջեւան քաղաքից մոտ 20 կմ հեռավորությամբ գտնվող Հաղարծին գյուղում Դիլիջան քաղաքի 41-ամյա բնակիչն իր մարդատար ավտոմեքենայով ընկել էր վարարած Աղստեւ գետը, հոսանքն ավտոմեքենան քշել-տարել էր։ Երկար որոնումներից հետո՝ 2 օր անց՝ մայիսի 11-ին, փրկարարներին հաջողվեց գետում գտնել եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ձեւախեղված ավտոմեքենան, որի մեջ էր վարորդի դին։ Տարիներ են եղել, երբ վարարած Աղստեւը դուրս է եկել հունից եւ Իջեւան քաղաքում հեղեղել Իջեւան քաղաքով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, խափանել երթեւեկությունը։
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, ուստի Աղստեւ գետի մակարդակը կշարունակի բարձրանալ։ Աղստեւի գարնանային վարարումներից միակ օգուտն այն է, որ վարարած գետը քշում-տանում է Իջեւան քաղաքի բնակիչների կողմից, գետափնյա սննդի եւ առեւտրի օբյեկտներից, մսի վաճառքի կետերից գետ նետված կենցաղային տարատեսակ աղբը։ Գարնանը վարարած Աղստեւն այդ առումով սանիտարի դեր է կատարում։
ՈՐԴԻՆ ԾԵԾԵԼ Է ՄՈՐԸ
Մարտի 15-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, ընթանում է Վարդան Իսկանդարյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծել է մորը՝ Հրանուշ Դանիելյանին՝ աջ ձեռքի ափով երկու անգամ հարվածելով նրա դեմքի շրջանում։ Վ. Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ առավելագույնը 100 հազարի դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով։ Վ. Իսկանդարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ