ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական օրենսգրքում հնարավոր փոփոխություններն ու արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը շարունակում է քաղաքական դաշտի թոփ թեման մնալ: Մասնավորապես, քաղաքական ուժերի համար կարծես թե սկզբունքային հարց է, թե ինչպիսին կլինի ընտրակարգը, եւ հենց դրանից էլ կախված կլինի՝ ով ում հետ եւ ինչպես կմասնակցի արտահերթ ընտրություններին:

 

Եթե խորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցել ցանկացած սցենարի դեպքում, ապա արտախորհրդարանական ուժերի պարագայում իրավիճակն այլ է: ««Բարգավաճ Հայաստան»-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով, ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը»,- երեկ՝ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ, ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը նշեց՝ ընտրություններին կմասնակցեն այն ընտրակարգով, որը կքվեարկի եւ կընդունի խորհրդարանական մեծամասնությունը։

«Ինչ վերաբերում է ընտրության ընտրակարգին, ապա այստեղ կանոնները իշխանության դաշտում են, իրենք են սահմանել խաղի այդ կանոնը։ ԲՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին, մեզ համար շատ ավելի կարեւոր է, որ լինեն ազատ եւ արդար ընտրություններ, վարչական որեւէ ռեսուրս չկիրառվի, ինչի ահազանգերը մենք արդեն ստանում ենք», – ասաց Զոհրաբյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը եւս մասնակցելու է ընտրություններին` ցանկացած ընտրակարգով, եւ պատրաստվում է հաղթել: Այս մասին էլ հայտարարել է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Եթե կհիշենք, մենք ենք առաջ բերել օր առաջ ընտրութունների գնալու օրակարգը, եւ կարեւոր է դրանք չհետաձգելը։ Կարեւոր է դրանց լեգիտիմությունը, կարեւոր է, որ դրանով թոթափվի էն լարվածությունը, որն այսօր կա։ Դրա համար ենք մենք նաեւ պնդում, որ խաղի կանոններն այսօր փոխել պետք չէ, բայց եթե այդպես լինի, միեւնույնն է, «Լուսավոր Հայաստան»-ը մասնակցելու է ընտրություններին, եւ հաղթելու ենք։ Մենք արդարության կողմից ենք խոսում, մենք արդար խաղի կանոնների մասին ենք խոսում», – ասաց ԼՀԿ-ական պատգամավորը։ Նա ընդգծեց՝ կարեւորում են, որ ընտրությունները չհետաձգվեն։

Արտախորհրդարանական ուժերի պարագայում իրավիճակը բարդ է: Նրանց համար առանցքային նշանակություն ունի հենց ընտրակարգը: Եվ խաղաքարտերը կարող են խառնվել, եթե ի վերջո փոփոխություն լինի, եւ ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով: Այդ պարագայում արտախորհրդարանական ուժերի միջեւ դաշինքներն ավելի հնարավոր կդառնան: Մասնավորապես, ՀՀԿ-ն, որը չնայած դեռ չի հայտարարում իր ծրագրերի մասին, ավելի հակված է համամասնական ընտրակարգի պարագայում ընտրություններին մասնակցել Ռոբերտ Քոչարյանի հետ միասին: Այսինքն, այդ պարագայում հիմնական պայքարը գնալու է Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Նկատենք՝ վերջինս խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ արդեն հայտարարել էր, որ ավելի հակված են փոխել Ընտրական օրենսգիրքը եւ գնալ ընտրությունների համամասնական ընտրակարգով:

Միեւնույն ժամանակ նոր Ընտրական օրենսգրքի նախագծում կան դրույթներ, որոնց իրականացումը ժամանակ է պահանջում:

Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունները, սակայն, շատ ավելի լայն են, քան ռեյտինգային ցուցակները հանելը ու միայն պարզ համամասնականը թողնելը։ Նոր տարբերակով, օրինակ, փոխվում է անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5 -ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչեւ 8։

Ն.Հ.

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ

Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը նշեց՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ի կեսօրին: Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոմեքենաներից սկսել են քարերով հարվածել հայկական մեքենաներին: «Այդ պահին ճանապարհով գնացող ավտոմեքենաներից մեկը կարողացել է խուսափել, իսկ դրա հետեւի մեքենան՝ ոչ: Միջադեպից հետո տեղի բնակավայրի քաղաքացիներն անմիջապես փակել են ավտոշարասյան ճանապարհը, ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցիների հրամանատարները դուրս են եկել, ներողություն են խնդրել: Ռուս հրամանատարը վարորդի տվյալները վերցրել է եւ խոստացել փոխհատուցում»,- ասել է Հունան Թադեւոսյանը՝ նշելով, որ վարորդը վնասվածք չի ստացել, վնասվել է միայն ավտոմեքենան:

 

 

 

ԱՆՎՃԱՐ ՏԵՂ ԿՀԱՏԿԱՑՎԻ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա եւ 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձեւով, ուսման վճարի փոխհատուցմամբ: ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու եւ բաշխելու մասին նախագիծը: Ասպիրանտական տեղերի հատկացման նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային կարեւորության ոլորտները: Մասնավորապես, նախապատվությունը տրվել է բնագիտական տեխնիկական, առողջապահական եւ այլ ոլորտներին: Այլ գերատեսչությունների եւ Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 8 առկա եւ 9 հեռակա անվճար ուսուցման տեղեր: Կարեւորվել է նաեւ բուհերի եւ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների տարիքային շեմը` առաջնային դիտարկելով 65-ից բարձր տարիքի կադրերի փոխարինումը երիտասարդներով: Միաժամանակ կատարվել է նախկին տարիներին հատկացված տեղերի եւ փաստացի ընդունելության արդյունքների վերլուծություն: Նախագծով առաջարկվում է ասպիրանտուրայի առկա եւ հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերի բաշխումը վերապահել ԿԳՄՍ նախարարությանը` հաշվի առնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի եւ գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը: Առաջնահերթությունը կտրվի մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր ստացած դիմորդներին` ըստ առավելագույն գնահատականի՝ անհրաժեշտության դեպքում պահպանելով ՀՀ կառավարության՝ 2016թ. փետրվարի 25-ի N 238-Ն որոշման պահանջները:

 

 

 

1005 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 1005 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 188 446 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 828 159, վերջին մեկ օրում` 5525 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 13976 պացիենտ. մեկ օրում ավելացել է 549-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 170 160 անձ, վերջին մեկ օրում՝ 433 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3434 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 876 է:

 




Լրահոս