ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱԼԸ ՍԽԱԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իշխանությունների հայտարարությանը զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումն» իր հետագա պայքարը բաժանում է երեք պայմանական փուլի` մինչ վարչապետի հրաժարականը, հաջորդող երկու շաբաթներն ու դրանից հետո: Այս մասին  Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի հարեւանությամբ հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Շարժման գործողությունների երկրորդ փուլը, ըստ դաշնակցական Սաղաթելյանի, Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու դեպքում վարչապետի դե յուրե հրաժարականը դե ֆակտո դարձնելն է: Ընտրությունների անցկացման համար վարչապետի հրաժականն է պետք, իշխանություններն արդեն հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար կլինի, մինչեւ նոր ընտրություններ լինեն. «Պետք է այդ դե յուրե հրաժարականը դարձնենք դե ֆակտո, եւ այդ օրերի ընթացքում հեռացնենք»:

 

«Հայրենիքի փրկության շարժման» անդամ որոշ ուժեր չնայած արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, շարժման վարչապետի թեկնածուն շարունակում է մնալ Վազգեն Մանուկյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Այսօր էլ նա պնդեց՝ վարչապետը ուժ է կիրառում իշխանությունը պահելու համար, ուժին պետք է հակադրել ուժով, խաղաղ ցույցերով դա չի անցնի:

Ընդդիմության պայքարի եւ հետագա քայլերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

-Ես իմ անձնական կարծիքն եմ ասելու: Ես գտնում եմ, որ ընտրություններրի գնալը սխալ է, շատ վաղ է: Ընտրությունների պետք է գնալ ու ժամկետների մասին խոսել միայն մեկ դեպքում՝ երբ վարչապետը հրաժարական տա:

-Եթե որոշվեց, որ ընտրություններ են լինելու, եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունն էլ որոշի, որ մասնակցելու է, Դուք անձամբ որեւէ նեգրավվածություն կունենա՞ք:

-Պարտադիր ունենալու եմ, բայց նորից եմ ասում, որ, իմ կարծիքով, այս պահին ընտրությունների գնալը սխալ է:

-Ինչո՞վ պայմանավորված, միայն վարչապետի ֆակտո՞րն է Ձեզ համար անընդունելի:

-Ե՛վ վարչապետի լինելու ֆակտորով, ե՛ւ ընդհանուր այն վիճակով, որ մեր քաղաքացիների մեջ կա: Մեր քաղաքացիները այսօր մեծամասամբ պատրաստ չեն ընտրությունների գնալու, եւ նման ձեւով ընտրությունների գնալը կարող է հանգեցնել բախումների, որը մեզ պետք չէ, ու պետք չի  էլ լինելու, որ բախումներով ընտրություններ անենք: Ընտրությունների պետք է գնալ, երբ լինի որոշակի համախմբվածություն, որոշակի հստակ նպատակ երկրի զագացման, ժողովրդի վիճակի բարելավման: Եթե հստակ նպատակ չկա, ու միավորված կառույցները չեն աշխատում, ուրեմն ընտրության գնալը սխալ է:

-Պարո՛ն Ավետիսյան, ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է գնա միանյա՞կ, թե՞ դաշինքով:

-Անկեղծ ասած, կարծում եմ, որ հիմա հրամայական է, որ շատ մեծ դաշինք լինի: Այսինքն՝ ոչ թե աթոռների համար գնանք ընտրության, այլ երկիրը փրկելու համար: Հետո ով ինչ պաշտոն կստանա, ինչ աթոռ կստանա,  արդեն հետագայի գործ է:

-Իսկ ո՞վ  պետք է լինի Ձեր ասած մեծ դաշինքի վարչապետի թեկնածուն:

-Դրա մասին խոսելը շուտ է, բազում թկենածուներ կան, հարկավոր է ընտրել լավագույնին:

-Օինակ՝ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին տեսնո՞ւմ եք որպես թեկնածու:

-Կրկնում եմ՝ բազում թեկնածուներ կան, բայց պետք է ընտրել լավագույնին:

-Դուք Ձեզ համարո՞ւմ եք այդ լավագույն թեկնածուն:

-Ես ինձ չեմ համարում, որովհետեւ ամեն մարդ ինքն իր մեջ կհասկանա, թե ինքը կարող է, թե ոչ:

-Իսկ Ձեզ համար ո՞վ է լավագույնը:

-Ինձ համար դեռեւս չեմ ընտրել, թե ով է լավագույնը: Պարզ կլինի, թե ինչպիսի դաշինք կլինի, եւ երբ կգնանք ընտրությունների: Մինչեւ այդ հարցերի պատասխանն ինձ մոտ հստակ չլինի, ես չեմ կարող որեւիցե  մեկի անունը տալ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԼԻԴԵՐՆԵՐԸ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս շաբաթ նախատեսված է ընդդիմության լիդերների հավաք, օրը դեռեւս հստակեցվում է, հարմարեցվում օրվա օրակարգին: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ նախատեսվում է քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցելու ձեւաչափը, քանի որ դեռեւս այդ հարցում լիդերները որեւէ հստակություն չունեն:

 

Հիշեցնենք, որ լիդերների հանդիպումներին ներկա են գտնվում ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` վերջիններս շունչները պահած սպասում են, թե հայրենի իշխանությունները Ընտրական օրենսգրքում ինչ փոփոխություններ կիրականացնեն, քանի որ ընդդիմության առաջնորդները կտրականապես դեմ են ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելուն:

Եթե վարկանիշային ընտրակարգը հանվի «Ընտրական օրենսգրքից», ու համամասնական ընտրակարգով գնան ընտրությունների, ապա ՀՓՇ-ն այլ օրակարգով է պատրաստվում գնալ ընտրությունների: Հնարավոր է՝ լիդերները միավորվեն ու մեկ դաշինքով գնան ընտրությունների` բացառապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, որն ի սզբանե հայտարարել է, որ ինքը միայնակ է պատրաստվում գնալ ընտրությունների:

Անորոշության մեջ է շարունակում լիդերներին պահել նաեւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, որը մինչեւ հիմա իր խաղաքարտերը չի բացել ընտրությունների մասով. ներսում հայտարարում է, որ ընտրությունների չի գնալու, իսկ իր ամենամտերիմ մարդկանց ասում է, որ կգնա միայնակ՝ առանց որեւէ դաշինքի: Հիմա այս հանդիպմանը լիդերները պատրաստվում են հստակություն մտցնել իրենց ներսում՝ պարզելու բոլորի մտադրությունները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՆԴԱՏԻՑ

ArmLur.am-ի տեղեկութուններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: ArmLur.am-ի տեղեկություններով՝ պատգամավորը պատրաստվում է առաջիկա օրերին տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարություն: Մասնավորապես, նա նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղակալ: Նշենք, որ տեւական ժամանակ է՝ Սուրեն Գրիգորյանն ամեն ինչ անում էր Ռուստամ Բադասյանի աչքին բարձրանալու համար, որպեսզի նման պաշտոն ստանար: Հավելենք, որ Բադասյանի կողմից խորհրդարան բերվող գրեթե բոլոր օրինագծերին Սուրեն Գրիգորյանը մշտապես «դաբրո» է տվել: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սուրեն Գրիգորյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

 

 

 

ՀԱՐՑԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` գլխավոր դատախազությունն ընթացք կտա Բարձրագույն դատական խորհրդի դիմումին դատավոր Մհեր Պետրոսյանի մասով: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ԲԴԽ-ն դատախազին հասցեագրած դիմումում գրել է, որ դատավոր Պետրոսյանը  ԲԴԽ-ի հետ քննարկման ժամանակ ասել է, որ իրեն անհանգստացրել են մամուլի հրապարակումները, որ իրեն «նստեցնելու» են: Այս կապակցությամբ իրավապահները դատավորի գործով նաեւ կուսումնասիրեն մամուլի հրապարակումները՝ պարզելու համար, թե որտեղից են նրանք տեղեկություններ ստացել, որ դատավորին «կնստեցնեն»: ArmLur.am-ը գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է ԲԴԽ-ի դիմումը, հանրային կապերի բաժնից հայտնեցին. «ԲԴԽ-ի դիմումը ՀՀ դատախազություն մեր կողմից ուղարկվել է ՀՀ քրեական ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու հանձնարարությամբ: Դրա արդյունքներով պայմանավորված՝ կլինի քրեադատավարական վարույթի հարուցումը»:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումը, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում: «Կայացած քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի պատճենը ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,- հայտնում են ԲԴԽ-ից:

 




Լրահոս