Այժմ տարածաշրջանը թեւակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը: Երեկ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը՝ ներկայացնելով 2020թ. կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցը։
Այվազյանն ընդգծեց՝ զարգացումներն ի ցույց դրեցին, որ կարիք կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների եւ տարրերի հիման վրա: Նախարարը հայտնեց, որ պատերազմից հետո Հայաստանի արտգործնախարարությունը ձեռնամուխ է եղել ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի մոտեցումների մշակմանը, որոնք առաջին անգամ համապարփակ կերպով ներկայացվել են դեկտեմբերի սկզբին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ։
Արցախի կարգավիճակի որոշում
Այդ մոտեցումները, ըստ Այվազյանի, ենթադրում են Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա, վերջերս տեղահանված բնակչության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանությունը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմի առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում նաեւ Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը՝ միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ:
«Ադրբեջանի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման խոչընդոտումը խստագույնս դատապարտելի է, եւ ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով հումանիտար խնդիրների թեթեւացման ուղղությամբ», – նշեց Այվազյանը:
Արտգործնախարարը նաեւ նշեց, որ ԱԳՆ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության հարցը: Այս առնչությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել եւ շարունակվում են իրականացվել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում:
Այվազյանը ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը, եւ Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ:
Այս ուղղությամբ կարեւոր ձեռքբերում կարելի է համարել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ՀՀ հեղինակած ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ նոր բանաձեւի կոնսենսուսային ընդունումը։
2020-ին Հայաստան է վերադարձել 14 հազար 564 ՀՀ քաղաքացի
«2020-ը Հայաստանի անկախությունից ի վեր թերեւս ամենածանրն էր՝ պայմանավորված գլոբալ եւ տարածաշրջանային հայտնի իրադարձություններով»,- ասաց ԱԳ նախարարը՝ շարունակելով. «Մի կողմից՝ COVID-19-ը, մյուս կողմից՝ ադրբեջաթուրքական ագրեսիան նոր ծանր մարտահրավերներ ստեղծեցին ողջ պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ արտաքին քաղաքական գերատեսչության համար, եւ դրանց հետեւանքների հաղթահարումը էապես ձեւավորեց աշխատանքների օրակարգը»։
«COVID-19 նոր տիպի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` ԱԳՆ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ եւ դեսպանությունների ջանքերով ձեռնարկել է արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին տեղում աջակցելու եւ վերջիններիս անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու օպերատիվ աշխատանքներ, ինչի արդյունքում Հայաստան է վերադարձել 14 հազար 564 ՀՀ քաղաքացի, որոնցից 2 հազար 254-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար հիմունքներով», – ասաց Այվազյանը:
Ն.Հ.
ՄՇՏԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ
«Իր հրաժարականի մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Վլադիմիր Պուտինի հետ։ Շփումներն իրականանում են մշտական ռեժիմով»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ապրիլին հրաժարական տալու մտադրության մասին։
ՆԻՍՏ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: «Մեր այն սպասումը եւ կանխատեսումը, թե նոր տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տեւելու է, ըստ էության, արդարացան եւ արդարանում են, եւ հիմա ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Նոր հանգամանքը, որ ի հայտ է եկել, պատվաստանյութերի կիրառումն է, եւ մենք այսօր կքննարկենք այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում եւ մեր անելիքները, մասնավորապես՝ պատվաստման քաղաքականությունը, պատվաստանյութերի ձեռքբերման առումով մեր պայմանավորվածությունները, հետագա քայլերը»,-նշել է Ն. Փաշինյանը: Նա հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես՝ փակ տարածքներում եւ հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ եւ կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա:
150 ՏՈՒՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Արցախի Կարմիր Շուկա բնակավայրում նախատեսվում է կառուցել 150 տուն: Այս մասին տեղեկացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: «Համայնքապետի խոսքով՝ բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմեր ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման եւ այլ արտադրամասեր։ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։ Շրջակա գյուղերի շատ ընտանիքներ էլ ցանկություն են հայտնել տեղափոխվել Կարմիր Շուկա, որովհետեւ, բացի աշխատատեղերից, այստեղ կա մանապարտեզ եւ նոր կառուցված դպրոց։ Պատերազմի հետեւանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ: 15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիքն է փոխվել, 65-ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել: Նախատեսվում է գյուղում կառուցել 150 տուն»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՄՈՐԱՔՈՒՅՐԸ
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե երեկվա հանրահավաքից հետո Երեւանի կենտրոնում հարձակվել են իր հորաքրոջ, եղբոր եւ հորեղբոր որդու վրա, ապա բերման ենթարկել: Armlur.am-ը տեղեկացավ, որ Սաղաթելյանի հորաքույրը ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, դասախոս Ռիտա Սաղաթելյանն է: Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի նոյեմբերին, երբ ԵՊՀ դասախոսների հանդիպումն էր տեղի ունեցել ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ, վերջինս շատ կոպիտ էր խոսել Ռիտա Սաղաթելյանի հետ: Հարցը դուր չէր եկել Հարությունյանին, ինչի համար վերջինս ընդհատել ու սկսել էր վիճաբանել դասախոսի հետ:
Այդ հանդիպման ժամանակ ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյանը նախարարին հիշեցրել էր, թե, նրա խոսքով, հայոց լեզուն ոչ պարտադիր դարձնելով՝ դասախոսները կոռուպցիոն որոշ հնարավորություններից զրկվում են, իսկ վերջերս էլ հայտարարել է, թե նախորդ կառավարությունից բավականին քրեական գործեր ունի հավաքած:
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՑ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ոսկեհատ գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդու կողմից Արարատի մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Ոսկեհատ գյուղի բնակիչը 2020թ. հուլիսի 18-ին Էջմիածին քաղաքի սրճարաններից մեկում նախկինում ունեցած անձնական հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակչի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող միակողմանի սուրսայր եւ երկկողմանի սուր եզր ունեցող դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս ձախ գոտկային շրջանին՝ պատճառելով ձախից գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի, փայծաղի վնասվածքի եւ սուր ներքին արյունահոսության ձեւով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ոսկեհատ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: