«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասան Հայկ Չոմոյանի հետ տեւական դադարի, չնկարահանվելու պատճառների մասին եւ ոչ միայն:
-Հա՛յկ, այս պահին ինչո՞վ եք զբաղված: Նոր ֆիլմերում կամ նախագծերում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք:
-Այս պահին ես գտնվում եմ վերականգնողական փուլում, ցավալի դեպքերի հետ կապված, պարզապես անունը չեմ ցանկանում նշել, չեմ ցանկանում այն նորից ներխուժի մեր կյանք: Այսօր օրվա մեծ մասն անցկացնում եմ թատրոնում: Ֆիլմերում, հեռուստասերիալներում կամ, մեծ նախագծերում նկարահանվելու առաջարկներ չունեմ. ինչո՞ւ եմ ընդգծում մեծ. քանի որ փոքր նախագծերում մասնակցելու հրավերներ ունեմ: Վերջերս հանդիսատեսին ներկայացրեցի իմ երգի նոր տեսահոլովակը: Իսկ ինչո՞ւ է ինձ մոտ տեւական դադար, ինչո՞ւ ինձ չեն հրավիրում. կարծում եմ՝ դա կապված է կորոնավիրուս համավարակով պայմանավորված սահմանափակումների հետ, համենայնդեպս, ես այդպես եմ մտածում:
-Ձեր հայտնիությունից օգտվո՞ւմ եք:
-Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դարերից եկած այդ ազնիվ մասնագիտությանը անվանում են «դեռասան», ինձ համար այնքան էլ հետաքրքիր եւ ոգեւորող չէ: Ես իհարկե չեմ օգտվում՝ չհաշված այն դեպքերի, երբ լինում եմ հասարակական վայրերում, իսկ ես նման վայրերում աշխատում եմ շատ քիչ լինել վերջին շրջանում: Եղել են դեպքեր, երբ ինձ ճանաչողները մոտեցել եւ ցանկացել են ինձ հետ լուսանկարվել, ես սիրով ընդունել եմ՝ հաճույք պատճառելով ե՛ւ իրենց, ե՛ւ ինձ:
-Իսկ ինչո՞ւ եք խուսափում հասարակական վայրերում հայտնվելուց:
-Մենք ապրում ենք փոքր երկրում, ես աշխատում եմ պահել դերասան-հանդիսատես շփման դեֆիցիտը: Ինձ համար դերասան-հանդիսատես շփումը չպետք է հաճախակի լինի:
-Հա՛յկ, եթե ոչ դերասան, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեինք:
-Հաշվի առնելով, որ մարդու օրգանիզմն ունի բոլոր հնարավորություններն ու նախադրյալները սովորելու, ապա ես բոլոր մասնագիտություններում էլ կարող եմ ինձ տեսնել, այնպես որ խնդիր չեմ տեսնում: Եթե ես մշակույթի ոլորտում չգտնեի իմ տեղը, չեմ կարծում, որ կդժվարանայի մի ուրիշ մասնագիտության կամ արվեստի ուրիշ ճյուղի մեջ ինձ գտնել:
-Դերասանական կարիերայի հետ կապված Ձեր վախը:
-Ես ընդհանրապես չգիտեմ, թե ինչն է կոչվում վախ, դեռ չեմ հասցրել ապրել այդ զգացողությունը: Իրականում մտավախություն ունեմ ինձ հարազատ մարդկանց հիասթափեցնելու հարցում: Ես ինքս, ցավոք սրտի, ապրել եմ այդ զգացողությունը, ապրել եմ այն մարդկանց կողմից, ովքեր ինձ հետ շփվել են միայն շահադիտական, փառասիրական մղումներից ելնելով, բայց, փառք Աստծու, իմ մեջ ունեմ ուժը դրանք հաղթահարելու համար:
-Վերաբերմունք, որ Ձեր հանդեպ չեք հանդուրժի:
-Չեմ կարող հանդուրժել եւ իմ կյանքում տեղ տալ այն մարդկանց, ովքեր ինձ հետ շփվում են միայն սնապարծության համար: Դա նկատելը շատ հեշտ է, եւ նման մարդկանց հանդուրժել պարզապես չի կարելի:
-Որտե՞ղ պետք է դրսեւորվի տղամարդու ուժը:
-Տղամարդու ուժն ամեն վայրկյան պետք է երեւա:
-Պատերազմը բոլորիս կյանքը փոխեց, ստիպեց վերաարժեւորել եւ գնահատել կյանքը, այն ամենը, ինչ թանկ է մեզ համար: Ձեր մեջ ի՞նչն է փոխվել՝ հաշվի առնելով, որ Դուք մասնակցել եք պատերազմին ու վիրավորվել:
-Այն, ինչ որ տեղի ունեցավ մեր ազգի համար, շատ մեծ ցավ էր: Ավել ոչինչ չեմ կարող ասել:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ Է ԾՐԱԳՐԵԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականին ավարտին կհասցվեն Սյունիքի մարզի Բնունիս համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք ընթանում են երեք տարի:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագետ Գայանե Նազլուխանյանը:
Նրա խոսքով՝ 2022 թվականին նախատեսում են վերականգնել Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցին, Քոբայրավանքի սեղանատունը, Սանահինի վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքները, Մարմաշենի վանական համալիրի կառույցների ցամաքուրդային համակարգը, Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու եւ գավթի տանիքածածկերը: Անհրաժեշտ է նորոգել նաեւ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, քանի որ այն հուշարձան-շենք է, եւ այնտեղ փլուզումներ են եղել:
«Վերոնշյալ հուշարձանները նորոգվելու են հաջորդ տարի, քանի որ դեռ չկա հուշարձանների փորձաքննության թարմացված եզրակացությունը: Օրենքով պահանջվում է երեք տարին մեկ փորձաքննությունը թարմացնել: Վերոնշյալ ցանկում ներկայացված ոչ մի հուշարձան չունի նոր փորձաքննություն, ուստի 2021-ին նշված հուշարձանների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության ձեռք բերման համար կհայտարարվի մրցույթ, իսկ արդեն 2022 թվականին դրանք կներառվեն պետական ծրագրում»,-շեշտել է նա:
Անդրադառնալով Շիրակի մարզի Հոռոմ համայնքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն՝ Նազլուխանյանը տեղեկացրեց, որ 2020-ին դադարեցրել են հուշարձանի վերականգնման գործընթացը, որովհետեւ եկեղեցու սրահի սալահատակը նորոգելու համար քանդելու ընթացքում հայտնաբերվել են ավելի վաղ շրջանի եկեղեցու հիմքեր:
«Անհրաժեշտ էր դադարեցնել վերանորոգումը, որպեսզի հայտնաբերված եկեղեցու ամրակայման եւ պահպանման համար նոր նախագիծ պատվիրվի: Մինչեւ նախագիծը չլինի, այն հնարավոր չի լինի վերականգնել: Մենք լուրջ ենք մոտենում այդ խնդրին, չենք փակում հուշարձանը, ինչպես ժամանակին է արվել: Կամրակայենք վաղ շրջանի կառույցը եւ վրան սալահատակ չենք անի, այլ թափանցիկ հատակ, որ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու այցելուները տեսնեն՝ կա վաղ շրջանի հուշարձան, որի վրա կառուցվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին»,-ընդգծել է Գայանե Նազլուխանյանը:
ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ
Անգլիայի ու Ալբանիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպման անցկացումը վտանգված է անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով: Խաղը նախատեսված է անցկացնել մարտի 28-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: «Երկրի ոստիկանությունը մեզ տեղեկացրել է, որ նրանք չեն կարող երաշխիքներ տալ թիմերի անվտանգության ապահովման հարցում: Շարունակում ենք կապ պահպանել համապատասխան մարմինների հետ: Ալբանիա-Անգլիա խաղի չեղարկումը ողբերգական հետեւանք կունենա մեր երկրի իմիջի, Ալբանիայի հավաքականի ու ալբանական ֆուտբոլի համար»,-ասվում է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում անգլիացիները 5:0 հաշվով հաղթել էին Սան Մարիոնոյին, իսկ Ալբանիայի հավաքականն ուժեղ էր գտնվել Անդորրայից՝ 1:0:
ԳՐԱՆՑՎԵԼ Է
Իտալական «Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին պաշտոնապես գրանցվել է որպես ֆուտբոլային գործակալ: 2020 թվականի հունիսին Տոտին սկսեց ներկայացնել Սիմոն Բոնավիտայի շահերը, ով համարվում է «Ինտեր»-ի ակադեմիայի ապագա աստղերից մեկը: 17-ամյա երիտասարդը դարձել է CT10 ընկերության առաջին հաճախորդը: Տոտին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում իր նորամուտը նշել է 1992/93 մրցաշրջանում՝ 16 տարեկան հասակում: 25 մրցաշրջանների ընթացքում նա 786 խաղում դարձել է 307 գոլի հեղինակ:
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է
Մունդիալ-2022 թվականի ընտրական փուլի մեկնարկային տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Լիխտենշտեյնին եւ հաղթել նվազագույն՝ 1-0 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում Ալեքսանդր Կարապետյանն ու Սարգիս Ադամյանն իրենց 20-րդ հանդիպումն անցկացրին, իսկ Հովհաննես Համբարձումյանը՝ 40-րդ։ Հայաստանն այժմ Գերմանիայի ու Ռումինայի հետ խմբի առաջատարներից է: J խմբում ընդգրկված են Հայաստանի, Իսլանդիայի, Գերմանիայի, Հս. Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Ռումինիայի հավաքականները։