ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Քոչարյանին առաջադրված մեղադրանքն անվավեր ճանաչվել. ՍԴ որոշման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ ի վերջո հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչելու մասին որոշումն ամբողջությամբ։

Սահմանադրական դատարանի որոշումը կազմված է 42 էջից եւ մանրամասը նկարագրված է, թե ինչու են նման որոշման հանգել:

Մասնավորապես,  Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով  Օրենսգրքի 300.1-ին հոդվածը բլանկետային հղմամբ վկայակոչում է իր ընդունման պահին գործած, սակայն կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը, խնդրահարույց է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ հնարավորություն չի
տալիս անձին հստակ պատկերացում կազմել օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազմի բաղկացուցիչ տարրերի մասին և հստակ կանխատեսել, թե իր ո՞ր գործողությունները (անգործությունը) կառաջացնեն քրեական պատասխանատվություն:

Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է նաև համաչափության սահմանադրական սկզբունքին: Այն ամրագրված է Սահմանադրության 78-րդ հոդվածով, որի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։

Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։

Հավելենք, որ կիրակի օրն Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանչելու որոշմանը, Փաշինյանն ասել էր. «Սահմանադրական դատարանի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս